Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան չի համաձայնի Ուկրաինայի դեմ պատերազմի «սառեցմանը», քանի դեռ չեն վերացվել Ռուսաստանի կողմից որպես հակամարտության «արմատական պատճառներ» ներկայացվող խնդիրները։
Գալուզինի խոսքով՝ պարզ հրադադարը չի կարող լուծում լինել, և Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել ռազմական գործողությունները՝ առանց իր ավելի լայն քաղաքական ու տարածքային պահանջների ապահովման։ Նա նաև մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հակամարտությունը սրելու մեջ։
Ռուս պաշտոնյան քննադատել է նաև Ուկրաինային ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից ցուցաբերվող ռազմական ու հետախուզական աջակցությունը՝ պնդելով, որ այն չի նպաստում խաղաղության հաստատմանը։ Միաժամանակ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է բաց մնալ դիվանագիտական կարգավորման համար։
Ռուսաստանի դիրքորոշումը համահունչ է վերջին ամիսների ընթացքում Մոսկվայի այլ պաշտոնյաների հայտարարություններին։ Վլադիմիր Պուտինը պնդում է, որ հնարավոր կարգավորումը պետք է ներառի Ուկրաինայի կողմից ամբողջ Դոնեցկի շրջանի հանձնումը, մինչդեռ Կիևը առաջարկում է նախ հաստատել հրադադար՝ ներկայիս առաջնագծի երկայնքով, ապա անցնել խաղաղության բանակցությունների։























































































