ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը 2022 թվական հայտարարատու տարում հայտարարագրել է մեկ շինություն։ Այն, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն է, որը դեռեւս չի ստացել իրավունքների պետական գրանցում: Շինությունը գտնվում է Երեւանի Արաբկիր վարչական շրջանում, որը 2017 թվականին նվիրատվություն է ստացել. թե ումից, նշված չէ:
Նա հայտարարագրել է 2 մարդատար ավտոմեքենա՝ 2005 թվականի արտադրության MERCEDES-BENZ, որը ձեռք է բերվել 2017 թվականին, եւ 2013 թվականի արտադրության LEXUS, որը ձեռք է բերել 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո:
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 952 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 25 մլն դրամ եւ 59 հազար դոլար: Պատգամավորի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 370 հազար դրամ, որից 10 մլն 281 հազարը աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է ՔՊ-ական այն պատգամավորների ունեցվածքին, ովքեր հեղափոխությունից հետո կարողացել են ավելացել իրենց կարողությունը։
Սարգսյանի կինը՝ Օլյա Հայրապետյանը, հայտարարագրել է 10 մլն 300 հազար դրամ եւ 25 հազար 500 դոլար կանխիկ գումար, իսկ նրա բանկային դրամական հաշիվների մնացորդները կազմել են 397 հազար դրամ:
Օլյա Հայրապետյանը ստացել է 955 հազար դրամ տարեկան եկամուտ, «ԿԻԵՎ» ՍՊԸ-ից, որպես աշխատանքի վարձատրություն՝ 831 հազար դրամ, իսկ «ՍՎԵՏԼԼԱՆՆԱ» ՍՊԸ-ից՝ 124 հազար դրամ՝ որպես ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ: Այսինքն՝ «ՍՎԵՏԼԼԱՆՆԱ» ՍՊԸ պատկանում է Սարգսյանի կնոջը. այն զբաղվում է մանրածախ առեւտրով: Կազմակերպությունը գրանցված է այն հասցեում, որտեղ գրանցված է նաեւ Օլյա Հայրապետյանը:
Հիշեցնենք նաեւ, որ Հայկ Սարգսյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման եւ 8-րդ գումարման պատգամավոր:
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր դառնալուց հետո Հայկ Սարգսյանը հաճախ հայտնվել է հայաստանյան մամուլի քննադատության կենտրոնում։ Նրա մասին հրապարակումներում հաճախ նա ներկայացվում է որպես Նիկոլ Փաշինյանի «ախրանիկ» կամ «ջրի շիշ բռնող»:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում են ԿԳՄՆ-ից:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի միաձայն ձայներով՝ Արա Խզմալյանը ընտրվել է Մատենադարանի տնօրեն, եւ, ըստ օրենքի, նա երկու պաշտոնը համատեղելու իրավունք չունի:
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ Սարգիս Մարգարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Սյունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿՈՉԸ
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։
«Ավելի քան 7 ամիս առաջ ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստները փակեցին Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհը: Ատելությամբ լցված այդ վարքագիծը սննդի բացակայության եւ առողջապահական ծառայությունների հասանելիության խոչընդոտման պատճառով վտանգի տակ է դնում հարյուրհազարավոր մարդկանց կյանքը: Ադրբեջանի կառավարությունից պահանջում ենք անհապաղ դադարեցնել շրջափակումը եւ թույլատրել առաջին անհրաժեշտության ապրանքների տարանցումը։ Մենք չենք կարող լռություն պահպանել մարդկության դեմ հանցագործություն հանդիսացող այս վայրագությունների նկատմամբ»,- գրել է Կաստալդոն Twitter-ի իր միկրոբլոգում:
ՀՀ ԳՇ ՊԵՏԸ՝ ԱՄՆ-ՈՒՄ
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակին նվիրված համաժողովին։ Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետ, գեներալ Դանիել Հոկանսոնի, ԱՄՆ եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման եւ քաղաքականության հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի եւ Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի հետ:
ՔԱՂԱՔԸ՝ ԱՂԲԻ ՄԵՋ
Երեւանի վարչական շրջանները շարունակում են մնալ աղբի ու գարշահոտության մեջ: Օրեր շարունակ չեն դատարկվում աղբամանները, աղբը թափված է ամենուր, իսկ վարչական շրջանների ղեկավարները չեն էլ մտածում լուծել աղբահանության խնդիրները: Ամբողջ Երեւանով մեկ աղբակույտեր են, աղբամաններից աղբը դուրս է թափվում, այն էլ՝ տուրիստական այս թեժ շրջանում:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը ֆիքսել է Երեւանի Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում տիրող իրավիճակը:
Հուսով ենք՝ մի օր վարչական շրջանների ղեկավարները կվերանայեն իրենց գործելաոճը եւ հատուկ ուշադրություն կդարձնեն փողոցների մաքրությանը:
ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ
7 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ներկայացրել է 2022 թվականի հայտարարագիրը: Ըստ նրա հայտարարագրի՝ 2020 թվականին Ղազարյանը ձեռք է բերել նոր բնակարան Կոտայքի մարզի Առինջ գյուղում:
Նշված բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքով, իսկ ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 14 մլ 897 հազար դրամ, որը նշված հիփոթեքի գումարի մնացորդն է հայտարարատու տարում:
Ղազարյանը եկամտահարկի վերադարձի օրենքով Ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 757 հազար դրամ: Ղազարյանի ամուսինը՝ Դավիթ Բանուչյանը, որն աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում, 2021 թվականին գնել է մեքենա՝ 2015 թվականի արտադրության, MAZDA մակնիշի: Ամուսնու եկամուտները հաշվետու տարում կազմել են 19 մլ 111 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել ՔՊ-ական պատգամավորների ձեռք բերած տներին: Ղազարյանն այն անտուններից մեկն է, որը տան տեր է դարձել պատգամավոր դառնալուց հետո:
Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 441 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 660 հազար դրամ, որից 7 մլն 902 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմից:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ