Խորհրդարանականների մոտ ողջ սեպտեմբերը «հագեցած» կլինի գործուղումներով:
Սեպտեմբերի 4-7-ը Գերմանիա գործուղման կմեկնեն ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը և Քրիստինե Պողոսյանը: Իշխանական պատգամավորները Բեռլինում կմասնակցեն «Ճգնաժամին արձագանքելը եւ ժողովրդավարական կայունության ձեւավորումը, խորհրդարանների դերը» թեմայով քննարկմանը: Պատգամավորների գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կկատարի հրավիրող կողմը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 7-9-ը կգործուղվի Ֆրանսիա՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար, իսկ սեպտեմբերի 24-26-ը Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստի աշխատանքներին, կրկին՝ Փարիզում:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար ՔՊ-ական մյուս պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը սեպտեմբերի 13-16-ը կգործուղվի Փարիզ:
Ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանը ևս կգործուղվի Փարիզ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար:
Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը կկատարվի պետբյուջեի հաշվին:
Քրիստինա Մուշեղյան