Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924թ.-ի հունվարի 9-ին Թբիլիսիում։ Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո` 1946թ., ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ:

1964 թվականին Փարաջանովը նկարահանել է «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, որը դարձել է 1960-ական թվականների խորհրդային կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը և իր տեղը զբաղեցրել այնպիսի հայտնի ֆիլմերի կողքին, ինչպիսիք են Միխայիլ Կալատոզովի «Թռչում են կռունկները», Գրիգորի Չուխրայի «Բալլադ զինվորի մասին» և Անդրեյ Տարկովսկու «Իվանի մանկությունը»։

Փարաջանովի գլուխգործոցը կարելի է համարել «Նռան գույնը» (1968թ.), որը պատմում է թբիլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում:

Փարաջանովի ազատազրկմանն արձագանքել են բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ։ Եվ չնայած դրան՝ նրան միայն 4 տարի անց են ազատել ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։ Թբիլիսիում ապրելու ժամանակ Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ. նրան թույլատրել են նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984թ.), «Աշուղ ղարիբը»։

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ է մնացել և հետագայում ամբողջությամբ օգտագործվել Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992թ.) վավերագրական ֆիլմում։ Փարաջանովը մահացել է 1990 թվականի հուլիսին:




Լրահոս