ՍԵՓԱԿԱՆ ՏՈՒՆ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախից բռնի տեղահանվածները եւս կարող են դառնալ սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցելու ծրագրի շահառու։ «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 28-ին՝ կառավարության Հումանիտար կենտրոնի ճեպազրույցի ժամանակ, տեղեկացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

 

Նրա խոսքով՝ ծրագրի շահառուները պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ, ամուսնական զույգ եւ սահմանամերձ բնակավայրերից որեւէ մեկում ձեռք բերեն կամ ունենան սեփականության իրավունքով հողատարածք, որտեղ հնարավոր կլինի կառուցել իրենց սեփական տունը:

Փոխնախարարը ներկայացրեց բնակարանային աջակցության պետական ծրագրերից մեկը, որը հնարավորություն է տալիս պետության ֆինանսավորմամբ եւ աջակցությամբ կառուցել սեփական տուն սահմանամերձ որեւէ բնակավայրում:

Ըստ նրա՝ պետք է սեփականության իրավունքով այդ հողատարածքը պատկանի շահառուներին, եւ նախագծման աշխատանքներն ավարտելուց հետո դրանք պետք է ներկայացվեն համապատասխան համայնքային կառույց, որտեղ, ըստ նախագծի, կտրվի շինարարական թույլտվություն:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ բանկը շահառուի հաստատումը պետք է ստանա պետական լիազոր մարմնից՝ Միասնական սոցիալական ծառայությունից: Այն տեղի է ունենում ինքնաշխատ եղանակով: Էլեկտրոնային հարցման միջոցով բանկն ուղարկում է հարցումը միասնականն սոցիալական ծառայություն, եւ այնտեղ արագ ճշտվում են դիմորդի տվյալները, ինչի արդյունքում հայտը կա՛մ հաստատվում է, կա՛մ մերժվում:

Նրա խոսքով՝ բանկի հետ պայմանագրի կնքումից հետո վարկավորումը փուլային եղանակով է ներկայացվելու. «Աջակցության չափը կազմում է 16 մլն դրամ, որի շրջանակում մեր քաղաքացիները կարող են նախագծել իրենց նախընտրելի սեփական տունը, բայց սա չի բացառում, որ կարող է լինել ավելի մեծ տարածքով՝ բնակմակերեսով նախագիծ, սակայն այդ դեպքում պետք է քաղաքացիներն իրենց կուտակած գումարները ներդնեն կամ վարկավորվեն նույն վարկի շրջանակներում: Այս դեպքում կարեւոր է քաղաքացու վարկունակության գնահատականը, որը կուսումնասիրի այդ բանկը,- տեղեկացրեց Դավիթ Խաչատրյանը եւ հավելեց:- Տասը տարվա գծով պետության կողմից կվճարվի հիփոթեքի մարումները: Խոսքը մայր գումարի՝ 16 մլն-ի մասին է եւ դրան գումարվող տոկոսագումարների, որոնք պետությունն ամբողջությամբ կվերցնի իր վրա»:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ այդ ծրագրով վարկավորման գործընթացները սկսվել են մայիս-հունիս ամիսներից, եւ  այս պահի դրությամբ վարկավորման ավելի քան 200 հաստատում կան բանկերի կողմից, եւ շատերն արդեն սկսել են շինարարությունը:

Հիշեցնենք, որ կառավարությունը հաստատել է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը, որը հնարավորություն է տալիս շահառուներին պետական աջակցությամբ կառուցելու անհատական բնակելի տուն սահմանամերձ 80 բնակավայրերում:

Պետության կողմից սուբսիդավորվող չափը վարկի մայր գումարի գծով կազմում է մինչեւ 16 միլիոն դրամ եւ դրա նկատմամբ հաշվեգրվող՝ մինչեւ 13 տոկոս տոկոսագումար: Այսինքն՝ եթե շահառուն բանկից ստանում է 16 միլիոն դրամ վարկ 13 տոկոսով, 10 տարի մարման ժամկետով, ինքը որեւէ պարտավորություն տվյալ վարկի շրջանակում չունի, ամբողջն իրականացնում է պետությունը: Եթե վարկի չափն ավելին է, տարբերության մասով ամսական վճարումներն իրականացնում է իր միջոցներով։

 

 

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԲՅՈՒՋԵՆ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը աշխատանքի առումով թերեւս ամենապասիվն է։ Աշխատակիցները հաճախ արշավների են գնում՝ ցույց տալու իրենց սերը բնության, նաեւ աշխատանքի նկատմամբ։ Շրջակա միջավայրի պաշտպանության համար բյուջեով հատկացված է 9 մլդ 395 մլն դրամ, իսկ Շրջակա միջավայրի նախարարության բյուջեի կատարողական հայտը կազմել է 6 մլդ 466 մլն դրամ։

Այսպիսով, ուշագրավն այն է, որ նախարարությունը արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության ծառայությունների համար վերջին մեկ տարվա ընթացքում ծախսել է 2 մլն 731 հազար դրամ։

Մեկ անձից գնված գնումները կատարվել են այնպիսի ընկերություններից, ինչպիսին է «Կվադրա-Իմպեքս» ՍՊԸ-ն, որը զբաղվում է «Կաֆֆա» սուրճերի վաճառքով։

Հաջորդը «Աստորիա-ինվեստ» ՓԲԸ-ն է, որը Առաջին տպարանի շենքի սեփականատերն է, որը Երեւանի քաղաքապետարանից 2016 թվականի հուլիսին ստացել էր նախագծման թույլտվություն այդ տարածքում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Մինչ շինարարության թույլտվություն ստանալը «Աստորիա-ինվեստ»-ը քաղաքապետարանից ստացել է այդ տարածքի «Բ» մասնաշենքի քանդման թույլտվություն, որն իրականացրել էր պայթեցնելու եղանակով: Այժմ այն մեզ հայտնի «Անի գրանդ հոթել»-ն է։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԿՓՈԽՎԵՆ

2023 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված որոշ դրույթների փոփոխություններ։

ՊԵԿ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ անշարժ գույքի վարձակալության հետ կապված՝ օրենսգրքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում սահմանվել է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։

Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում կգանձվի տուգանք 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը։

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ նշված պատասխանատվությունը կիրառելի չէ այն դեպքում, երբ անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ վարձակալության գործարքից ծագող իրավունքները չեն ստացել պետական գրանցում, սակայն անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ օրենսգրքով սահմանված ժամկետում հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն, կամ հարկ վճարողը անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից oրենսգրքով սահմանված կարգով հաշվարկել է եկամտային հարկը։

Հարկ է նկատի ունենալ, որ, առանց անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման, վարձակալությունից ստացվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկելը կամ անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հարկային մարմին հայտարարություն ներկայացնելը չի կարող հանդիսանալ վարձակալության հանձնված գույքի նկատմամբ որեւէ իրավունքի ճանաչման կամ վարձակալության գործարքը վավեր համարելու (ճանաչելու) հիմք:

 

 

 

ԿԱՆԳԱՌՆԵՐԸ՝ ԻՆՔՆԱՐԺԵՔԻՑ ԹԱՆԿ

Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ ընթացքի մեջ է «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքում եւ բնակավայրերում 24 կանգառի կառուցում» ծրագիրը, այդ նպատակով ավելի քան 49 միլիոն դրամ է ներդրվել։ Կանգառները կառուցվում են սուբվենցիոն ծրագրով, դրանում պետական բյուջեն ներդրել է ծրագրի արժեքի 45, իսկ Դիլիջան  համայնքը՝ 55 տոկոսը։ Մարզպետարանի տվյալներով՝  Դիլիջան  քաղաքի եւ այդ  համայնքի  բնակավայրերի  կանգառները գտնվում էին անմխիթար վիճակում, անվտանգության տեսանկյունից թերի  էին, իսկ  նոր  կանգառները ունեն  նոր, անվտանգ եւ ժամանակակից տեսք,  դրանք  կառուցվում են նորմերին եւ չափորոշիչներին համապատասխան։ Կառուցման աշխատանքները ավարտական փուլում են։ Փոքրիկ, ամբողջությամբ  փայտից սարքված կամ մետաղաթիթեղյա   ծածկ  ունեցող 24 կանգառի կառուցման, տեղադրման  համար հատկացվել  է ավելի քան 49 միլիոն դրամ, այսինքն՝ ամեն կանգառի համար՝ ավելի քան 2 միլիոն դրամ, մինչդեռ այդ փոքրիկ, հասարակ կառուցվածքով,  պարզ  տարրերով  կանգառները  կարելի է պատրաստել ու տեղադրել մի քանի հարյուր հազար դրամով։

 

 

 

ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՎՃԱՐԵԼ

ՀՀ կառավարությունը 2022 թվականի հուլիսի 14-ին ընդունել է N 1086-Ա որոշումը՝  ԿԳՄՍ նախարարության «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի վերակազմավորելու մասին։ Դրանով քոլեջը ստացել է  գյուղատնտեսական ուղղվածություն։ Իջեւան քաղաքում գործող այդ  քոլեջի տնօրեն Հայկ Բրուտյանը հայտնեց, որ կրթօջախն այժմ ունի 350 ուսանող։  Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցներով վերանորոգվել, գույքով հագեցվել է քոլեջի ճաշարանը։ Նույն հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է քոլեջի շենքի 3-րդ  4-րդ հարկերում գտնվող ուսանողական հանրակացարանը, ուր  բնակվում են Տավուշի մարզի այլ տարածաշրջանների  ու Հայաստանի այլ  մարզերի բնակիչ ուսանողներ: Հանրակացարանում բնակվող 30 ուսանողներից  7-ը աղջիկներ են։

Երկրորդ տարին է, ինչ հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի կրթական հենքի վրա   քոլեջում ուսուցանվում է  «Գյուղացիական (Ֆերմերային) տնտեսության կազմակերպում)»  մասնագիտությունը,  այդ մասնագիտացմամբ  սովորում է  35 ուսանող։  Այս ուսումնական տարվանից այս մասնագիտություն  սովորողները Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից պետք է  ամսական 50 հազար դրամ կրթաթոշակ ստանան, ինչը նրանց  շահագրգռում է  ֆերմերային գործ ուսանել։ Քոլեջի տնօրենից տեղեկացա, որ Ֆրանսիայի հայկական հիմնադրամը չի փոխանցել  կրթաթոշակի գումարները, ուստի   «Գյուղացիական (Ֆերմերային) տնտեսության կազմակերպում)»  մասնագիտացմամբ  սովորողները դեռեւս չեն ստացել սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների կրթաթոշակները։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս