Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվեց Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ պետությանը վերադարձված՝ 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ շուկայական արժեքով Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող՝ 16.013 քմ մակերեսով հողամասը։
Հիշեցնենք, որ հաշտության համաձայնությունը հաստատվել էր Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 27-ի վճռով:
Գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։
Հավելենք, որ վերջին վեց ամիսների ընթացքում՝ 2023 թվականի 4-րդ եռամսյակում և 2024 թվականի առաջին եռամսյակում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության շրջանակում, պետությանն է վերադարձվել շուրջ 10 միլիարդ դրամի գույք:
Նշված ժամանակահատվածում օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դրանից հետո ընդունված Կառավարության որոշմամբ, միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, ՀՀ սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 միլիարդ 118 միլիոն դրամ արժեքով, ՀՀ սեփականությանն է փոխանցվում նաև շուրջ 609 միլիոն դրամ: