«ՍՈԼՅԱՐԿԱ ՀՅՈՒՐԱՍԻՐԵԼՈՎ»` ԽԵՂԴԵԼ Է ՄՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ի առավոտյան Երեւանում դժբախտ եւ սահմռկեցուցիչ մահ է գրանցվել. 53-ամյա տղամարդը հարազատ մորն անողոքաբար խեղդել է, այնուհետեւ զանգահարել ոստիկանություն եւ նշել, թե մայրը մահացել է իրենց բնակարանում: Վերջինիս դատաբժշկական եզրակացություն են տվել եւ ուղարկել Ավանի հոգեբուժարան:
Ոստիկանության Արաբկիրի բաժնում Էդուարդ Ռամազյանից ահազանգ է ստացվել, որ մայրը` ՌԴ քաղաքացի 79-ամյա  Ռաիսա Պոստոգովան, իրենց բնակարանում մահացել է: Արտաքին զննությամբ դիակի դեմքի մասում քերծվածքներ եւ կապտուկներ են հայտնաբերվել, ինչի հետեւանքով կասկածներ են առաջացել:
Այնուհետեւ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եւ նոյեմբերի 8-ին ստացվել է դրա եզրակացությունը: Ըստ այդմ, Ռաիսա Պոստոգովան խեղդամահ է եղել նավթամթերքից եւ ունի կողային մատերի կոտրվածքներ: Նախաքննությամբ պարզվել է, որ Ռաիսա Պոստոգովային նոյեմբերի 5-ի գիշերը խեղդամահ անելու միջոցով սպանել է որդին` Էդուարդ Ռամազյանը: Ինչպես տեղեկացանք, Էդուարդը հոգեկան խանգարում ունի, որի մասին քաջատեղյակ էին նաեւ նրանց հարեւանները:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Փափազյան փողոցի բնակիչների եւ Էդուարդին ճանաչողների հետ: Վերջիններս նշեցին, որ 53-ամյա տղամարդը հոգեկան խնդիրներ ուներ: Մեր զրուցակիցները պատմեցին, որ Էդուարդը վաղուց բաժանվել է իր կնոջից: Ոմանք էլ նշում էին, որ նա երկու երեխա ունի, որոնք նրա կնոջ հետ են ապրում: Այն բանից հետո, երբ 53-ամյա տղամարդուն հոգեբուժարան են ուղարկել, շփում չի եղել նրանց միջեւ:
Հարեւանները փաստեցին, որ արդեն քանի տարի է` տիկին Ռաիսան եւ Էդուարդը միասին էին ապրում եւ տարբեր առիթներով անընդհատ վիճում էին: Ըստ մեր զրուցակիցների` վերջին վեճի թեման եղել է այն, որ 79-ամյա կինը ջանացել է որդուն համոզել վերադառնալ հոգեբուժարան:
Փափազյան փողոցի բնակիչներից տիկին Սիլվան նշեց, որ Էդուարդի մայրը հատկապես վերջին ժամանակներս ամեն ինչ անում էր, որպեսզի որդին հոգեբուժարան գնար. «Անընդհատ տանում էր, բայց մեկ էլ կտեսնեիր` կթողներ, կգար տուն: Դե էդ կինն էլ շատ մեծ էր արդեն, չէր կարողանում որդուն էդ վիճակում տեսնել, համոզում էր, խնդրում էր հետ գնալ հոգեբուժարան, բուժվել, հետո վերադառնալ, բայց տղան էդ մասին ոչ մի բառ չէր ուզում լսել: Դրա համար էլ, որ հանկարծ նման բան էր լսում,  կատաղում էր, սկսում էր մոր վրա գոռգոռալ,  նույնիսկ ասում են` ծեծում էր մորը դրա համար, չէր ուզում հոգեբուժարանի մասին մի խոսք անգամ լսել: Բայց թե ինչն էր պատճառը, որ նման բան ա արել, չենք իմանում, ուղղակի ահավորա: Էդ կինն էլ նենց խեղճ կին էր, էդ տղու դարդից ավելի էր ծերացել: Որ լսեցինք` մորը սպանել ա, սկզբից չէինք հավատում, բայց ես գիտեմ, որ մորը դրանից առաջ լավ ծեծել ա, ասում են` կողերը ջարդել էր, նենց էր ծեծել»:
Այդ ընտանիքին ճանաչողները հիմնականում նշում էին, որ 79-ամա Ռաիսան շատ հանգիստ եւ խելացի կին էր, որը փորձում էր անգամ հարեւաններից թաքցնել, որ իր որդին ձեռք է բարձրացնում իր վրա, հաճախ ամաչում էր դուրս գալ ու շփվել հարեւանների հետ. «Մեզանից քաշվում էր, դե որովհետեւ մենք իրանց ձայները հաճախ էինք լսում, որ գոռգոռում են, իրար վրա բղավում են, մենք միշտ լսել ենք ձայները,  դրա համար մեզ որ տեսնում էր, գլուխը կախում էր»:
Պարզեցինք, որ երբ մայրը կրկին հորդորել է որդուն վերադառնալ հոգեբուժարան, վերջինս «սոլյարկա» խմեցնելու միջոցով գիշերը խեղդել է մորը:
Փաստի առթիվ նոյեմբերի 9-ին ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` սպանություն` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով: Էդուարդ Ռամազյանը ձերբակալվել է: Մեր տեղեկություններով` 53-ամյա Էդուարդին ուղարկել են Երեւանի Ավանի հոգեբուժարան: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին նմանատիպ սպանություն էր տեղի ունեցել նաեւ Լոռու մարզի Դարպաս գյուղում` 34-ամյա Մարտուն Աբրահամյանն իրենց տան բակում սպանել էր հարազատ հորը` 60-ամյա Վահան Աբրահամյանին, եւ իր կնոջը` 29-ամյա  Արմինե Շիրինյանին: Պարզվեց, որ 34-ամյա Մարտունը եւս հոգեկան խնդիրներ ունի:
Այս սահմռկեցուցիչ սպանությունները կարող էին եւ տեղի չունենալ, եթե համապատասխան ատյանները նորմալ աշխատեին եւ հանրության համար վտանգավոր հոգեկան հիվանդներին մեկուսացնեին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս