«Հայաքվե» նախաձեռնությունը շարունակում է իր բողոքի ակցիաները՝ թե՛ Երևանում, թե՛ Տավուշի մարզում՝ ի աջակցություն տավուշցիների:
Armlur.am-ի հետ զրույցում «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն ասաց, թե ի՞նչ առաջընթաց ունեն ցույցերի արդյունքում․
«Նայած, թե ցուցիչը ինչն ենք տեսնում: Եթե ցուցիչը տեսնում ենք իշխանափոխություն, չունենք առաջընթաց: Բայց մենք հետևողական ենք մեր գործունեության մեջ՝ հանրայնացնելու ոստիկանության կողմից տեղի ունեցող ապօրինի և անհամաչափ բռնության դեպքերը, հանրությանը դա տեղ հասցնելու և ոստիկանության համակարգին ցույց տալու, որ այն ինչ արվում է ոստիկանության առանձին ստորաբաժանումների՝ սև բերետավորների կողմից, ապօրինի է և հակասահմանադրական:
Արգելում են մարդկանց ազատ տեղաշարժը, խախտում են մարդկանց սեփականության ու խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը:
Ըստ էության, փաստացի, հայ ժողովրդի ներկայացուցիչների հանդեպ անհամաչափ բռնություն գործադրելով, նրանց իրենց հայրենի տարածքից հեռացնելով՝ ապահովում են թշնամու կողմից համապատասխան տարածքների օկուպացիան»:
Մենուա Սողոմոնյանը նշեց, թե այս պահին որոնք են լինելու «Հայաքվե»-ի գործողությունները.
«Մենք մեր օրակարգի մեջ Հայաստանի Հանրապետության սահմանազատման և սահմանագծման գործընթացում տեղի ունեցող ապօրինությունները հնարավորինս կանխելու, եթե հնարավոր չէ՝ այդ փաստերը հանրությանը ներկայացնելու և հանրային ընդվզման հակազդեցության ալիք բարձրացնելու ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»:
Ի պատասխան այսօր ԱԺ ամբիոնից ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ ընդդիմությանն ուղղված անդրադարձին, թե անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում՝ Մենուա Սողոմոնյանը ասաց.
«Չէի ցանկանա այդ անձին կոնկրետ իր ասածի հետ կապված հակադարձել հատուկ ձևով, բայց ամեն ինչ տեղի է ունենում տեսախցիկների և մարդկանց առջև: Եթե պատգամավորների կամ այլ ընդդիմադիր գործիչների ասածը սուտ է, ապա Կիրանցի գյուղացիների տեսածն ու ասածն էլ հո՞ սուտ չէ»,- եզրափակեց Մենուա Սողոմոնյանը: