ArmLur.am-ը գրել էր, որ վաղ առավոտից կառավարական երրորդ շենքի բակը բազմամարդ է։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս կերպ քաղաքացիներն իրենց բողոքն էին արտահայտում։
Նախնական տվյալներով՝ բողոքի պատճառը եղել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների նվազման և որակի փոփոխությունը:
Շրջակա միջավայրի նախարարությունից ArmLur.am-ին տեղեկացրին, որ նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ իրենց բողոքն արտահայտող տնտեսվարողներին:
Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների հյուծման հետ կապված և ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդրման խնդիրների իրավակարգավորման նպատակով՝ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է նոր՝ «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող փակ շրջանառու համակարգ» հասկացություն, իսկ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է իրավական հիմք՝ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդրման կարգի սահմանման համար, որից եւ բողոքել են քաղաքացիները։
Քննարկման մանրամասների մասին ավելի ուշ ArmLur.am-ը կտեղեկացնի:
Մ.Ղ.