«Նա Աստծո ամենամեծ նվերն էր, որ ես ունեցել եմ իմ ամբողջ կյանքումˋ երաժշտությանը զուգահեռ». Տիգրան Մանսուրյանը դարձավ 85 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ մեծանուն կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր արտիստ տիգրան Մանսուրյանը դարձավ 85 տարեկան. «Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ առավել մեծ խորհուրդ կա: Այն կարծիքին եմ, որ հարուստը լռություն է»:

Բեյրութում ծնված Տիգրան Մանսուրյանի ընտանիքը հայրենադարձվում է, երբ ապագա կոմպոզիտորը դեռևս 7 տարեկան է լինում, և լիբանանյան տաք կյանքից հետո հայտնվում ցուրտ Արթիկում՝ ծայրահեղ աղքատության մեջ: Մի առիթով Մանսուրյանը նշել է. «1948 թվականի հունվարի 1-ից դարձա մուրացկան և մի տոպրակ ուսիցս կախած, մայրիկիս վերարկուով և մասիկներով շրջում էի տնից տուն՝ հաց հավաքելու. այդ արհավիրքից պետք էր փրկվել»:

Առաջին աշխատանքը, որի միջոցով Մանսուրյանը կարողացել է գումար վաստակել լուսանկարչությունն էր: Լուսանկարիչ հայրը հաճախ էր հիվանդանում և Մանսուրյանը նրա փոխարեն աշխատում էր: Այդ տարիներին մաեստրոյին տպավորել է այն, որ իրենից մեծ մարդիկ իրեն շատ լուրջ են վերաբերվել աշխատանքում:

Երաժշտության հանդեպ սերը դեռևս մանկուց է եղել: Մայրը, ով մեծացել է Հալեպի որբանոցում, չափահաս դառնալուց հետո աշխատանքի է անցել և իր առաջին աշխատավարձով ռադիո հաղորդիչ գնել, իսկ հայրը հրաշալի ձայն է ունեցել և տանը հաճախ է երգել: Ծնողները ջարդից հետո հայտնվել են Հալեպի որբանոցում, որտեղ էլ ծանոթացել են, ամուսնացել և տեղափոխվել Լիբանան: Նույն ընտանիքում է ծնվել նաև սոպրանու, օպերային երգուհի Արաքսի Մանսուրյանը, ով այսօր դասավանդում է Սիդնեյի կոնսերվատորիայում՝ օտարազգիներին ծանոթացնելով հայկական երգարվեստի հետ:

Մանսուրյանն առաջին անգամ դաշնամուրի դիմաց նստում է 13 տարեկանում՝ երբ մայրն ուղարկում է Արթիկի ակումբից հորը կանչելու: Այդ ժամանակ, դեռևս մեծ երազանքներ ունեցող պատանին, առաջին անգամ հորը նվագելիս է տեսնում և փոխարինում նրան դաշնամուրի առջև՝ առ այսօր:

1956 թվականին Մանսուրյանը սեփական ուժերով ընդունվում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան՝ Էդուարդ Բաղդասարյանի դասարան:

«Իսկական կոմպոզիտորը նա է, ով չի կարող չգրել». առաջին հանդիպմանը Էդուարդ Բաղդասարյանի ասած խոսքերը խորը հետք են թողնում 17-ամյա երիտասարդի հոգում և դառնում նրա ուղենիշը: Այդ ընթացքում Մանսուրյանը աշխատում էր շինարարությունում, որպիսի կարողանա հոգալ իր կարիքները:

Ստեղծագործում էր գիշերները՝ ուսումնարանի դաշնամուրների դիմաց, իսկ իր առաջին դաշնամուրը գնում է արդեն 1969 թվականին՝ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի համար ստացած իր հոնորարով, որն էլ այն առ այսօր իր տանն է:

21 տարեկանում ապագա հանճարն ամուսնանում է իր դասընկերուհու՝ շուշեցի ճարտարապետի դստեր՝ Նորա Ահարոնյանի հետ և ունենում մեկ որդի և մեկ դուստր, որոնք խիստ կազմակերպված մանկություն են ունեցել, քանի որ կինն անում էր ամեն բան, որ նա կարողանա հանգիստ ստեղծագործել: Մանսուրյանը բազմիցս նշել է, որ կինն իր լավագույն ընկերն է եղել. «Նա Աստծո ամենամեծ նվերն էր, որ ես ունեցել եմ իմ ամբողջ կյանքումˋ երաժշտությանը զուգահեռ»:

Ստեղծագործական առաջին տարիներից առ այսօր Մանսուրյանն իր առավոտները սկսում է դաշնամուրի դիմաց՝ չխախտելով գործիքի դիմաց կոշիկներով նստելու իր սկզբունքը. նա հողաթափերով երբեք գործիքին չի մոտենում:

Երաժշտությունը մաեստրո Մանսուրյանի համար գործ չէ, այն ինքնարտահայտման միջոց է, ապրելու լավագույն ընթացքը:

Հայտնի են հատկապես «Հայֆիլմ» կինոստուդիայի համար գրված ստեղծագործությունները, որոնք, սակայն, մաեստրոյի կարծիքով՝ իրեն ետ են պահել բուն ստեղծագործական կյանքից: Հենց այդ պատճառով էլ 1980-ականների սկզբին դադարեցրել է համագործակցությունը:

Ֆիլմերի համար երաժշտություն գրելիս հաճույքով է աշխատել այն ռեժիսորների հետ, ովքեր իրենց միտքը չեն պարտադրել և սցենարը կարդալուն պես դաշնամուրին է հանձնել իր առաջին զգացողությունները:

Մանսուրյանն է հեղինակել Հրանտ Մաթևոսյանի գրական հիմքի վրա նկարահանված ֆիլմերի երաժշտությունները, ինչպիսիք են «Աշնան արևը», «Մենք ենք մեր սարերը», «Տերը»:

Իր հարցազրույցներից մեկում Մանսուրյանը նշել է, որ «Ճերմակ անուրջներ» ֆիլմի արտադրության ընթացքում հիացել է հատկապես Ստեփան Ալաջաջյանի և Մալյանի համատեղ աշխատանքով: «Եղբոր պես էին իրար հետ», – նշել է Մանսուրյանն ու ասել, որ Ալաջաջյանը հրաշալի արևմտահայերեն է իմացել և Մալյանն ամբողջությամբ կլանել է նրա գիտելիքը՝ ֆիլմը ստեղծելիս:

Հաճույքով է աշխատել նաև կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի հետ՝ «Կտոր մը երկինք» և «Հին օրերի երգը» ֆիլմերի համար երաժշտություն գրելիս. նա կարծում է, որ վերոնշյալ ֆիլմերում փոքր քաղաքի մշակույթը հրաշալի է ներկայացված:

Կոմպոզիտորի ստեղծագործություններն են հնչում նաև «Գիքոր», «Մեր մանկության տանգոն», «Մի կաթիլ մեղր», «Յոթ սարից այն կողմ» և բազմաթիվ այլ էկրանավորումներում:

Վերջին տարիներին Տիգրան Մանսուրյանը, հավատարիմ իր սկզբունքներին և, բարձր չափանիշներով երաժշտություն ստեղծելու կնոջ ցանկություններին, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ հանրությանը ներկայացրեց իր հայտնի «Ռեքվիեմ»-ը: 2016 թվականին այն՝ Ալեքսանդր Լիբրայի ղեկավարությամբ ձայնագրվել է Բեռլինի Jesus-Christus-Kirche Dahlem եկեղեցում՝ «Ռիաս» կամերային երգչախմբի և Մյունխենի կամերային նվագախմբի կատարմամբ: Երկու տարի անց՝ 2018 թվականին Ռեքվիեմի ձայնագրությամբ ECM Records-ի թողարկած սկավառակն արժանացել է «Գրեմմի» մրցանակի, ապա հաղթել «ICMA» մրցանակաբաշխության «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս