ՓՈԽՄԱՐԶՊԵՏԻ ԿԻՆԸ 4 ՏԱՐԻ Է՝ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՉԻ ԼՐԱՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «զավթելու» մտադրություններ վաղուց է որոնում։ Սա, ըստ երեւույթին, արվում է սեփական թերությունները շտկելու ու կոռուպցիոն վարույթները կարճելու համար։ Ներկայիս իշխանությունը, որը նախկինում ընդդիմություն էր, կաղաղակեր եւ կթմբկահարեր, երբ իշխանական որեւէ պատգամավորի կին կամ ընտանիքի այլ անդամ հայտարարագիր չներկայացներ։ Օրինակ՝ հարցական է, թե ինչ կասեն ԿԿՀ-ն եւ իշխանական թեւը այն փաստի մասին, որ սեփական պատգամավորի կինը արդեն գրեթե 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում։
Այսպիսով՝ Գեղարքունիքի հետհեղափոխական փոխմարզպետ, ապա ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հայտարարագիրը, կարծես, ըստ պահանջի լրացված է, սակայն նույնը չենք ասի կնոջ հայտարարագրի մասին։ Նարեկ Գրիգորյանի կինը՝ Մարիետա Նիկոյանը, 2020-2021 թվականներից հայտարարագիր չի ներկայացրել, չնայած նրան, որ աշխատում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում՝ որպես առաջատար մասնագետ։ Սա դեռ ամենը չէ. մինչեւ հունիսի 22-ը հայտարարագիր ներկայացնելու ժամանակ կա, սակայն այս արձանագրմամբ, Գրիգորյանի կինը դժվար թե հայտարարագիր ներկայացնի։
Սա էլ այն կոռուպցիան է, որը փորձում է թաքցնել իշխանությունը. սակայն, «ցավոք», լրատվական համայնքը նման հարցերը ծածուկ չի թողնի։
Փորձեցինք Նարեկ Գրիգորյանից մեկնաբանություն ստանալ՝ ո՞րն է պատճառը, որ կինը տարիներ շարունակ հայտարարագիր չի ներկայացրել։ Մեր զանգերը մնացին անպատասխան. համարն անհասանելի էր, ինչպես այս օրերին գրեթե բոլոր ՔՊ-ական պատգամավորների դեպքում է։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժման առաջին իսկ օրվանից իշխանությունն ամբողջ ռեսուրսներով լծվել է շարժման անդամների, մասնավորապես՝ Բագրատ Սրբազանի հասցեին տարատեսակ սուտ տեղեկություններ տարածելու գործին: Մեկ ասացին, թե կուսակրոն քահանա Բագրատ արքեպիսկոպոսի երկու որդիները չեն ծառայել բանակում, այն դեպքում, երբ նա որդիներ չունի: Օրերս էլ ՔՊ-ի կողմից հրապարակ նետվեց տեղեկություն` Բագրատ արքեպիսկոպս Գալստանյանը Lexus LX 570 մեքենա է վարում, որի շուկայական արժեքը տատանվում է 40 հազարից 65 հազար դոլարի միջեւ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տավուշի թեմի լրատվության պատասխանատու Լիդիա Մանթաշյանը, պատասխանելով հարցին, թե ինչ ավտոմեքենա է վարում Սրբազանը եւ ինչ միջոցներով է գնել, ասաց. «Դա 2008 թվականի մեքենա է, այնպես չէ, թե նոր, թարմ ավտոմեքենա է: Բագրատ Սրբազանը՝ որպես Տավուշի թեմի առաջնորդ, մշտապես իր խնամքի տակ է պահել դիրքերը պահող տղաներին եւ զորամասը: Նոր տարուն նույնիսկ մշտապես բարձրանում էր դիրքեր, զորամասեր ու տղաների հետ էր նշում Ամանորը: Եվ տարիներ առաջ՝ 2017 թվականին, երբ Բագրատ Գալստանյանը Կարո Առաքելյանի հետ հերթական անգամ գնացել է զինվորների Զատկի տոնը շնորհավորելու, դրանից հետո, Կարո Առաքելյանը Սրբազանին մեքենա է նվիրել»: Ավելին՝ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Բագրատ Սրբազանն առհասարակ Հայաստանում տուն կամ այլ անշարժ գույք չունի: Մեզ հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդարանից ասացին, որ Բագրատ Սրբազանը Մայր աթոռում իր համար հատկացված կացարան ունի, որտեղ բնակվում է. իսկ այս օրերին Երեւանում վագոն-տնակում կամ հյուրանոցում է գիշերում:

Մինչ հանրապետությունում քաղաքացիները, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, «Տավուշը հանուն հայրենիքի» ակցիայի ամենօրյա պայքարի մեջ են, քննարկվում է մեր երկրի վաղվա գոյության հարցը, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի շենք մտնելու հարցն է դատարանում վիճարկում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 13-ին Երեւանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին եւ ներքին գործերի նախարարությանը: Ըստ մեր տեղեկությունների՝ Հայկ Մարությանը պահանջում է, որ դատարանը 09.10.2023 թվականի թիվ 3179-Ա, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ ԿՕ եւ ՀՁՊ գնդի 09.10.2023 թվականի թիվ 63-Ա համատեղ հրամաններն անվավեր ճանաչի եւ հայցվորի՝ Երեւանի քաղաքապետարան մուտք գործելու արգելանքը վերացնի: Հիշեցնենք, որ մարտի 12-ին Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց հավաքվել էին մեծ թվով քաղաքացիներ, որոնք դեմ էին տրանսպորտը թանկացնելուն։ Նրանց թվում էր նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որին թույլ չէին տվել մուտք գործել շենք: Գործը մակագրվել է դատավոր Հերմինե Մուրադյանին:

Հակակառուպցիոն դատարանում դեռ շարունակվում է Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը։ ՀՀ Հակակառուպցիոն դատարանը վերջինիս արդեն երրորդ անգամ է հրավիրում հարցաքննության՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում: Նշենք, որ այդ գործը քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակներում։ Հիշեցնենք` 2022 թվականի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ:




Լրահոս