ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՃՆՇՈ՞ՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում մամուլում պարբերաբար լուրեր են տարածվում այն մասին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ Արցախի անվտանգության խորհրդի նիստում տեղեկացրել է, որ որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առեւտուր անելու մասին:

 

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ավելի ուշ հերքել էր այս տեղեկությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշեց, որ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ ու հայտարարել, որ Ադրբեջանի կողմից լուրջ ճնշում կա՝ Աղդամի ճանապարհից օգտվելու համար, սակայն պատգամավորները կտրուկ դեմ են արտահայտվել դրան։

-Խորհրդարանական կուսակցությունների, խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպում է տեղի ունեցել, էլի խոսել ենք Արայիկ Հարությունյանի հետ, որտեղ ինքը, այո՛, այդ մասին խոսել է, որ Ադրբեջանի կողմից կա ճնշում եւ պահանջ՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի շահագործման վերաբերյալ, ինչին կոնկրետ մեր կուսակցության ղեկավարը որպես պատասխան հնչեցրել է, որ մենք դեմ ենք, եւ նաեւ մի տեսակ անլուրջ է այդ ամենը, եւ չկա որեւէ փաստաթղթավորված պահանջ: Այսինքն՝ որեւէ կերպ չձեւավորված եւ անհասկանալի խողովակներով հասնող պահանջներ են: Պետք չէ տրվել այդ ճնշումներին, սակայն որեւէ որոշում այս ձեւաչափով չէր կարող կայացվել, եւ, ի վերջո, որոշողը պետք է լինի իշխանությունը՝ երկրի նախագահը: Կարծես թե դրանից հետո որեւէ քննարկում տեղի չի ունեցել (համենայնդեպս, մենք տեղյակ չենք) ճանապարհի բացման վերաբերյալ, որովհետեւ դա մեկ հոգու կամքով չի կարող լինել, եւ չեմ կարծում, որ Արայիկ Հարությունյանը կգնա նման քայլի, քանզի ակնհայտ է, որ այդ դեպքում Արցախը կդառնա պաշարված ամրոց, եւ այլեւս արցախյան հիմնահարցը կմտնի փակուղի:

-Տիկի՛ն Հակոբյան, կառավարության վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեղեկություններ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը: Ի՞նչ տեղեկություններ ունեք, եւ ի՞նչ կարելի է ենթադրել այս հայտարարությունից առհասարակ: Արդյոք սա չի՞ նշանակում, որ այսկերպ ցանկանում են Արցախը հայաթափել:

-Իմ առաջին արձագանքը ելույթին քաոսային էր այն առումով, որովհետեւ ես չեմ պատկերացնում՝ կա արդյոք մեկ այլ երկրում ղեկավար, որը պարզապես ինֆորմացիայի կրիչ է կամ փոխանցող:  Այսօր իշխանությունը զաթված անձը ՀՀ-ում  քաղաքական եւ պետական գործիչ չէ, եւ ինչպիսին եղել է իր ողջ կյանքում՝ դեղին մամուլի կարկառուն ներկայացուցիչ, այնպես էլ մնացել է: Իր բոլոր ինֆորմացիաները օդում կախված լուրեր են: Եւ երբ որ երկրի վարչապետն է իրեն այդպես պահում, դա տարօրինակ է:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «Հյուրընկալվել եմ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան ն.գ. տիկին Քրիստինա Ալիսոն Քվինին։

 

Ներկայացրել եմ Հայաստանում եւ Արցախում առկա իրավիճակը, անվտանգային սպառնալիքներն ու մարտահրավերները։

Խոսելով Արցախում ստեղծված ծանր պայմանների մասին՝ ընդգծել եմ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն այլընտրանք չունի. այն միակ լուծումն է, որ կարող է կանխել ցեղասպանությունն Արցախում։ Անդրադառնալով Հայաստանի սահմաններում տիրող լարվածությանը՝ իմ անձնական օրինակով պատմել եմ, թե ինչպես ենք կրակոցների տակ անցկացնում գիշերները հայրենի Վարդենիսում։

Տիկին դեսպանին ներկայացրել եմ Հայաստանում ժողովրդավարության իրական պատկերն ու սպառնալիքները, մասնավորապես՝ թե ինչպես է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն «օկուպացրել» ՀՀ Ազգային ժողովը։ Անդրադարձել եմ նաեւ Հայաստանում քաղբանտարկյալների (օրինակ` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը) գոյությանն ու մարդու իրավունքների մյուս սպառնալիքներին։

«Կեղծ ժողովրդավարության վառ դրսեւորումներից են Երեւանի քաղաքապետի ընտրությունները, որոնք արդեն իսկ ընթանում են կեղծիքներով, քանի որ Հայաստանում իշխանական պաշտոնյաները, գրեթե առանց բացառության, մասնակցում են իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզարշավին. անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծվել Երեւանի քաղաքապետի մյուս թեկնածուների համար: Ընտրակեղծիքներն արդեն սկսվել են»,- ընդգծել եմ իմ խոսքում։

Հանդիպմանն անդրադարձել եմ նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին։

Շնորհակալ եմ դեսպան Քվինին հրավերի եւ իմ կողմից բոլոր բարձրացված հարցերը հետաքրքրությամբ լսելու համար»:

 

 

 

ԿՆՇԱՆԱԿՎԻ՞ ԴԵՍՊԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակվելու է Ռուսաստանում ՀՀ դեսպան:

Իշխանությունը պատրաստվում է հետ կանչել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին ու նրա պաշտոնին նշանակել պատգամավոր Գուրգեն Արսենյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այս առնչությամբ ասաց. «Ինձ համար դա չքննարկվող հարց է. օրը կգա, կհասկանանք: Ես հիմա երկրում չեմ, չեմ կարող որեւէ բան ասել»:

Հատկանշական է, որ Գուրգեն Արսենյանը մշտապես աչքի է ընկել իր հակառուսական սուր հայտարարություններով, քննադատել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խորացնելը ու կողմ է արտահայտվել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուն:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԸ ՆԻՍՏ Է ԱՐԵԼ

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ին կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ։ Այս մասին հայտարարություն է տարածել դաշինքը։

Նիստի քննարկման առանցքային թեման եղել է Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակը, հնարավոր հանգուցալուծումները։

Անդրադարձ է կատարվել նաեւ առաջիկայում կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին։ Խմբակցությունը որոշել է իր աջակցությունը հայտնել «Մայր Հայաստան» դաշինքին, որի քաղաքապետի թեկնածուն «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանն է։

Քննարկվել են նաեւ ԱԺ առաջիկա նստաշրջանի շրջանակներում խմբակցության հետագա անելիքները։

 




Լրահոս