Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել իրանահայերի և իրաքահայերի միության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման մասնակիցներն անմիջական մթնոլորտում հետաքրքրվել են Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում և ռազմարդյունաբերության ոլորտում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների և նախաձեռնությունների վերաբերյալ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև քարոզչական ապատեղեկատվության տարածման խնդիրներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը Միության ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու, երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու, ինչպես նաև պետության անվտանգային համակարգն ամրապնդելու և դիվերսիֆիկացնելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք օրակարգային հարցերի, առկա խնդիրների լուծման հնարավորությունների և համատեղ օրակարգերի մշակման անհրաժեշտության վերաբերյալ:
Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային և համալիր խնդիրները հոգալու ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ու հրատապ լուծում պահանջող հիմնահարցերը, այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի կյանքի կոչման հեռանկարները:
Հանդիպմանը Հանրապետության նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, անդրադառնալով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական, հասարակական, տնտեսական, ռազմական և այլ բնագավառներում առկա անցուդարձերին: