«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունն իր քարոզարշավը կամփոփի այսօր երեկոյան՝ հանրահավաքով:
ArmLur.am-ի հետ զրույցում կուսակցության քաղաքապետի թեկնածու Արման Ղուկասյանն ասաց, որ վաղն առավել ակտիվ են լինելու տեղեկատվական դաշտում, բայց հատուկ միջոցառում չեն նախատեսում:
Ինչպես հայտնի է՝ վաղը իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը քայլերթ ու մեծ հանրահավաք է անելու, ըստ հավաստի տեղեկությունների, իշխող ուժը պատրաստվում է մեծ թվով վարչական ռեսուրս օգտագործել այդ օրը, որպեսզի մարդաքանակ ապահովի:
Անդրադառնալով սրան՝ Արման Ղուկասյանը շեշտում է, որ ողջ քարոզարշավի ժամանակ նկատել են, որ վարչական ռեսուրսի մեծ կիրառում կա.
«Օրինակ, մեծ թափով գործի են դրված թաղապետները, թաղապետարանի աշխատողները, քաղաքապետարանի աշխատողները, բացի սա՝ Տիգրան Ավինյանի նախընտրական պաստառներն անօրինական տեղերում են փակցված: Ես կոնկրետ վաղվա հանրահավաքի մասով տեղեկություն չունեմ, բայց, հաշվի առնելով նախորդ օրերի գործելաոճը, չեմ զարմանում, որ վաղն էլ են մարդկանց ներգրավելու քարոզարշավին»,-ասաց Ղուկասյանը:
Քաղաքապետի թեկնածուն, ամփոփելով ողջ քարոզարշավը, նշում է, որ ընդհանուր առմամբ քարոզարշավը դրական է գնահատում. «Մենք ակտիվ ենք եղել տեղեկատվական դաշտում, վարչական բոլոր շրջաններում եղել ենք, կենդանի շփումների ժամանակ նույնպես ակտիվ ենք եղել: Մենք ընտրությունների գնում ենք հաղթելու համար և վստահ ենք` «Հանուն սոցիալական արդարություն» կուսակցությունը լավ առումով անակնկալ է լինելու բոլորի համար, բոլորի համար մենք քաղաքական հակառակորդ ենք »,-եզրափակեց Արման Ղուկասյանը;
Քրիստինա Մուշեղյան