Ինչպես հայտնի է, 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, «Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են ուսանողի ուղղությամբ:
Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ։ Երիտասարդների միջեւ կրկին վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետեւանքով նա վայր է ընկել, որից հետո տղաները, գետնին ընկած վիճակում, շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան: Հավաքված անձանց միջամտության արդյունքում՝ վիճաբանությունը դադարել է:
Իրավապահները հայտնաբերել են դանակահարողին եւ նրա հետ քոլեջի տարածքում տղային մահակներով ծեծի ենթարկած մյուս ենթադրյալ հանցագործներին: Դեռեւս 1,5 ամիս անց նախաքնական մարմինը հայտնել էր, որ նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված մեծածավալ միջոցառումներով պարզվել է նաեւ միջադեպի ժամանակ տուժողին մահակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը, ով 21-ամյա երիտասարդի մեկ այլ ընկերն է, ում նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել եւ հայտարարվել հետախուզում։
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ վերջինս դեռ հայտնաբերված չէ ասել է, թե մահակով հարվածողին դեռ փնտրում են:
Հիշեցնենք, որ 17-ամյա երիտասարդը, ով ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հետ տեւական ժամանակ, անձնական հարցի առնչությամբ, գտնվել է թշնամական հարաբերությունների մեջ, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել էր սույն թվականի մարտի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում՝ Երեւան քաղաքի Մամիկոնյանց 52/3 հասցեի մոտ:
Վարույթի շրջանակում ձեռնարկված քննչական անհրաժեշտ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից եւս երկու անձի ինքնություն, որոնք սպանության կասկածանքով ձերբակալված 21-ամյա երիտասարդի ընկերներն են: Քննիչների եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում՝ ընկերներից մեկը եւ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին եւ ձերբակալվել:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ վերջինիս վերոհիշյալ ընկերոջը՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 21-ամյա երիտասարդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է: Վերջինիս ընկերոջ նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը:
Նախաքննությունը շարունակվում է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ժ. ՈՍԿԱՆՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏՈՒԺՈՂ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ մայիսի 5-ին Երեւանի ակումբներից մեկում առերեւույթ խմբային խուլիգանության եւ ինքնիրավչության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
2024 թ. մայիսի 5-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ երեկոյան, Երեւան քաղաքի Թումանյան փողոցում գործող ակումբներից մեկում Մ.Բ.-ն եւ նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ, ձեռքերով անհարգալից ժեստ ցույց տվել, վերցրել հեռախոսը, որը որոշ ժամանակ անց վերադարձրել են, ինչպես նաեւ քաշքշել են նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (խմբի կազմում խուլիգանությունը) եւ 460-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնիրավչությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ԺԱՄԿԵՏԱՅԻՆՆԵՐԸ ԿԱՆԳՆԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Նորայր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ժամանակ մարտական գործողությունների իրականացման վայրում, զորամասի կազմով բացազատվելուց հետո՝ պարտավոր լինելով կարգադրությամբ սահմանված համապատասխան վայրում կատարել ծառայողական առանձին պարտականություններ՝ իրականացնել պաշտպանություն, հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, այն է՝ թողել է կարգադրությամբ նախատեսված վայրը եւ վերադարձել է զորամաս։ Բացի դրանից, նա, ներկայանալով զորամասի մշտական տեղակայման վայր,հանձնել է իրեն ամրակցված զենք-զինամթերքը, ապա 2020թ.-ի հոկտեմբերի 10-ին ինքնակամ թողել է զորամասը եւ միայն 2020 թ.-ի նոյեմբերի 08-ին,ներկայացել է ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժին՝ այդ կերպ զինվորական ծառայությունից ինքնակամ բացակայելով 240 ժամից ավելի տեւողությամբ։
Զավեն Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի գնդացրորդի օգնական, շարքային, 2020թ.-ի հոկտեմբերի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, այն է՝ թողել է կարգադրությամբ նախատեսված վայրը եւ վերադարձել է ՀՀ ՊՆ N զորամաս։
Սարգիս Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով պարտադիր ժամկետային զինծառայող 2020թ.-ի հոկտեմբերի 9-ին հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, այն է՝ թողել է կարգադրությամբ նախատեսված վայրը եւ վերադարձել ՀՀ ՊՆ N զորամաս։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ԳՈՅ» ԹԱՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Վերաքննիչ դատարանում երեկ՝ ժամը 11։00-ին, տեղի է ունեցել «Գոյ» թատրոնի գործով դատական նիստը։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանի հետ՝ մանրամասն իմանալու, թե ինչ որոշում է կայացվել դատարանում, ինչ նորություններ կան։
Մեզ հետ զրույցում Արզումանյանն ասաց, որ ունեին հստակ պահանջ, եւ նիստի ընթացքում քննվեց ու ավելի կոնկրետացավ պահանջը։
«Դատական նիստի ընթացքում, այսպես ասած, առաջնային քննվեց եւ հստակ պահանջը ավելի կոնկրետացավ. ունեինք միջնորդություն, որ պետգույքի կոմիտեին ներգրավեին՝ որպես երրորդ անձ։ Դատարանը միջնորդությունը ընդունեց՝ պետգույքի ներգրավումը որպես երրորդ անձ գործում։ Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ նիստի արդյունքում քննվում եւ հստակեցվում էր առարկայի բովանդակությունը՝ ինչ պահանջ է մեր կողմից դրվում եւ, բնականաբար, պատասխանող կողմն էլ ուներ իր առարկությունները կամ հարցերը բովանդակության հետ կապված։ Ընդհանուր այս էր». – ասաց Արզումանյանը։
Սարգիս Արզումանյանը մեզ նաեւ հայտնեց, որ դատական նիստը հետաձգվեց եւ հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ է կարծում Արզումանյանը, արդյո՞ք ամեն բան իրենց օգտին կլինի. ինչին ի պատասխան՝ Արզումանյանն ասաց. «Հօգուտ ո՞ւմ… Մենք միշտ ասում ենք, որ ամեն բան պետք է լինի հանդիսատեսի համար, «Գոյ» թատրոնի համար չէր կռիվը, այլ հանդիսատեսի, ու հանդիսատեսը, բնականաբար, պետք է հաղթի՝ ունենալով «Գոյ» թատրոն»։
ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ ԺՆԵՎՈՒՄ Է
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնեւում է` մասնակցելու Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա նիստին:
Դաշինքը հետեւում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գործունեության համապատասխանությանը Փարիզի սկզունքներին, ինչպես նաեւ նպաստում է մարդու իրավունքերի զարգացմանն ու պաշտպանությանը:
Մայիսի 6-ին տեղի են ունեցել Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների (APF, ENNHRI, NANHRI, RIDHCA) տարածաշրջանային ցանցերի ներկայացուցիչների եւ Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) Բյուրոյի հանդիպումները:
Անահիտ Մանասյանը մասնակցել է նաեւ իրավապաշտպանների եւ օմբուդսմենական հաստատությունների ղեկավարների ու ներկայացուցիչների պաշտպանության թեմային նվիրված քննարկմանը: