ՏԱՎՈՒՇԻՑ ՍԿՍԵԼԸ ԲԱՔՎԻ ԱՌԱՋԱՐԿՆ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սահմանազատումը եւ խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարցեր են, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ, ու մեկը մյուսից կախման մեջ դնել».- այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ եւ երկարատեւ գործընթաց է:

«Խորհրդային տարիներին, երբ ունեինք վարչական սահմաններ, Հայկական ԽՍՀ-ի եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի միջեւ այս վարչական սահմանի մի մասը սահմանված չէր։ Սահմանի մեծ մասն ամբողջովին անմարդաբնակ է՝ 3500 մետր բարձրությամբ լեռներ կան, որոնք տարվա ինն ամիսը ծածկված են ձյունով։ Սա, իսկապես, շատ բարդ տեղանք է։ Ուստի, գործնական տեսանկյունից այս սահմանի սահմանազատումը կարճ ժամանակում անհնար է։ Այսպիսով՝ այն շատ դանդաղ գործընթաց է լինելու: Գործընթաց, որը պահանջում է բարձր ճշգրտություն: Հետեւաբար, եթե սպասենք մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը սահմանազատվի, եւ հետո խաղաղության պայմանագիր կնքվի, մեզ անհրաժեշտ կլինի 30 տարի, նույնիսկ՝ ավելին։ Ուստի, առաջարկում ենք առանձնացնել այս երկու հարցը». – ասել է Ալիեւը:
Նա հավելել է, որ Տավուշի մարզից սահմանազատումը սկսելը եղել է Բաքվի առաջարկը:
«Մենք հայկական կողմին ասացինք, որ եթե իսկապես ցանկանում են առաջ գնալու իրենց պատրաստակամությունը դրսեւորել, պետք է այդպես անեն… Կարծում եմ, որ մեր պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրն արդեն կարելի է սահմանազատված համարել։ Սա կարեւոր կետ է, եւ պատահական չէ, որ շատ տարածաշրջանային եւ ոչ տարածաշրջանային երկրներ արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել դրան։ Կտեսնենք, թե ինչպես կշարունակվի այս գործընթացը։ Ինչպես արդեն ասացի, երկու կողմն էլ դրսեւորել է կառուցողականություն։ Երկու կողմն էլ հասկանում է այս հարցի զգայունությունը եւ միեւնույն ժամանակ հավատարմությունը միջազգային իրավունքին։ Կարծում եմ՝ եթե հետագա փուլերում նույն մոտեցումը կիրառվի, մենք կկարողանանք ավելի արագ առաջ շարժվել». – ասել է Ալիեւը:
Նա հավելել է, որ սահմանը պետք է սահմանազատել սկզբունքներից ելնելով, բայց, միեւնույն ժամանակ, կան սահմանի որոշ հատվածներ, որոնք խնդիրներ են ստեղծում երկու կողմի համար. դա վերաբերում է ճանապարհներին, անվտանգության խնդիրներին, միմյանց տարածքի խորության տեսանելիությանը։
«Ուստի, մենք պետք է ստեղծագործ մոտեցում ցուցաբերենք: Մենք չպետք է հավատարիմ մնանք մեկ կոնկրետ գծին եւ կուրորեն հետեւենք դրան: Մենք պետք է ողջամիտ լինենք եւ պայմանավորվենք այնպիսի սահմանի շուրջ, որը կլինի անվտանգ եւ հարմար երկու կողմերի համար։ Չնայած, ինչպես արդեն ասացի, սահմանամերձ եւ հարակից տարածքների մեծ մասը բնակեցված չէ, բայց կան տարածքներ, որտեղ մարդիկ ապրում են իրար կողքի։ Եվ այդ տարածքներից մեկը հենց այդ չորս գյուղերի տարածքն է, որտեղ բնակավայրերի միջեւ հեռավորությունը կարող է հասնել մի քանի հարյուր մետրի, կամ նույնիսկ ավելի քիչ», – եզրափակել է Ալիեւը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՌԴ-Ն ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաջին սահմանային սյան տեղադրումը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկվա ճեպազրույցում ընդգծել է, որ Մոսկվան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման բոլոր հարցերի կարգավորմանը բացառապես դիվանագիտական մեթոդներով։
«Մենք հիմք ենք համարում այն, որ պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված եւ փոխընդունելի: Դրանք պետք է հիմք ծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար, եւ մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

ԸՍՏ ՍԻՄՈՆՅԱՆԻ՝ ԱՅԺՄ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆՔ
Տավուշի մարզի հատվածում սահմանազատման գործընթացի արդյունքում Հայաստանը եւ Ադրբեջանը կֆիքսեն պետական սահմանը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ սահմանազատված հատվածներում կտեղակայվեն սահմանապահները։
«Մեծ հույս ունեմ, որ նման ձեւով կշարունակենք մեր ամբողջ սահմանը սահմանազատել»,- ասաց ԱԺ նախագահը, ապա հավելեց, որ գործընթացը երկու երկրների միջեւ սահմանի ճշգրտումն իրականացնելու սկիզբն է։
«Անկեղծ, շատ ուրախ եմ, որ եկել, հասել ենք նրան, որ արդեն սյուներ ենք տնկում եւ ֆիքսում ենք սահմանը։ Չէ՞ որ այդ սահմանը ֆիքսում ենք ոչ միայն հայկական կողմի համար, այլեւ ադրբեջանական կողմի համար։ Սահման ենք ստանում: Միակողմանի զիջո՞ւմ է սահման ունենալը. միակողմանի զիջում է հավանական հարձակվող կողմից մեր հայկական սահմանը ճանաչե՞լը, դա զիջո՞ւմ է. որեւէ տարածք, որեւիցե թումբ հանձնվե՞լ է»,- ասաց Սիմոնյանը եւ նշեց, որ բազմիցս ասվել է, որ ՀՀ տարածքից որեւիցե մետր հանձնման առումով քննարկման ենթակա չէ:
Ըստ Սիմոնյանի՝ այժմ տարածքն ավելի պաշտպանված է, եւ որ գործընթացի արդյունքում՝ 10-12 կիլոմետր տարածքում Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։
Հիշեցնենք՝ 2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։

ԹԱՎՐԻԶՈՒՄ ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԲԱՑՎԻ
Հայաստանի կառավարությունը Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է կայացրել։ Ինչպես հաղորդվում է, Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցն ընդգրկված էր Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության առեւտրաշրջանառության ծավալները հասցնել մեկ, այնուհետեւ՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի: Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության գործունեությունը կարող է նպաստել Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
«Հիմք ընդունելով 2007 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարների կողմից ստորագրված «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ գլխավոր հյուպատոսություններ հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագիրը՝ 2022 թվականի հոկտեմբերից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործում է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հիմնումը կապահովի փոխադարձության սկզբունքի կիրարկությունը»,- նշված է հիմնավորման մեջ:

ԳԱԶԻ ՆԵՐԿՐՈՒՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ՞Ց
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է վերաբերվում Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու Իլհամ Ալիեւի առաջարկին։
«Կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք այդ հարցը։ Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական գազ չէ, որովհետեւ, վստահ եմ, այն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս, մտնում է իրենց մոտ եւ գնում Եվրոպա, նույն գազն է, մեծ հաշվով, գալիս եւ մտնում մեր տարածք։
Շատ լավ տարբերակ է, որ ոչ միայն Ադրբեջանից, այլեւ Պարսկաստանից գազամուղ անցկացնել, գազ գնել»,- ապրիլի 25-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Սիմոնյանը։
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանը կարող է Ադրբեջանից գազ գնել՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորումից եւ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։




Լրահոս