Երեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Թումանյան-Խանջյան փողոցների հատման կետում` Թումանյան-2 շենքում գտնվող փողի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Ավազակային հարձակման արդյունքում հրազենային վնասվածքներ են ստացել փոխանակման կետի երկու աշխատակիցները, որոնցից մեկը 40-ամյա Ռադիկ Վիրոյանն է, մյուսը` 52-ամյա Լեւոն Ավետիսյանը: Տեղեկացանք, որ նրանք երկուսն էլ վիրավորվել են ոտքից եւ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Պարզեցինք, որ Վիրոյանը Մարտունի քաղաքից է, շրջիկ գումար փոխանակող, հափշտակման պահին նրա մոտ մեծ գումար է եղել: Հանցագործները, զենքի սպառնալիքով, գանձապահից գումար են հափշտակել ու դիմել փախուստի: Ի դեպ, ավազակները փախուստի ժամանակ կրակոցներ են արձակել: Երկուսն էլ կարողացել են դիմել փախուստի` արձակելով 4-5 կրակոց: Ոստիկանները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակի կրակված փամփուշտներ: Նախնական տեղեկություններով` ավազակները 10 հազար դոլար գումար են հափշտակել:
ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ