Միշուստինը պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում նախագահության ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը կիսում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) իր նախագահության տարվա համար Հայաստանի հռչակած առաջնահերթությունները և պատրաստ է աջակցել դրանց իրականացման հարցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Հունվարից միության մարմիններում նախագահության գործառույթներն անցել են Հայաստանին։ Հաջողություն եմ մաղթում իմ հայ գործընկերներին։ Մենք ուշադիր ուսումնասիրել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ինտեգրման հետագա զարգացման առաջնահերթությունները։ Դրանք մեծապես համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ։ Մենք պատրաստ ենք լիարժեք աջակցություն ցուցաբերել դրանց իրականացման համար», – ասել է Միշուստինը։

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը և մեկ տարի նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահել է ԵԱՏՄ երկրների վարչապետների նիստը՝ շեշտելով ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկա ձևավորելու կարևորությունն ու գործընկերներին կոչ անելով այդ հարցում փոխզիջումային պայմանավորվածությունների հասնել։




Լրահոս