Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը: Ուշուիստ Ժիրայր Պետրոսյանը զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի:
Նա երկու հաղթական մենամարտ է անցկացրել և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտություն է կրել և բավարարվել բրոնզե մեդալով:
Այս մարզաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչ 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը մեկնարկում 2։0 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Մահար Ասադզադեի նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել է մրցակցին և լքել պայքարը:
Հայաստանի թիմի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը, 1500 մետր վազքատարածության որակավորման փուլում զբաղեցնելով առաջին տեղը, դուրս է եկել եզրափակիչ: Եզրափակիչ են դուրս եկել նաև մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը: Ավետիսյանը եզրափակիչ է դուրս եկել օղակների, իսկ Խաչիկյանը՝ նժույգ թափերի վարժությունում:
Իրենց ելույթներն արդեն ավարտել են հրաձիգներ Բենիկ Խլղաթյանն ու Զավեն Իգիթյանը՝ 10 մետր կրակոց ատրճանակ մրցումներում չկարողանալով հաղթահարել որակավորման փուլի արգելքը: 400 մետր վազքատարածությունում եզրափակիչ չի կարողացել դուրս գալ վազորդ Գայանե Չիլոյանը:
Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերին Հայաստանը մասնակցում է 14 մարզիկով: