ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ ՇԱՐԺՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բագրատ սրբազանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որն իր քայլերթը սկսել էր մայիսի 4-ին՝ Կիրանցից, մայիսի 5-ին իր քայլերթը սկսեց Սեւանի թերակղզուց ժամը 11։00-ին։

Թեզերը եւ կարծիքները շատ են, թե ո՞վ է իրականում այս շարժման առաջնորդը։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այդ խոսույթներին վերջ տալու համար մայիսի 5-ին ուղիղ եթերում հայտարարեց, որ այս շարժման առաջնորդներն են ինքը՝ Բագրատ Սրբազանը, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը եւ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
Վերհիշենք՝ ով է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ավազանի անունը՝ Վազգեն, ծնվել է Հայաստանում՝ Գյումրիում, 1971 թվականին եւ 1994 թվականին ավարտել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանը, ապա ուսումը շարունակել Մեծ Բրիտանիայում՝ ավարտելով Լիդձի համալսարանն ու բակալավրի աստիճան ստացել Մըրֆիլդի Սուրբ Հարության աստվածաբանական քոլեջից: 2002-ից 2003 թվականներին եղել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահը, իսկ 2003-ից 2013 թվականներին Կանադայի հայոց թեմի առաջնորդը: 2015 թվականից առաջնորդում է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմը եւ 2017 թվականից անդամակցում Գերագույն հոգեւոր խորհրդին:
Հաջորդ առաջնորդը ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է, ով մասնագիտությամբ պատմաբան է, 2005 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի պատմության ֆակուլտետը: 2007 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2006-ից 2013 թվականներին եղել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ Արմավիրի մասնաճյուղի տնօրենը: 2012-ից 2022 թվականներին զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:
2022թ. հոկտեմբերի 14-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Շարժման մյուս առաջնորդը քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն է, ով սեփական նախաձեռնությամբ՝ Տավուշի գյուղերի մասին խոսակցություններից անմիջապես հետո տեղափոխվեց Տավուշ եւ բնակություն հաստատեց Ոսկեպարում։
2004-ից 2008 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, ստացել թենիսի մարզիչ մանկավարժի որակավորում։ 2009-ից 2013 թվականներին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետում։ 2011-ից 2013 թվականներին սովորել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում՝ Քաղաքական կառավարում եւ քաղաքական վերլուծություն ծրագրում եւ ստացել Քաղաքագիտության մագիստրոսի կոչում։ 2013-ից 2016 թվականներին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Պետական եւ մունիցիպալ կառավարում բաժնում եւ ստացել է մագիստրոսի կոչում։ Ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրան՝ պաշտպանելով «Քաղաքական էլիտայի կերպափոխման հիմնախնդիրները ՀՀ-ում» անվանմամբ գիտական հետազոտության թեմայով աշխատանք:
2012-ից 2018 թվականներին եղել է ՀՀ ԱԺ երկրորդ գումարման Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԾԱՆՈԹ-ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի սկսած շարժումը իրարանցում է առաջացրել իշխանությունների մոտ:
ՔՊ-ականներն այնքան են անհանգստացած, որ վերջին օրերին՝ որքան հնարավոր է, սուտ ու շատ դեպքերում ծիծաղելի հայտարարություններ են անում Բագրատ սրբազանի հասցեին՝ փորձելով արատավորել նրա անունը:
Այս ամենից անմասն չի մնացել նաեւ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, որը երեկ ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել՝ փորձելով ներկայացնել, թե իբր Բագրատ սրբազանը Տավուշում բիզնեսով է զբաղվել. «Կարդացի, որ շարժումը հասել է Հաղարծին վանք ու մի դրվագ հիշեցի, ձեզ հետ էլ կիսվեմ. ով եղել է Հաղարծինում՝ կհիշի, որ համալիրի ներսում խանութ կա: Մի օր գաթա գնեցի, ու քանի որ ՀԴՄ չտվեցին, սկսեցի հարցուփորձ անել: Հարցնում եմ.
-Տեղու՞մ եք թխում:
-Այո, – պատասխանում է վաճառողը, – բնակիչները տարբեր բաղադրիչներ են նվիրաբերում, մյուսները գալիս անվճար թխում են: Դե մենք էլ օգնում ենք:
-Իսկ հասույթը ի՞նչ եք անում, – տեղին հարց առաջացավ:
-Չգիտեմ, գնում է Տավուշի թեմ:
Ի դեպ, գաթան էն ժամանակ մատչելի չէր՝ 1500 դրամ էր, լավ բիզնես է, Բագրատ Սրբազան»:
Ուշագրավ է, որ Բագրատ սրբազանին՝ իբրեւ բիզնեսով զբաղվողի, մեղադրում է նույն Հասմիկ Հակոբյանը, որն իր ծանոթ-բարեկամներին Ազգային ժողովում աշխատանքի է տեղավորում: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարի էր գրել, որ նա, իր հորից սկսած, փեսային, ազգականին, ընկերուհուն աշխատանքի է տեղավորել ԱԺ-ում:
Այս ընթացքում Հասմիկ Հակոբյանը հասցրել է.
l հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին, տեղավորել ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում,
l իր ազգական Նինա Հակոբյանին աշխատանքի է տեղավորել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ որպես գործավարուհի,
l քրոջ ամուսնուն՝ Վարոյին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդ,
l իր աղջկա դասընկերուհու մորը եւ մյուս ծանոթին էլ տեղավորել է խորհրդարանի բուժկետում, եւ նրանցից մեկը բուժկետի բուժքույրն է՝ Լիլիթ Օհանյանը,
l իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ էլ նշանակել է տվել Մարի Ստեփանյանին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՐՑԸ ՀԱՆՎԵԼ Է ԱԺ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ
ՍԴ դատավորի ընտրության հարցն անակնկալ կերպով հանվել է ԱԺ նիստերի օրակարգից:
ՔՊ-ական պատգամավորները մեզ հետ զրույցում ասացին, որ չգիտեն պատճառների մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն իր մտերիմներին ասել է, որ առողջական խնդիրներ ունի ու չի կարող ԱԺ գնալ:
ՍԴ դատավորի ընտրությունը կհետաձգվի հաջորդ քառօրյա նիստերի օրակարգ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

ԱՍԵԼ ԷԻՆ՝ ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Բոլորը կհիշեն, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ՀՀ մարզերի ձեւաչափով մեկնարկ տվեց «Իմ քայլը հանուն … (իքս) մարզի» անվանումը կրող շարժմանը կամ հրամանին։
Դրան զուգահեռ պարբերաբար գործում էր «100 նվաճում-հրաշալիք» հաղորդաշարը, որը մոռացության մատնեց վերոնշյալ միջոցառումը։
Ուսումնասիրում ենք «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» տնտեսական ծրագրի արդյունքները, որոնք ներկայացված են մարզպետարանի պաշտոնական կայքում. եթե կարճ` զրո արդյունք: 2019 թվականի մայիսի 11-ին ինչ-որ էքսպո է տեղի ունեցել եւ վերջ։

ՀՈՂ ՀԱՆՁՆՈՂՆԵՐԸ ԿՈՉՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՏԱՆԱԼՈՒ
Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է 35 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
Գործընթացի «մութ» կողմերի մասին ահազանգել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը. «ՀՀ զինված ուժերն ականազերծումն անում են զինվորական բարձրաստիճան կոչում կրողի բանավոր հրամանի համաձայն՝ ես դրան տեղյակ եմ։ Դեռ չեմ տալիս այդ հրամանը ստորագրողի անունը, բայց այդ հրամանը ստորագրողն արդեն պատմության մեջ է, որպես դավաճան։ Ինչի հիման վրա է այդ մարդը ստորագրել այդ հրամանը, այստեղ հարց է. կգա ժամանակ բոլորի ազգանունները կհայտնենք։ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք։ Այսքան տարի զինվորական եմ եղել ու չեմ իմացել, որ կարելի է հող հանձնել ու կոչում ստանալ։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ է թե հրաման ես կատարել հող հանձնելու, դու կոչում պետք է ստանաս. դե թող վայելեն այդ կոչումները։ Չեմ էլ ուզում այդ արարքին գնահատական տալ։ Կոչումները կստանան, կգնան կնշեն»։
Գեներալ Կարապետյանի խոսքով՝ բոլոր պարգեւատրումներն ընդունողները եւս կիսում են կատարվածի պատասխանատվությունը. «Գրվելու է չէ՞՝ ինչի համար է այդ կոչումը ստացել։ Դա հո ուրիշ կերպ չի լինելու: Պատմությունը գրելու է, որ այս չորս գյուղը հանձնելու համար այս չորս հոգին ստացան այսինչ կոչումները։ Ես երբեք զինվորականների մասին վատը չեմ խոսում։ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ գեներալը կարող է կանգնել ու մեկ այլ գեներալի մասին ինչ-որ բան խոսել լրատվամիջոցներով. ինչ-որ գնահատականներ չեմ տալիս, պատմությունն ամեն բան կարձանագրի», – նշել է նա։




Լրահոս