Armlur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության սկանդալային պատմությունից հետո ՀՀ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները ջերմացել են: Ավելին, Ծառուկյանը օգնել է Բաղդասարյանին Բելառուսում կոնյակի գործարան բացելու հարցում:
Հիշեցնենք, որ վոլեյբոլի ֆեդերացիայի ընտրությունները կեղծիքներով իրականացնելու համար Երևանի Զվարթնոց օդանավակայանում Գագիկ Ծառուկյանը նախատել էր Արթուր Բաղդասարյանին, և զրույցը վեր էր ածվել վիճաբանության, հայհոյանքների:
Սակայն դեպքից հետո քաղաքական շրջանակներում լուրեր են պտտվում, որ Արթուր Բաղդասարյանը Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպել և «բարիշել» է՝ խնդրելով օգնել իրեն Բելառուսում կոնյակի գործարան կառուցել: Բանն այն է, որ Ծառուկյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բավականին մտերիմ հարաբերություններ ունի, և, թերևս, միայն նրա հետ խորհրդակցելուց հետո Լուկաշենկոն կարող էր թուլատրել Հայաստանից որևէ գործչի, առավել ևս՝ Բաղդասարյանին, իր երկրում գործարան հիմնել:
Ինչևէ, Armlur.am-ը փորձեց ստացված տեղեկությունների հավաստիությունը ճշտել ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանից:
–Պարո՛ն Շահգելդյան, շրջանառվող լուրերի համաձայն՝ Արթուր Բաղդասարյանը Բելառուսում կոնյակի գործարան է կառուցում ԲՀԿ առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: Փաստորեն, բարիդրացիական են Ծառուկյան–Բաղդասարյան հարաբերությունները:
-Գիտե՞ք, ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Երկրորդ` պրն. Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը քաղաքական դաշտում առաջնորդներ են և միմյանց հետ ունեն այնպիսի հարաբերություններ, ինչպես ունեն քաղաքական ուժերի ղեկավարները:
–Այսինքն` բարիդրացիակա՞ն են հարաբերությունները:
-Նորմալ քաղաքական հարաբերություններ են:
Սոնա Դավթյան