Երեկ նախատեսված էր դատավորների ժողովը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորները պահանջ ունեին ժողովը դռնբաց անցկացնելու, որպեսզի լրագրողներն անձամբ տեսնեն, թե ինչպես է ընթանում ժողովը։
Ըստ դատական համակարգից մեզ հասած լուրերի՝ Մեսրոպ Մակյանի փոխարեն, ԲԴԽ անդամ են ամեն գնով ցանկանում տանել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանին, որի հայրը՝ էդիկ Հովհաննիսյանը, նախկինում աշխատել է ԱԱԾ-ում եւ եղել է Արմավիրի մարզի ԱԱԾ վարչության պետը: Բայց նրան ԲԴԽ տանելու հարցում մեծ ջանքեր է գործադրում ԲԴԽ-անդամ Արթուր Աթաբեկյանը, քանի որ Էդգար Հովհաննիայանն իր ընկերն է, Իսկ Աթաբեկյանն էլ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավոր, ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի քեռու տղան է։ Հիշեցնենք, որ Մեսրոպ Մակյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները հունիսի 16-ին դադարեցվել են՝ սեփական դիմումի համաձայն, եւ, ըստ այդմ, ԲԴԽ-ում առաջացել է դատավոր անդամի թափուր տեղ։ ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության օրակարգով, Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով, 2023թ. հուլիսի 19-ին՝ ժամը 16:00-ին, դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել։ Ինչպես պարզվեց, ծանուցումներ չեն ստանա Երեւանի քրեական դատարանի դատավորները, ինչն առաջին անգամը չէ։ Ապրիլի 7-ին հրավիրված դատավորների ընդհանուր ժողովին եւս Դատական դեպարտամենտը ծանուցագրեր ուղարկել է միայն Սնանկության դատարանի դատավորներին՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է ԲԴԽ-ում ապահովել նաեւ Սնանկության դատարանի դատավորների մասնակցությունը։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ, ԲԴԽ-ից ստացված պարզաբանման համաձայն, անհարժեշտ է ԲԴԽ-ում ապահովել մարզերից դատավորների մասնակցությունը, մինչդեռ ակնհայտ է, որ ԲԴԽ-ն խուսափում է Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների մասնակցությունից, քանի որ Երեւանում կան դատավորներ, որոնց կառավարել իշխանություններին չի հաջողվում, եւ նրանց՝ ԲԴԽ-ում հայտնվելը, մեղմ ասած, խնդրահարույց կլինի Կարեն Անդրեասյանի եւ իշխանությունների համար։ Ըստ այդմ՝ որոշել են մարզերից հեշտ ենթարկվող դատավոր ներառել ԲԴԽ կազմում։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել միայն մարզերի դատարանների դատավորներին ծանուցելու որոշումը եւ, որպես հետեւանք, ծանուցել բոլոր դատավորներին, որոնք համապատասխանում են ԲԴԽ անդամի պահանջներին, ինչպես նաեւ միջնորդել էր հայցի ապահովման միջոց կիրառել: Հայցը վարույթ է ընդունվել, հայցի ապահովման միջնորդությունը՝ մերժվել։
ԲԴԽ-ից տեղեկացել ենք, որ Դատական դեպարտամենտը ծանուցել է ԲԴԽ անդամի համար օրենքով սահմանված պահանջներին բավարարող 22 դատավորի՝ ՀՀ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից, որոնցից 19-ը դիմում են ներկայացրել՝ խնդրելով իրենց անունները չներառել քվեաթերթիկներում։ Միեւնույն ժամանակ, ներկայացվել է 3 դատավորի՝ բարեվարքության լրացված հարցաթերթիկ։ Ըստ այդմ՝ քվեաթերթիկներում ներառված է երեք դատավորի անուն՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։
Նիստն իսկապես թեժ է եղել. ժողովը հետաձգվել է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել 2023թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաեւ նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ.
«Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 637 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 273 քրեական վարույթ։
Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 164 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 64-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների եւ յուրացումների, 74-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաեւ հարկերից եւ տուրքերից խուսափումների, 19-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 7-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։
Թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 56 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 50-ը՝ թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման կամ իրացման, 15-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։ Նշված ժամանակաշրջանում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչության քննիչների վարույթում եղել են 1194 քրեական վարույթներ, որոնցից վարչության քննիչների կողմից նախաձեռնվել է 318 քրեական վարույթ, 78 քրեական վարույթ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 508 քրեական վարույթ, իսկ թվով 292 քրեական վարույթ փոխանցվել է 2022 թվականից:
Հաշվետու ժամանակաշրջանում քննչական գլխավոր վարչության վարույթում քննված քրեական վարույթներից դատարան է ուղարկվել 71 քրեական վարույթ` 117 անձանց նկատմամբ, կարճվել է 45-ը, 488 քրեական վարույթ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 90 քրեական վարույթ միացվել է վարչությունում քննվող այլ քրեական վարույթների, վարութային եւ ապացուցողական գործողություններն ավարտվել են 391 վարույթով, իսկ 109 քրեական վարույթների նախաքննությունը շարունակվել է:
Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված եւ քննված քրեական վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 15.679.975.057 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 11.567.717.001 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը` 1.315.460.972 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը` 2.796.797.084 ՀՀ դրամ:
Ընդ որում՝ նշվածներից նախաքննության փուլում վերականգնվել է պետությանը պատճառած վնասից 56.072.649 ՀՀ դրամը»:
ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՆՈՐ ԴԵՊՔ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սաջջադ Հասանի Ղուրխանչի Մողամադդամին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խախտելով «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, այն է` չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու` թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու թույլտվություն, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Աբոլֆազլ Սաիդի Մոհամմադի Լույեհի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մարիա Վիկտորի Շպեկի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, շահադիտական դրդումներով՝ գույքային օգուտ ստանալու մղումով, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Աբոլֆազլ Հոսեյն Քուզեգար Լալիմիի օժանդակությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել եւ իրացնելու նպատակով տեղափոխել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ:
Մարիա Վիկտորի Շպեկնին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խախտելով «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, այն է` չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու` թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու թույլտվություն, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Սաջջադ Հասանի Ղուրխանչի Մողադդամի եւ Աբոլֆազլ Սաիդի Մոհամմադի Լույեհի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, շահադիտական դրդումներով՝ գույքային օգուտ ստանալու մղումով, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Աբոլֆազլ Հոսեյն Քուզեգար Լալիմիի օժանդակությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել եւ իրացնելու նպատակով տեղափոխել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ:
4 անձ կալանավորված է, եւ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ