Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրումից հետո կառավարությունն ամբողջությամբ կսուբսիդավորի մինչեւ 18 տարեկան երեխաների, 63 ու դրանից բարձր տարիքի անձանց, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց ապահովագրավճարները։ Բացի դա, կառավարությունը պատրաստակամ է նաեւ մասնակի սուբսիդավորել ամսական մինչեւ նվազագույն աշխատավարձի քառապատիկը եկամուտ ունեցող անձանց, գյուղացիական տնտեսությունում զբաղվածների, վերջիններիս փոխկապակցված անձանց ապահովագրավճարները։
ArmLur.am-ը առողջապահական ապահովագրական մանրամասների մասին զրուցել է «Առողջության իրավունք» ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշել է, թե ինչ ռիսկեր եւ բացեր կան առողջապահական ապահովագրության ներդրված համակարգում։ Նա նշեց, որ ինչ էլ փոխեն եւ «բարելավեն», միեւնույնն է, համակարգը թույլ է, եւ մարդիկ կվճարեն ապահովագրության համար, սակայն կրկին կշարունակեն կա՛մ հերթ կանգնել, կա՛մ օգտվել վճարովի տարբերակից։
-Տիկի՛ն Վարդանյան, Դուք ուսումնասիրում եք առողջապահական ապահովագրության հետ կապված խնդիրները, դրանց բացթողումները: Կարո՞ղ եք ներկայացնել առողջապահական ապահովագրության մանրամասները, որոնք պետք է քաղաքացիներն իմանան, բայց նախարարությունը չակերտները չի բացում:
-Առողջապահական ապահովագրությունը ֆինանսական փոխհատուցման փոփոխություն է. սա ֆինանսական բարեփոխում է: Տրամաբանությունը հետեւյալն է. 100 կամ 200 հազար մարդիկ գումար են վճարելու անընդհատական՝ յուրաքանչյուր ամիս կամ տարվա կտրվածքով, բայց օգտվելու են այդ ծառայություններից վճարում իրականացրած մարդկանց 10 տոկոսից ոչ ավելին: Սա շատ լավ մեթոդ է ֆինանսական փոխհատուցման: Նրանք, ովքեր աշխատում են, անգամ եթե ունեն սոցապահովագրություն կամ այլ երաշխիք, իրենք գումար են վճարելու. այս պահին նախատեսված է 164 000 դրամ: Լրացուցիչ բոլորը պարտադիր ապահովագրավճար են տալու, մեր աշխատավարձից այդ չափով գումար է գործատուն պահելու: Երկրորդը, որ պետք է իմանալ, այն է, որ ողջ պետպատվերը աշխատողը փոխհատուցելու է իր համար, այսինքն՝ պետական պատվեր հասկացությունը վերանում է, իսկ այն մարդիկ, որոնք դրա հնարավորությունը չունեն, կամ հատուկ խմբեր են, նրանց հոգսը վերցնում է պետությունը: Պետությունը վերցնում է մինչեւ 18 տարեկան երեխաների, զինծառայող ընտանիքի անդամների, ֆունկցիոնալության սահմանափակություն ունեցողների ապահովագրավճարի փոխհատուցումը: Աշխատող մարդու վրա է լինելու լրացուցիչ ֆինանսական բեռ: Բացի այդ, այն մեխանիզմները, որոնք այսօր պետք է իրականացվեն, մեծ պետպատվեր է, ոչ թե ապահովագրություն, որովհետեւ այս ծավալի եւ այս չափի ծառայությունների մատուցումը, այնուամենայնիվ, մեզ զերծ չի պահելու հերթագրումներից, մեզ զերծ չի պահելու տարբեր կոռուպցիոն ռիսկերից եւ չի տալու այն մակարդակի որակյալ բուժօգնությունը, որը մենք ցանկանում ենք: Ստիպված խնդիրների դեպքում մենք դիմելու ենք վճարովի ծառայությունների:
-Ստացվում է՝ կրկնակի՞ ենք վճարելու:
-Իհարկե, գումարած դրան՝ ուզում եմ ասել, որ թերապեւտիկ բուժօգնությունը, խրոնիկ հիվանդությունների սրացման վիճակները չեն փոխհատուցվելու, այսինքն՝ ծավալը համարյա պետպատվերի չափով է լինելու, մի փոքր՝ քիմեոթերապիա կավելանա, հետեւաբար ստեղծվելու է մի հատ նոր հիմնադրամ, անունը՝ Աողջապահական ապահովագրության հիմնադրամ, նոր կառույց է լինելու, որը չի ենթարկվելու լիցենզավորված ապահովագրական կազմակերպությունների չափանիշներին. այն իր մասին նոր օրենքով է սահմանվելու: Ստացվում է՝ մենք հերթական անճոռնի սունկն ենք աճեցնում մեր դաշտում, եւ նման չէ ոչ մեկին, չգիտեմ՝ ինչու. եթե մենք արդեն ունենք առողաջապահական ապահովագրության շուկա, եթե մենք ունենք կամավոր բժշկական ապահովագրության՝ մոտավոր 27-28 միլիարդի ծառայություններ, եթե մենք ունենք սոցփաթեթի ապահովագրություն, ինչո՞ւ չեն սրանք զարգացնում, այլ բոլորը կողք են դնում, սկսում են նորից:
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԱՐԿԱԾՆԵՐ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
ArmLur.am-ին արցախցիներն ուշագրավ տեղեկություններ են ներկայացրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի վերաբերյալ:
Ըստ մեր զրուցակիցների՝ վերջինս անգործություն է ցուցաբերում եւ բացարձակապես չի զբաղվում արցախցիների խնդիրներով, մինչդեռ լավ էլ ակտիվ ու գործունյա էր, երբ հարցը վերաբերում էր իրեն։ Եվ այսպես, վերջիններիս պնդմամբ, երբ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիսանում էր Արցախի ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, 2019թ. մարտի 13-ին Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոցի 1/61 շենքի թիվ 30 բնակարանը նվիրատվության կարգով տրվել էր Հայաստանի Հանրապետությունից Արցախի ազգային անվտանգության ծառայություն տեղափոխված Աշոտ Սերգեյի Առուշանյանին: Դրանից ընդամենը մի քանի ամիս անց Աշոտ Առուշանյանը այդ տունը իբր վաճառել է Էլեոնորա Շահրամանյանին. վերջինս հանդիսանում է Սամվել Շահրամանյանի մայրը: 44-օրյա պատերազմից հետո՝ 2021թ., Ս. Շահրամանյանի մայրն այդ բնակարանը վաճառել է Արցախի ներդրումային հիմնադրամին եւ դրա դիմաց ստացել 25.000.000 դրամ: Մեր զրուցակիցների պնդմամբ՝ ահա սրանով են եղել զբաղված 44-օրյա պատերազմից հետո Արցախում պաշտոն զբաղեցնողները եւ Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանում որպես «սրբեր» ներկայացողները:
Մեր զրուցակիցների պնդմամբ՝ Արցախում գրեթե բոլորը ճանաչում են ժամանակին բիզնեսով զբաղվող Արամ Խաչատրյանին (Ախթամարի Արամ), ում հարյուրավոր միլիոնների հասնող ունեցվածքը Բակո Սահակյանի կառավարման ժամանակ ամբողջությամբ բռնագրավվել էր պետության կողմից: Երբ Սամվել Շահրամանյանը հանդիսանում էր Արցախում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարը, նրա պաշտոնավարման ժամանակ Արամ Խաչատրյանի կատարողական վարույթի նյութերը անհետացել են, իսկ հետագայում հայտարարեցին, որ դրանք կորել են: Թե ուր են կորել եւ ում հեղինակությամբ, այդպես էլ մնաց անհայտ, ու այդ ամենի համար ոչ ոք պատասխանատվության չկանչվեց:
Արցախցիներից որոշներն էլ դժգոհեցին 2023թ. սեպտեմբերի 25-ին Արցախում բենզինի տարաների պայթյունի պատասխանատուներին առ այսօր պատասխանատվության չկանչելու համար։ Թեեւ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ բենզինի պահեստը գտնվում էր ՊԲ ենթակայության տակ, սակայն բազմաթիվ զինվորականներ պնդում են, որ այն դեպքից օրեր առաջ հանձնվել էր Արցախի կառավարությանը. նման տեղեկություններ ունեն նաեւ ՀՀ իրավապահ մարմինները։ Մեր զրուցակիցները բավականին բացասական արտահայտվեցին նաեւ վերջերս Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի պետական նախարար նշանակված Արամ Սարգսյանի վերաբերյալ՝ խոստանալով նրա կերպարի ու կոռուպցիոն արկածների մասին ներկայացնել բազմաթիվ փաստեր:
Ի դեպ, Armlur.am-ի աղբյուրները փոխանցել են Արցախի կառավարության 2019թ. որոշման, ինչպես նաեւ պայմանագրերը, որոնք ամբողջությամբ հաստատում են մեր զրուցակիցների ներկայացրած տեղեկությունները։ Հատկանշական է, որ հիշյալ տեղեկությունները ամբողջությամբ գտնվում են ՀՀ համապատասխան պետական մարմինների տիրապետության տակ եւ հարկ եղած դեպքում կարող են ստուգվել նրանց կողմից։
Փաստաթղթերն ամբողջությամբ՝ ArmLur.am կայքում
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը Գերմանիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Համբուրգի գործարար հարաբերություններում դերակատարություն ունեցող կառույցների ներկայացուցիչների հետ:
ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային լոգիստիկ խնդիրների ուսումնասիրությունն առանցքային է դարձել Համբուրգի նավահանգստային խորհրդատվական ընկերության տնօրենի տեղակալ Ֆրանկ Բուսեի հետ հանդիպման ընթացքում:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են Հայաստանի լոգիստիկ զարգացման հեռանկարում Համբուրգի` որպես Գերմանիայի եւ ամբողջ Հյուսիսային Եվրոպայի տնտեսական, լոգիստիկ եւ նավահանգստային նշանակալի հանգույցի փորձառության կարեւորությունը:
Այնուհետեւ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը հյուրընկալվել է Համբուրգի առեւտրի պալատում, որտեղ տեղի է ունեցել հանդիպում Առեւտրային պալատի ռազմավարության եւ միջազգային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Ֆիլիպ Կոխի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ կապերի ամրապնդման համար ուղիների որոնման եւ օրենսդրական բարենպաստ դաշտ ձեւավորելու հնարավորությունները:
ԾԱՆՈՒՑՈՒՄՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 13-ին ճեպազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու Երեւանի որոշումը։
«Մենք իսկապես տեսել ենք Հայաստանի ղեկավարության մեկնաբանությունները այս թեմայով։ Ինչպես հասկանում ենք, համապատասխան ծանուցումն ուղարկվել է գերատեսչական գծով։ Մենք դիվանագիտական ուղիներով ոչինչ չենք ստացել։ Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր որոշումները կկայացվեն միջգերատեսչական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա»,- ասել է Մարիա Զախարովան։
Միաժամանակ նա նշել է, որ նշված հայտարարությունը հայկական կողմից արվել է «պաշտոնական Երեւանի մի շարք ոչ բարեկամական քայլերի եւ հայտարարությունների ֆոնին»։
«Քիչ հավանական է, որ նման նախաձեռնությունը համապատասխանի Հայաստանի եւ նրա քաղաքացիների անվտանգությանը՝ հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որ ռուս եւ հայ սահմանապահները երկար տարիներ արդյունավետ աշխատում են՝ ուս ուսի տված»,- հավելել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։