ԱՐՑԱԽՑԻ ԿԻՆԸ՝ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երբ արդեն օդային տագնապը միացված էր, իսկ հրթիռակոծությունը չէր դադարում, իրար խառնվեցի, չգիտեի՝ ում մասին մտածել, բոլորս ցրված էինք: Տղաներս ծառայում էին Պաշտպանության բանակում՝ պայմանագրային հիմունքով, եւ պատերազմի օրը սահմանին էին, աղջիկս համալսարանում էր, իսկ ես՝ աշխատանքի: Հեռախոսակապը միանգամից խափանվել էր, եւ ոչ մեկ ոչ մեկից տեղեկություն չուներ: Շատ անհանգիստ էի տղաներիս համար: 28 ժամ նրանցից լուր չունեի, իսկ ապաստարանում անընդհատ ստանում էինք վիրավորների եւ զոհերի մասին լուրեր: Շատ ցավոտ էր, երբ իմանում էիր, որ հարեւանի որդին, ամուսինը կամ հարազատներից մեկը զոհվել է»,- պատմում է արցախցի Ինգա Հարությունյանը:

 

Ինգա Հարությունյանի ամուսինը՝ Մհեր Եղիշեի Հարությունյանը, զոհվել է Արցախի առաջին պատերազմում: Ունի 3 երեխա՝ երկու որդի եւ մեկ դուստր: Տղաներն ամուսնացած են, ունեն երեխաներ եւ Ստեփանակերտում իրենց առանձին անկյունն ունեին: Ինքը՝ Ինգան, դաստիարակ էր, աշխատում էր ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզում:

«Երբ սկսվեց պատերազմը, մանկապարտեզում էի: Ամեն կերպ փորձում էինք հանգստացնել երեխաներին, որպեսզի շատ չվախենային: Տեղափոխեցինք նրանց ապաստարան, սակայն երբ արդեն մի քանի ծնողներ եկան իրենց երեխաներին տանելու, մյուսների մոտ խուճապն ավելանում էր: Դաստիարակներս կազմակերպեցինք ամեն մի երեխային տուն՝ ծնողներին հասցնել: Երբ արդեն բոլորին ճանապարհել էինք, արդեն հանգիստ էինք: Մենք էլ գնացինք մեր հարեւանի տան ապաստարան»,- պատերազմի մասին պատմում է տիկին Ինգան:

Ինչպես բոլորը, այնպես էլ Ինգայի ընտանիքը բռնի տեղահանվեցին Արցախից: «Սեպտեմբերի 25-ին բռնի տեղահանվեցինք մեր բնօրրանից: Ուղիղ 3 օր ՝անցանք այդ դժոխքի ճանապարհով շատ դաժան, անմարդկային ու նվաստացուցիչ պայմաններով, որոնց մասին խոսել չեմ ցանկանում: Ճանապարհին իմացանք բենզալցակայանի պայթունի մասին. դաժանությանն էլ չափ ունի: Սեպտեմբերի 27-ի գիշերը հասանք Գորիս: Մինչեւ լուսաբաց մնացինք այդտեղ: Ուզում եմ հոգաչափ շնորհակալություն հայտնել գորիսեցիներին, սյունեցիներին մեզ կարեկից եւ այդքան ջերմ ընդունելու համար: Ողջ կյանքս կհիշեմ նրանց ու նրանց բարի քայլերը: Աստված էլ իրենց միշտ հասնի»,- ասում է տիկին Ինգան:

Ինգան պատմում է, որ կնքահայրը զանգել եւ իր 11-հոգանոց ընտանիքին իրենց տուն է հրավիրել, տրամադրել իր բնակարանը, իսկ ինքը գնացել է մեկ այլ տեղ բնակվելու: Աբովյան քաղաքում՝ կնքահոր տանը, նրանք բնակվեցին 2 ամիս, մինչեւ կարողացան հարմար բնակարան գտնել:

«Ե՛ւ հայրենիք ենք կորցրել, ե՛ւ գերեզմաններ ու հիմա անորոշության մեջ չգիտենք՝ ինչ անել ու ինչ սպասել: 11 հոգով բնակվում ենք 3 սենյականոց տանը, 270 հազար տան վարձ ենք տալիս՝ չհաշված ամենօրյա ծախսերն ու կոմունալ վճարումները: Ստեփանակերտում, որպես ազատամարտիկի այրի, զինթոշակ էի ստանում, աշխատում էի, բայց հիմա ո՛չ թոշակ եմ ստանում, ո՛չ աշխատավարձ, իսկ պետության տված աջակցությունով հնարավոր է միայն գոյություն ապահովել: Փորձում ենք աշխատանք գտնել, որ կարողանանք գոնե ապրել»,- ասում է Ինգա Հարությունյանը:

 

 

 

ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 11-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

 

Նոյեմբերի 16-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը։ Այն կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ։ Փառատոնի անցկացմանն աջակցում են ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը։

 

Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին։ Մեծ կոմպոզիտորի անունը կրող փառատոնը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 16-ը։ Մեկ ամսվա ընթացքում կհրավիրվի 5 սիմֆոնիկ համերգ, որոնց ընթացքում կներկայանան անվանի մենակատարներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանը, Աստղիկ Սիրանոսյանը, ջութակահար Ստելլա Չենը, դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը։

Փառատոնի առանցքում լինելու են Խաչատրյանի ստեղծագործությունները։ Կհնչեն մեծ կոմպոզիտորի կոնցերտները, հատվածներ «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից, Թիվ 2՝ «Զանգով սիմֆոնիա»-ն եւ այլ սիմֆոնիկ ստեղծագործություններ։ Փառատոնային ծրագրում ընդգրկված է նաեւ ունկնդրի կողմից շատ սիրված «Սիմֆոնիկ ջազ «Խաչատրյան»» համերգը։ Կներկայացվի նաեւ Խաչատրյանի կինոերաժշտությունը. կհնչեն «Պեպո», «Գաղտնի առաքելություն», «Ծովակալ Ուշակով», «Անմար կրակը», «Ստալինգրադի ճակատամարտը», «Զանգեզուր» ֆիլմերի մեղեդիները։

Համերգները կղեկավարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը եւ նվագախմբի ընթացիկ համերգաշրջանի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերից Եվրոպական փառատոնների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։

Խաչատրյանի անվան փառատոնի համերգների ունկնդիրներին հնարավորություն կընձեռվի միանալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ հաջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությանը։ Ունկնդիրները, նվագախմբի գործընկերներն ու բոլոր բարեկամները իրենց նվիրատվություններով կկարողանան հոգալ արցախցի երեխաների ամենաառաջնային կարիքները եւ նպաստել, որ նրանց հասանելի լինեն սոցիալ-հոգեբանական, առողջապահական, երեխաների պաշտպանության, վաղ մանկական ուսումնառության եւ այլ ծառայությունները: Փառատոնի համերգների տոմսերը կվաճառվեն նվազագույն արժեքով՝ բոլորին քաջալերելով հաճախել համերգներին եւ ցանկության դեպքում հանգանակել հենց համերգասրահում  թե՛ կանխիկ եւ թե՛ անկանխիկ եղանակներով։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՌԱՋԱՏԱՐ

Հայաստանի շախմատի կանանց եւ տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Իսրայելի հետ եւ առավելության հասավ 3-1 հաշվով: Հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթեցին Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը: Միավորը կիսեցին Շանթ Սարգսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության առաջատարներից է:

Կանանց մրցաշարում Հայաստանի ընտրանին 3,5-0,5 հաշվով գերազանցեց Շվեյցարիային: Հայկական թիմի կազմում հաղթեցին Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը եւ Սուսաննա Գաբոյանը: Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը տեղի է ունենում նոյեմբերի 11-20-ը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38, իսկ կանանց մրցաշարին՝ 32 թիմ:

 

 

 

ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը Ուելսի եւ Խորվաթիայի դեմ երկու հանդիպումները կարեւորագույն եզրափակիչ է համարում:

«Բոլորս էլ գիտենք, որ մեծ շանս ունենք դուրս գալու խմբից: Եվ գիտենք նաեւ, թե ինչ մրցակիցներ են առաջիկա խաղի մրցակիցները: Լրջորեն ենք պատրաստվում առաջիկա հանդիպմանը: Բոլորս էլ գիտենք այդ խաղի նշանակությունը: Եթե հաղթենք Ուելսին, ապա Խորվաթիայի դեմ հանդիպումը մեծ եզրափակիչ կլինի մեզ համար, այդպես ասած` կյանքի խաղ»,- «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հարոյանը: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ուելսի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 18:00-ին: Իսկ նոյեմբերի 21-ին վերջին տուրում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում կմրցի Խորվաթիայի հետ:

 

 

 

ՀԵՌԱՑՐԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻՆ

«Ունիոն Բեռլինը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց Ուրս Ֆիշերին. հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։ 57-ամյա շվեյցարացի մասնագետը 2018թ. հուլիսից էր գլխավորում «Ունիոն Բեռլինը», որը նրա ղեկավարությամբ առաջին մրցաշրջանում նվաճեց Բունդեսլիգայի ուղեգիր։ Հաջորդ երեք մրցաշրջաններում «Ունիոն Բեռլինը» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի, Եվրոպայի լիգայի եւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Գերմանիայի ընթացիկ առաջնության 11 տուրից հետո «Ունիոն Բեռլինը» 6 միավորով վերջինն է։

 

 

 




Լրահոս