Արմավիրի մարզում, հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժին, և հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Մինչ բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում վիրավորին, Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են նրա ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Իգոր Բ․-ն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 22։50-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Վահրամ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է թիվ 18 հասցեի դիմաց կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Սուրեն Ա.-ին պատկանող Ford մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո Վահրամ Մ.-ի և Սուրեն Ա․-ի միջև առաջացել է վիճաբանություն, որին միացել են նաև Իգոր Բ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 40-ամյա Կյուրեղ Գ․-ն, 41-ամյա Հայկ Խ․-ն և 34-ամյա Ռաֆիկ Ա․-ն։ Վերջինս եղել է իր կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, ինչպես նաև Վահրամ Մ.-ի որդին՝ 22-ամյա Սամվել Մ.-ն։
Վերջիններիս միջև սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ, ըստ ստացված օպերատիվ տվյալների՝ Վահրամ Մ․-ն իր մոտ եղած պտուտակահանով անկանոն շարժումներ կատարելու ընթացքում հարվածել է Իգոր Բ․-ին, պատճառելով մարմնական վնասվածք։
Քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են պտուտակահանը, իսկ ավտոմեքենաներն էլ քննիչի հանձնարարականով են տեղափոխվել Ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի փաստով՝ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի հանգամանքները պարզվում են, ինչպես նաև՝ արդյո՞ք կռվին այլ մասնակիցներ եղել են, թե՞ ոչ։