Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնել է Ճապոնիա` մասնակցելու մարզաձևի աշխարհի 2024 թվականի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել պարաաթլետներ Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում վարժություն, F55 դասակարգմամբ խումբ) և Սմբատ Կարապետյանը (սայլակավազք 100մ, T54 դասակարգմամբ խումբ)։

Սարգիս Ստեփանյանի մրցելույթը նախատեսված է մայիսի 17-ին, իսկ Սմբատ Կարապետյանինը՝ մայիսի 23-ին:

Թիմն աշխարհի առաջնությունում հանդես կգա ավագ մարզիչ Հովհաննես Գևորգյանի գլխավորությամբ: Մրցավայր է մեկնել նաև մարզիչ Գևորգ Ստեփանյանը:

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը 12 մլն 500 հազար դրամ հավելյալ աջակցություն էր տրամադրել Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշի ձեռքբերման, ինչպես նաև խաղերին հայ մարզիկների նախապատրաստման համար:

Մասնավորապես՝ նախատեսվում է ապահովել Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը նաև հունիսին Շվեյցարիայում կայանալիք պարաաթլետիկայի աշխարհի գավաթի խաղարկությանը, ինչպես նաև պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթին:

Նշված մրցաշարերի արդյունքներով, ուղեգրեր ձեռքբերելու դեպքում, կապահովվի ՀՀ ներկայացուցիչների մասնակցությունն ամառային Պարալիմպիկ խաղերին, որոնք կանցկացվեն 2024 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում:




Լրահոս