ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 11-ին՝ ժամը 21։25-ի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Արամի փողոցի 3 հասցեի մոտ ծեծկռտուք է:

Նույն օրը՝ ժամը 21։45-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հերթական ահազանգն է ստացվել, որ Աբովյան 1/3 հասցեում գործող «Բլեք Սթար Բուրգեր»-ի դիմաց անհայտ անձը դանակահարել է մոտ 30 տարեկան տղամարդու:
Որոշ ժամանակ անց «Նաիրի» բժշկական կենտրոնից է զանգ ստացվել այն մասին, որ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած դանակահարության հետեւանքով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության խմբերը, բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւանի բնակիչ 31-ամյա Կարեն Ա.-ն է։
Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21։20-ի սահմաններում, Հյուսիսային պողոտա 11 հասցեի կայանատեղիում Կարեն Ա.-ի ընկերուհու վերաբերյալ առաջացած հարցի շուրջ իր ընկերներ, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Անդրանիկ Դ.-ի, Երեւանի բնակիչներ 30-ամյա Մայիս Հ.-ի եւ 30-ամյա Սամվել Բ.-ի հետ վիճաբանել են Երեւանի բնակիչներ 21-ամյա Դավիթ Ա.-ի, 17-ամյա Դավիթ Մ.-ի, Շիրակի մարզի բնակիչ 13-ամյա Ալեն Ք.-ի եւ ոմն Մուրադի հետ, որի ժամանակ վերջիններս, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Դավիթ Ա.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Կարեն Ա.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը՝ երեկոյան, Անդրանիկ Դ.-ն եւ Մայիս Հ.-ն խուլիգանություն կատարելու եւ մարմնական վնասվածք հասցնելու կասկածով ձերբակալվել եւ տեղափոխվել են ոստիկանության կենտրոնական բաժին, իսկ Սամվել Բ.-ն ինքնակամ է ներկայացել, որտեղ ձերբակալվել է։
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ոմն Մուրադի ինքնությունը պարզելու, վերջինիս, դեպքի մյուս մասնակիցներին եւ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ «ԿԱՄԱԶ»-Ի ՎԱՐՈՐԴԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 9-ի գիշերը «Կամազ» մակնիշի մեքենայով Հանրապետության Հրապարակ մտած քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել։ Խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ մեր տեղեկությունների համաձայն՝ հրապարակում քաղաքացիների վրա ներխուժած բեռնատարի վարորդը Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանն է։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին պատմել է, որ ինքը «Կամազ»-ով եկել էր՝ միանալու ցուցարարներին։ Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում անհայտ անձը «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ։
Վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից՝ առերեւույթ հանցավոր արարք կատարելու կասկածանքով։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայիսի 11-ին՝ ժամը 19:10-ին, Մասիս քաղաքի Հերացու փողոցում հանդիպակաց երթեւեկել են «ՎԱԶ-2112», «Շեվրոլե Վոլտ» եւ «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «ՎԱԶ-2112»-ից եւ «Օպելից» իջել են մի խումբ անձինք եւ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով եւ հայհոյանքներ հնչեցնելով, փայտերով եւ մահակներով սկսել են հարվածել «Շեվրոլե Վոլտ» մեքենայում գտնվողներին, իսկ այդ ընթացքում գազային ատրճանակից կրակոցներ են արձակվել:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են խուլիգանության մասնակիցների ինքնությունը. ութ երիտասարդն էլ Կաթնաղբյուր գյուղի բնակիչ են: Պարզվել է, որ նրանք անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փայտերով եւ մահակներով հարվածներ են հասցրել «Շեւրոլե Վոլտի» վարորդին, նա էլ գազային ատրճանակից կրակոցներ է արձակել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երեք պարկուճ:
Մայիսի 12-ին «ՎԱԶ-2112»-ի վարորդը՝ Կաթնաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը, հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության մյուս մասնակիցներին եւ գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել:

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԷՐ ՌԴ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 12-ին Երեւան-Տյումեն չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել 55-ամյա Ռուդիկ Ե.-ին: Նա 2020 թվականի սեպտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ դատախազությանը:

ԿՐԱԿՈՑՆԵՐ ՔԱՍԱԽՈՒՄ
Մայիսի 11-ին՝ ժամը 17։25-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղում կրակոցներ են հնչել, եւ մի տղամարդ ավտոմատը ձեռքին շրջում է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ստացված տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ մայիսի 10-ին Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Վազգեն Ք.-ն հեռախոսով անձնական հարցերի շուրջ վիճաբանել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ալեքսան Մ.-ի հետ եւ հայհոյել վերջինիս, ապա իր սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով մայիսի 11-ին՝ ժամը 15։20-ի սահմաններում, Քասախ գյուղի Ռ. Սաֆարյան փողոցում հանդիպել է Ալեքսան Մ.-ին, որի ժամանակ Վազգեն Ք.-ն իր մոտ ապօրինի պահվող «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել եւ այդ կերպ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ բացահայտ ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերել, չնչին առիթն օգտագործել է եւ իր կողմից ապօրինի պահվող «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից կրակոցներ արձակելու միջոցով 15-20 րոպե տեւողությամբ խուլիգանական դրդումներով խախտել հասարակական կարգը:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Վազգեն Ք.-ին եւ վերջինիս կողմից ապօրինի պահվող «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։




Լրահոս