Ադրբեջանին առիթ պետք չէ, ինքն իր ծրագրով առաջ է գնում. Թևան Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական կողմը նորից կրակ է բացել ՀՀ ԶՈՒ ուղղությամբ։

ՊՆ-ն հայտնել է, որ մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հասարական, քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը ասաց, որ կրակոցներ եղել են նախկինում էլ, հիմա էլ, ինտենսիվության խնդրի կանխատեսում բոլորն էլ արել են, որ Ադրբեջանը իր ռազմական գործողությունները չի դադարեցնելու։

«Ադրբեջանը չի պատրաստվում ոչ մի բան ստորագրել, պատրաստվում է մինչև վերջ ճնշել՝ ինչքան, որ կկարողանա, մինչև իրենք իրենց «ազգային երազանքին» հասնեն, Հայաստանը վերացնեն։ Այսօր ինչի՞ց ենք զարմանում»,-մեզ հետ զրույցում նշեց Պողոսյանը։

Թևան Պողոսյանի խոսքով՝ կրակոցների վերացումը միայն գալու է, եթե մենք պարտադրենք խաղաղություն։

«30 տարի պարտադրել էինք, դա բաց թողեցինք ձեռքներիցս ու հիմա ինչո՞ւ ենք զարմանում»,- ասաց Պողոսյանը։

Անդրադառնալով երեկվա Փաշինյանի Բրյուսել այցին՝ ArmLur.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հնարավոր է, որ Փաշինյանի այցով պայմանավորված է թշնամին սկսել կրակ բացել հայկական կողմի ուղղությամբ, ինչին ի պատասխան Պողոսյանն ասաց.

«Ադրբեջանին առիթ պետք չէ, ինքն իր հաշվարկները անում է ծրագրերով։ Կուզեք մեկնեք Բրյուսել, կուզեք մի մեկնեք։ Մի շաբաթ առաջ էլ չէր մեկնելու ու կրակել էին էլի։ Բայց, եթե դու ինքդ առիթ ես տալիս՝ ինչու ոչ»։

Պողոսյանը նաև նշեց, որ այսօր Ադրբեջանը իր բոլոր նպատակները իրականացնում է, այլ խնդիր է, որ մենք պետք է ի վերջո գանք այն գիտակցությանը, որ պատերազմը չի ավարտվել, մենք պատերազմի մեջ ենք և մինչև չպարտադրենք՝ թշնամին որևէ անգամ իր կրակոցները չի դադարեցնելու։

Խոսելով նաև Տավուշի չորս գյուղերի մասին՝ քաղաքական գործիչը նշեց.

«Տավուշի 4 գյուղերի թեման ո՞վ է բացել։ Հայկական պարտված իշխանությո՞ւնը։ Ալիևի համար էդ 4 գյուղերը խնդիրը չի եղել։ Ի՞նչ է անկլավների մասին, Զանգեզուրի միջանցքի, թե «Իջևանի» մասին է մոռացե՞լ։ Եթե ցանկանում էինք այդ գյուղերի համար խոսակցություն չբացվեր, Արցախի համար կռիվ տալ էր պետք»։

Եզրափակելով զրույցը՝ Պողոսյանն ասաց, որ կորցնելով Արցախը՝ հայոց պետականության էջն ենք շրջելու, այդտեղ էլ է ամեն բան ասված և Մոնթե Մելքոնյանի հանճարեղ այս ձևակերպումը պետք է ամեն օր մեր մտքի մեջ դաջված լինի։

Աննա Սրապիոնյան




Լրահոս