Փետրվարի 29-ին դանակահարություններ են տեղի ունեցել Երեւանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանում մի խումբ անձանց միջեւ վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ 3 հոգի դանակահարվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նուբարաշեն են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի եւ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի եւ վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:
Ոստիկանների եւ պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ կարճ ժամանակ անց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:
էրեբունու ոստիկանները կարճ ժամանակում պարզում են, որ նրանք տեղափոխվել են Նուբարաշեն վարչական շրջանից:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողներին՝ բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, բժիշկները հայտնում են, որ վիրավորները գտնվում են հետազոտման մեջ եւ չեն կարող կատարվածի մասին բացատրություններ տալ:
Մինչ բժիշկները վիրավորներին օգնություն էին ցուցաբերում, ոստիկանության էրեբունու բաժնի, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի եւ ՊԾ Երեւան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները պարզել են, որ վիրավորները Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ 21-ամյա Մանվել Հ.-ն է, 21-ամյա Սամվել Պ-ն է եւ 24-ամյա Արթուր Գ-ն:
Նշված անձինք եղել են էրեբունի բժշկական կենտրոնում, իսկ այնուհետեւ նրանք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
«Էրեբունի» եւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնների բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկաններն ու պարեկները, չունենալով հստակ դեպքի վայր, Նուբարաշենի վարչական տարածքում մի քանի ժամ շարունակ հետախուզական աշխատանքներ են կատարել, ի վերջո պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ, ինչպես նաեւ դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ ժամը 20:30-ի սահմաններում, Նուբարաշեն 11 փողոցի վերջնամասում Սամվել Հ.-ն ավտոմեքենան կանգնեցնելու հարցի շուրջ վիճաբանել է Նուբարաշենի բնակիչ 17-ամյա Հայկ Փ.-ի հետ, որից հետո՝ արդեն ժամը 21:00-ի սահմաններում, վերջիններիս միջեւ վիճաբանությունը շարունակվել է արդեն Նուբարաշենի 9-րդ փողոցում գործող ավտոլվացման կետում, իսկ արդեն 22:00-ի սահմաններում Նուբարաշենի 6-րդ փողոցի 130 շենքի բակում Սամվել Հ.-ի հոր՝ Արման Հ.-ի հետ վիճաբանել են Մանվել Հ.-ն, Սամվել Պ-ն եւ Արթուր Գ-ն, որի ժամանակ Սամվել Հ.-ն իր մոտ գտնվող դանակով հարվածել եւ մարմնական վնասվածքներ է հասցրել նշված անձանց:
Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պողոսյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանները հայտնաբերել են կասկածյալ Սամվել Հ.-ին եւ տեղափոխել ոստիկանության էրեբունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Դեպքի փաստով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՇՂԹԱՅԱԿԱՆ ԱՎՏՈՎԹԱՐ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Փետրվարի 29 խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հարեւանությամբ, բախվել են «Mercedes G», «Mercedes C», «Mercedes E», «Toyota Camry», «Hyundai Elantra» եւ «Renault Logan» մանկիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Բախման հետեւանքով ճանապարհը մասամբ դարձել է դժվարանցանելի։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության գծով ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտյոմ Չոբանյանն ու Գոռ Մելքումյանը։
Վթարի մասին ՊԾ Երեւան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադեւոսյանի եւ քննիչ Մակար Միրզայանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների եւ վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ներից մեկի վարորդը, իսկ «Mercedes G»-ն վարել է Ազգային ժողովի պատգամավորներից մեկի մերձավորը։
ՈՉ ՍՐՏԱՑԱՎ ՄՈՏԵՑՈՒՄ
Վերջին տարիներին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժինը, կարելի է ասել, հետընթաց է գրանցել բոլոր հանցատեսակների դեմ պայքարում, ու պատճառներից մեկը բաժնում որոշ պաշտոնյաների ոչ սրտացավ մոտեցումն է համակարգի նկատմամբ։ Եթե նախկինում Շենգավիթի բաժինը համարվում էր ոստիկանության առաջամարտիկներից, ապա հիմա համարվում է ոստիկանության «ուռուցքը», «կույր աղիքը», ու դրա վառ ապացույցը փետրվարի 29-ին Շենգավիթի վարչական տարածքում տեղի ունեցած սպանությունն է, որը բաժնի պետ «մեծն» Անդրանիկ Շահբազյանը, որը սիրում է տարբեր տեղերում տարածել, թե իր թիկունքին կանգնած է վերջերս գեներալ դարձած ինչ-որ պաշտոնյա, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, Մարգար Աղա անունը ստացած Մարգար Ներսիսյանը փորձում էին կոծկել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փետրվարի 29-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի 24-րդ փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։ Ահազանգը փոխանցվում է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ նշված հասցե են ժամանում ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանը։ Արդեն տեղում, դեռ դատաբժիշկը դին չզննած, բաժնի պետն ու օպերգծով տեղակալը իրենց դնում են Շերլոկ Հոլմսի տեղը ու հայտարարում, թե՝ ոչ, տեղի ունեցածը սպանություն չէ, այլ հանկարծամահություն, ու փորձում են ներկաների «ականջներին լափշա կախել», թե մահացածը տարիքով կին էր, դրա համար էլ հանկարծամահ է եղել։ Ահազանգով ժամանում են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը, եւ քննիչները ցուցաբերում են պրոֆեսիոնալիզմ ու տեղում պարզում, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ սպանություն, ու մինչ Շենգավիթի «մեծն» բաժնի պետը եւ «միջնեկ» օպերգծով տեղակալը «լոլո են կարդում» ու փորձում են դարձյալ համոզել, որ տեղի ունեցածը հանկարծամահություն է, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալում են մահացածի՝ 74-ամյա Սուսաննա Պ.-ի որդուն՝ 53-ամյա Գեւորգ Ե.-ին, ում սպանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկում ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դեմքի եւ գլխի հատվածում հայտնաբերվել են վնասվածքի հետքեր։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կասկածյալը ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։