Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այսօր Հունգարիայի իր գործընկեր Պետեր Սիարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկու կողմերի հարաբերությունները զարգանում են ճիշտ ուղղությամբ, և համատեղ տնտեսական հանձնաժողովի շրջանակներում ստորագրվել են երկու ռազմավարական փաստաթուղթ և գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ճանապարհային քարտեզ։
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանային և միջազգային հարցերի քննարկումը, ինչպես նաև Գազայի պատերազմը և Պաղեստինի ժողովրդի իրավունքների վերականգնումը եղել են այսօրվա բանակցությունների մյուս թեմաները։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի դեմ անհիմն մեղադրանքները՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ, և այդ չհիմնավորված պնդումների անվերջ կրկնությունը հոգնեցուցիչ է դարձել»։
Նա հավելել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վերջին բանաձևի համաձայն՝ նրանք (արևմտյան երկրները) Արդարադատության միջազգային դատարանից խորհրդատվական կարծիք են խնդրել Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ։
«Մենք պատերազմը չենք համարում ելք փակուղուց: Պատերազմը լուծում չէ ոչ Գազայում, ոչ էլ աշխարհի որևէ այլ վայրում: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից պատերազմը Եմեն տեղափոխելու փորձերը ռազմավարական սխալ են: Եմենի ժողովուրդն անտարբեր չէ իր ճակատագրի նկատմամբ և ունի անկախ դիրքորոշում: Մենք ընդգծում ենք, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի կեղծավորությունը: Ամերիկյան իշխանությունների դիրքորոշումը, որը միևնույն ժամանակ աջակցում է Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, խոսում է կեղծ խաղաղասիրության մասին»,- ասել է Իրանի արտգործնախարարը։