ՁԳՏԵԼ ԵՆ ՉՈՒՌՃԱՑՆԵԼ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարի օր» ֆիլմի գլխավոր հերոսը՝ Հենդրիկը, տաքսու վարորդ է, որն ապրում է սովորական կյանքով, իր հոգսերով, առօրյայով: Մի առավոտ նա պարզում է, որ օրը չի փոխվել. հոկտեմբերի 14-ն է, ինչպես եւ երեկ էր: Դա տեւում է շուրջ տասը տարի: Տարիների ընթացքում Հենդրիկի արժեհամակարգում որոշ փոփոխություններ են կատարվում. նա սկսում է գնահատել ոչ միայն մորը, այլեւ կնոջն ու երեխաներին, հրաժարվում է կարծրատիպերից, որոնք ուղեկցել են նրան ամբողջ կյանքի ընթացքում:

 

Կինոնկարը, որը զվարճալի է եւ ստիպում է կողքից նայել անընդունելի երեւույթներին ու ձերբազատվել դրանցից, փետրվարի 29-ին բարձրացավ մեծ էկրան: Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում:

Մինչ կարմիր գորգի արարողությունը լրագրողների հետ զրույցում ֆիլմի ռեժիսորներներից Գրիգոր Գասպարյանն ասաց՝ գաղափարի հեղինակը ֆիլմի պրոդյուսեր Ամարաս Գասպարյանն է: «Կա մի սիրված ֆիլմ՝ «Արջամկան օրը», որը նկարահանվել է երեսուն տարի առաջ: Այդ կինոնկարից հետո ստեղծվել են մոտ 12 կամ ավելի նմանատիպ ֆիլմեր, որոնցում օգտագործվում է այդ ֆիլմի շարժիչը, որը կոչվում է «Time loop», երբ գլխավոր հերոսի կյանքում օրը կամ ինչ-որ ժամանակահատված կրկնվում է: «Բարի օր» ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար Մհեր Մխիթարյանը ստեղծել էր  տաքսիստ Հենդոյի կերպարը, որը շատ սիրվեց: Նա սքետչերի միջոցով պատմում էր իր կնոջ, երեխաների, սիրուհու, տարբեր մարդկանց մասին, որոնք չէին երեւում: Որոշեցինք լիամետրաժ ֆիլմ նկարահանել տաքսիստ Հենդոյի մասին, որտեղ կլինեն բոլոր կերպարները»,-պատմեց ռեժիսորը:

Ֆիլմի մյուս ռեժիսոր Արման Սարգսյանն էլ խոստովանեց՝ ամեն ինչ արել են համատեղ, համագործակցել են սցենարիստների հետ ու ձգտել են չուռճացնել երեւույթները: «Կարծում եմ՝ ամեն մարդու ժամանակ է հարկավոր ինքն իր հետ մնալու,   վերլուծելու, թե ինչի համար է ապրում, թե ինչ է թողնում իրենից հետո, թե իր պատճառով ինչ է լինում: Ֆիլմի հերոսին այդ ժամանակը տրվում է»,-շեշտեց նա:

Դերասան Մհեր Մխիթարյանը վստահեցնում է՝ եթե ինքը հայտնվեր ժամանակավոր հանգույցի մեջ, կաներ այն բոլոր քայլերը, որ անում է իր կերտած կերպարը, ինչը կհանգեցներ նրան, որ կվերաիմաստավորեր իր կյանքն ու այլ տեսանկյունից կնայեր կյանքի ցանկացած իրավիճակի:

«Մեզ հաստատ հանդիպել են տաքսու վարորդներ, որ զայրացնում են իրենց բառապաշարով, երաժշտական ճաշակով, հարցերով եւ այլն: Հուսամ՝ ֆիլմից հետո ինչ-որ բան կփոխվի»,-ասաց Մխիթարյանը:

Ռոզի Ավետիսովան կերտել է Հենդրիկի կնոջ կերպարը: Նույն տեսարանում մի քանի անգամ խաղալը բոլորովին բարդ չի եղել նրա համար: Դժվար է եղել անել ամեն բան, որ մարդիկ հավատան, որ ինքը Հենդոյի կինն է, որ նման փոխհարաբերությունները ճշմարտացի են ու հնարավոր:

Ըստ դերասանուհու՝ բոլորն էլ ժամանակ առ ժամանակ վերարժեւորում են որոշ բաներ՝ կախված անձնական կյանքում, երկրում տեղի ունեցող իրադարձություններից, համընդհանուր երեւույթներից:

Կինոնկարն իրենց մասնակցությամբ հարստացնում են սկսնակ դերասաններ Նանուլն ու  Վարդան Քոչարյանը: Նրանք մեծ բավականություն են ստացել նկարահանումներից ու հույս ունեն, որ կրկին կլինեն էկրանին:

«Սա իմ առաջին կինոնկարն է, եւ ես շատ ուրախ եմ, որ հենց «Բարի օր» ֆիլմում եմ նկարահանվել»,-ասաց Նանուլը:

«Նկարահանվել եմ սիթքոմում, գովազդներում: Սա իմ առաջին գեղարվեստական ֆիլմն էր: Շատ եմ դիտել նման կինոնկարներ ու հավանել եմ: Սիրեցի այս ֆիլմի սյուժեն, բայց չգիտեի, որ նման լավ դերասանների հետ եմ խաղալու: Շատ հաճելի էր»,-ընդգծեց Վարդան Քոչարյանը:

Ֆիլմում հնարավոր է տեսնել նաեւ Գարիկ Մարտիրոսյանին, Իվետա Մուկուչյանին, Արկադի Դումիկյանին եւ այլոց:

Ստեղծագործական խումբը նախատեսում է «Բարի օր» կատակերգությունը ցուցադրել ոչ միայն Հայաստանում, այլեւ երկրի սահմաններից դուրս:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ

«Ավետիս» լարային քառյակը, որը մի քանի տարի գործունեություն է ծավալում ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում, մարտի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա համերգով:

 

«Ավետիս» (բարի լուր) անվանումն ընտրել են խմբի երաժիշտները:

Խմբի անդամների նպատակն է ձեւավորել համաշխարհային բարձր չափանիշներին համապատասխանող լարային քառյակ, որը լավագույնս կներկայացնի վերոնշյալ ժանրի համար գրված բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք ներկայումս շատ քիչ են հնչում հայաստանյան բեմահարթակներում։

Քառյակում ընդգրկված երաժիշտներից երեքը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտներ են. Կարմեն Թոսունյանը ՀԱՖՆ նվագախմբի կոնցերտմայստեր է, Հայկ Տեր-Հովհաննիսյանը՝ ՀԱՖՆ ալտերի խմբի կոնցերտմայստեր, Միքայել Նավասարդյանը՝ թավջութակների խմբի երաժիշտ: Ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի հարուստ կենսագրությունն ու բեղուն համերգային գործունեությունը նպաստում են լարային քառյակի ակտիվ մասնակցությանը միջազգային փառատոններին եւ ելույթներին հեղինակավոր երաժշտական հարթակներում: Նախորդ տարվա ընթացքում համերգային ծրագրերով ներկայանալով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ քառյակն արժանացել է անվանի երաժիշտների եւ երաժշտաքննադատների բարձր գնահատանքին՝ ստանալով նոր համագործակցության հրավերներ:

Մայիսին «Ավետիս» լարային քառյակը կմասնակցի Իտալիայի Մանտովա քաղաքի ամենամյա «Trame Sonore» հեղինակավոր փառատոնին՝ ներկայացնելով նաեւ Էդվարդ Միրզոյանի լարային քառյակը: Քառյակը մեծ ուշադրություն է հատկացնում նաեւ կրթական ծրագրերին՝ ընդգրկելով հանդիսատեսի թվում դպրոցականներին:

Մարտի վերջին նախատեսվում է այդպիսի ծրագրերից մեկն իրականացնել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Քառյակը գործունեություն է ծավալում նաեւ Հայաստանի մարզերում՝ կարեւորելով մարզային ծրագրերի նշանակությունը, մարզերում մշակութային գործընկերության զարգացումը:

Ապրիլի 24-ին Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում քառյակը հանդես կգա Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված համերգով:

 

 

ՄԱՐՏԻ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է մարտ ամսվա դասակարգման աղյուսակը: Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 49-րդ հորիզոնականում է, Գաբրիել Սարգսյանը` 61-րդ, Սամվել Տեր-Սահակյանը` 91-րդ, Հրանտ Մելքումյանը` 98-րդ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո,  դասակարգման աղյուսակում 26-րդն է: Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 51-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 73-րդ, Աննա Սարգսյանը` 75-րդ, Մարիամ Մկրտչյան` 99-րդ:

 

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԽԱՂ

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը եւ ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ կանցկացնեն, որի հասույթը կտրամադրվի արցախահայությանը: Նախաձեռնության հեղինակը ՀՄԸՄ Գլենդելի «Արարատ» մասնաճյուղն է: Բարեգործական խաղը կկայանա ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մարտի 16-ին:  Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 15-րդն է:  Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ, եւ 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակիչից:

 

 

ԱՄՓՈՓԵԼ ԵՆ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները` Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը, ամփոփել են աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլերի արդյունքները: «Իսկապես դժվար է անընդհատ ոսկե մեդալ նվաճել, քանի որ դրա համար անդադար լավ մարզավիճակում պետք է լինես: Ես տեւական ժամանակ բուժվում էի վնասվածքից: Այս հավաքի ժամանակ միայն մի քիչ ուշ հաջողվեց մարզավիճակս կարգի բերել, բայց հաղթանակը հեշտ չի տրվում, ամեն ինչ պետք է անես երկրի պատիվը բարձր պահելու համար: Այստեղ բարդությունը նրանում է, որ դու կարողանաս ինքդ քեզ հաղթես: Այժմ վնասվածքներ չունեմ, աշխարհի առաջնությունից հետո ամբողջապես վերականգնվել եմ: Բայց սա սպորտ է, ամեն ինչ հնարավոր է »,- ասաց Արթուր Դավթյանը: Վերջինիս համար աշխարհի գավաթի խաղարկության փուլերում հիմնական մրցակիցն Ուկրաինան  ներկայացնող մարզիկն էր: Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի գավաթների խաղարկության արծաթե եւ բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանի խոսքով` թե՛ Եգիպտոսում, թե՛ Գերմանիայում ինքը փորձել է առավելագույնս լավ մասնակցություն ունենալ մրցաշարին:

 

 




Լրահոս