Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը։ Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Սա արդեն պատերազմ է, պատերազմի շարունակություն պաշարման միջոցով, ապա դրա արդյունքում Արցախը դարձնելով մեծ համակենտրոնացման ճամբար՝ իրականացնելով ցեղասպանություն»,-շեշտել է Հարությունյանը:
Նա մեջբերել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որն արել է Բրյուսելում եռակողմ հանդիպումից առաջ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ՝ հայտարարելով, որ Զանգեզուրի՝ իր ձևակերպմամբ միջանցքը պետք է աշխատի Լաչինի միջանցքի տրամաբանության շրջանակներում։
«Առաջին փուլում դրա վրա ուշադրություն չենք դարձրել: Մենք մտածում էինք, որ հայտարարություն է՝ ճնշում գործադրելու Հայաստանի իշխանությունների վրա ՝ ստանալով առավելագույնը եռակողմ հայտարարության 9-րդ կետից, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, մանավանդ որ նշված էր Նախիջևանի և Ադրբեջանի հետ կապի մասին,բայց Ադրբեջանը հետագա իր վարքագծով, վարած քաղաքականությամբ կարևորում էր դա։ Կարող եմ նաև այսօր հայտարարել, որ Ադրբեջանը շարունակում է իր ճնշումներրը՝ առավելագույնը կորզելու։
Մենք պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին ինչ-որ տեղ նաև պատանդի կարգավիճակով պահելու ցանկություն ունի, զուգահեռ իրականացնելով ցեղասպանություն և ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների և միջազգային դերակատարների վրա Զանգեզուրի ճանապարհի առավել արտոնյալ տարբերակ ունենալու համար»,-մանրամասնել է Հարությունյանը։