2023 թվականին օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 1193 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 610 քրեական վարույթ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն:
«Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 277 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 102-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 135-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 27-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 13-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։
Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 118 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 78-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման, կամ իրացման, 40-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։
Հաշվետու տարում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչության քննիչների վարույթում քննվել են 1464 քրեական վարույթներ, որից Գլխավոր վարչության քննիչների կողմից նախաձեռնվել է 488 քրեական վարույթ, 51-ը անջատվել են այլ վարույթներից, 118-ը ստացվել են այլ մարմիններից, վերսկսվել է 515 քրեական վարույթ, թվով 292 քրեական վարույթ փոխանցվել է 2022 թվականից:
Հաշվետու ժամանակաշրջանում քննչական գլխավոր վարչության վարույթում քննված քրեական վարույթներից դատարան է ուղարկվել 116 վարույթ` 205 անձանց նկատմամբ, կարճվել է 83 քրեական վարույթ, 1134 քրեական վարույթ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 131 վարույթ միացվել է ՔԳՎ-ում քննվող այլ վարույթների :
Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և քննված քրեական վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 21.599.971.962 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 16.843.507.934 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը` 1.586.361.043 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը` 3.170.102.985 ՀՀ դրամ:
Ընդ որում, նշվածներից նախաքննության փուլում վերականգնվել է պետությանը պատճառած վնասից 433.583.652 ՀՀ դրամը»,- ասված է հաղորդագրության մեջ: