«Երեւանում անհնազանդության բողոքի ցույցեր են տեղի ունենում. ովքեր համաձայն չեն Ադրբեջանի հետ սահմանազատման կառավարության ծրագրերի հետ, փակում են փողոցները, իսկ ոստիկանությունը բերման է ենթարկում նրանց»: Այս մասին գրել է ԽԿԾԾժՀհԸծՁՅ պարբերականը՝ նշելով, որ «Հայաստանի ընդդիմությունը հույսը դրել է լավագույնի վրա եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ»:
«Բողոքի ակցիաները, որոնց առաջնորդն ու ոգեշնչողը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է, շարունակվում են ապրիլից եւ տարբերվում են մյուս բողոքի ակցիաներից նրանով, որ այս անգամ իշխանությունների հակառակորդը հոգեւորականն է։ Երկրի ղեկավարությունը, սակայն, անտեսում է ցուցարարների պահանջները, այդ թվում՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Եվ առայժմ նրանք որեւէ հետեւանքների չեն բախվում», – ասվում է հոդվածում:
Հոդվածագիր Վլադիմիր Սոլովյովը հիշեցնում է, որ անհնազանդության ակցիաները տեղի են ունենում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի կոչով։
«Նա դարձել է անցյալ ամիս սկսված Ադրբեջանի հետ սահմանազատման դեմ բողոքի շարժման դեմքն ու առաջնորդը։ Արքեպիսկոպոսն անմիջապես աջակցել է Տավուշի մարզում ճանապարհների փակմամբ սկսված բողոքի շարժմանը։ Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել Հայաստանի կողմից այս շրջանի չորս գյուղն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Երբ պարզ դարձավ, որ այս գործողությունները ոչ մի արդյունք չունեն, արքեպիսկոպոսն առաջնորդեց ոտքով երթը Տավուշի մարզից դեպի Երեւան։ Մայիսի 9-ին, երբ երթը հասավ մայրաքաղաք, Հանրապետության հրապարակում՝ կառավարության դիմաց, տպավորիչ բազմություն էր հավաքվել։ Նման մասշտաբի բողոքի ակցիաներ Երեւանը հազվադեպ է տեսել 2018 թվականի գարնանը փողոցային ցույցերի շնորհիվ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարման վեց տարվա ընթացքում։ Սա այն դեպքում, երբ Փաշինյանի հրաժարականին հասնելու փորձեր են արվել 2020 թվականին՝ Ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո, 2021 թվականին, 2023 թվականի աշնանը, երբ Բաքուն վերահսկողության տակ առավ ողջ Ղարաբաղը, եւ ողջ հայությունը հեռացավ այնտեղից։
Մինչ այժմ Նիկոլ Փաշինյանի դեմ գործողություններ էին կազմակերպում քաղաքական գործիչները, որոնց թվում շատ էին նախկին պաշտոնյաները։ Ներկայիս բողոքը յուրահատուկ է նրանով, որ այն ղեկավարում է եկեղեցու սպասավորը: Սրանով են փորձագետները բացատրում բողոքի զանգվածային մասշտաբը». – գրում է հեղինակը:
«Եկեղեցին դարձել է բողոքի ավանգարդը։ Նրա նկատմամբ վստահության տոկոսը մնում է բարձր». – ԽԿԾԾժՀհԸծՁՅ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։
Ըստ նրա՝ մարդիկ, ի դեմս եկեղեցու, տեսել են այդ երրորդ ուժը:
«Քաղաքական գործիչներից ոչ ոք չէր կարող դա անել, բայց այստեղ երրորդ ուժը պարզվեց, որ Եկեղեցին է։ Եվ սա այն ուժը չէ, որն իրեն հակադրում է ռեժիմին կամ ընդդիմությանը։ Հիմնական մեսիջն է՝ վերջ տանք պառակտմանը». – նշել է փորձագետը։
«Այն պառակտումը, որի մասին խոսում է փորձագետը, Հայաստանում առաջացել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո. գրեթե անմիջապես նրան սկսել են դիմակայել Հայաստանում «նախկիններ» կոչվողները։ Նրանց թվում են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը. բայց փաստն այն է, որ շատերը չեն ցանկանում եւ նույնիսկ վախենում են նրանց վերադարձից: Սրա պատճառով Նիկոլ Փաշինյանի համար խնդիրներ ստեղծելու նրանց փորձերը մեկ անգամ չէ, որ ձախողվել են», – նշում է հոդվածագիրը:
Ժողովրդավարության եւ անվտանգության Երեւանի տարածքային կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանը նշում է, որ Բագրատ Գալստանյանին հաջողվել է հավաքել Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ հանրահավաքը։
Բայց նա նշում է. «Ընդդիմության համար գլխավոր խնդիրն այն է, որ առաջին հանրահավաքներից հետո հասարակության հետագա մոբիլիզացիա չկա»։
Այն, որ բողոքի ակցիայի գլխին քահանան է, Տիգրան Գրիգորյանի կարծիքով, «ընդդիմության ձախողման ցուցիչ է»։
«Ընդդիմությունը հասկանում է, որ չի կարող աջակցություն ստանալ, եւ Եկեղեցին ներագրավված է սրանում։ Սա վկայում է, որ խորհրդարանական ընդդիմության հեռանկարներն այնքան էլ լավ չեն»,- ամփոփել է փորձագետը։
«Հատկանշական է նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի մեկնել է Դանիա, որտեղ մայիսի 15-ին մասնակցելու է «Կոպենհագենյան ժողովրդավարության գագաթնաժողովին»։ Այսպիսով, Հայաստանի վարչապետը ցույց է տալիս, որ ամեն ինչ վերահսկողության տակ է եւ չի վախենում մի քանի օրով լքել երկիրը, որի մայրաքաղաքում ցուցարարները պահանջում են նրա հրաժարականը», – եզրափակել է հեղինակը։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐԻՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր կեղծ եւ մանիպուլատիվ բնույթի տեղեկություններ են շրջանառում ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ: Անհարկի շահարկումներ են նաեւ նրա ընտանիքի անդամների՝ միայն ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրերը: Այս մասին հերքում է տարածել ՀՀ ՊՆ-ն:
«ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս. ուստի երեխաները, ծննդյան բերումով, երկքաղաքացի են: ԳՇ պետի կինն ու երեխաները ոչ միայն ունեն ՀՀ քաղաքացիություն, այլեւ 2006 թվականից մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում:
ԳՇ պետի որդին զինապարտ է եւ ներգրավված է ՀՀ ԶՈՒ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ՉԿԱ
ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնի թեկնածու Անդրեյ Բելոուսովը հայտնել է, որ սկսել է ծանոթանալ նախարարության գործերին։ Նա իր պաշտոնում առաջնահերթ խնդիրներն է անվանել հատուկ ռազմական գործողության գոտում զենքի մատակարարումն ու բանակային խմբերի համալրումը։
Միաժամանակ, ըստ նրա, մոբիլիզացիայի մասին խոսք չկա: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն։
«Կոնկրետ ուզում եմ լրագրողների համար շեշտել, որ խոսքը մոբիլիզացիայի, ինչ-որ արտակարգ միջոցառումների մասին չէ, խոսքը պլանավորված միջոցառումների մասին է։
Բայց, այնուամենայնիվ, այս գործընթացն արդեն մեկնարկել է՝ ե՛ւ քաղաքացիների զորակոչը, ե՛ւ հատկապես կարեւոր է պայմանագրերը կնքելը». – ընդգծել է նա Դաշնության խորհրդում ելույթի ժամանակ:
ՀՐԱԴԱԴԱՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՓԱԿՈՒՂՈՒՄ
Գազայի հատվածում հրադադարի մասին բանակցությունները փակուղի են մտել Ռաֆահում իսրայելական գործողության պատճառով, որտեղ ապաստանել է հարկադրյալ տեղահանվածների մեծ մասը։ Այս մասին հայտնել է Կատարի կառավարության ղեկավար, արտաքին գործերի նախարար, շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին, որը միջնորդ է Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ բանակցություններում։
«Վերջին մի քանի շաբաթներին մենք որոշակի ազդակ ենք տեսել, բայց բանակցային գործընթացը, ցավոք, անհրաժեշտ ուղղությամբ չի ընթացել։ Հիմա մենք գտնվում ենք գրեթե լիակատար փակուղային վիճակում։ Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ Ռաֆահում, մեզ հետ նետեց համաձայնագրի ուղղությամբ տարվող աշխատանքից». – ասել է վարչապետը Դոհայի տնտեսական համաժողովում։ Նրա ելույթը հեռարձակել է Bloomberg հեռուստաալիքը։
Նա նաեւ ընդգծել է, որ միջնորդները չեն կարող ապահովել հրադադարի համաձայնագիրը դիրքորոշումների «հիմնարար տարբերությունների» պատճառով, որոնք ունեն հակամարտող կողմերը։ «Մի կողմը ցանկանում է ավարտել պատերազմը, հետո խոսում է պատանդների մասին։ Մյուս կողմը փորձում է ազատել պատանդներին եւ շարունակել պատերազմը. քանի դեռ այս տարբերությունները շփման կետեր չեն ունենա, մենք որեւէ արդյունքի չենք հասնի». – ավելացրել է Կատարի վարչապետը։
ՍՐԲԱԶԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ Ա. ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես հայտնի է, երեկ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը միացած դիվանագետներին «դասալիք» է անվանել: Սրբազանը լրագրողների հետ զրույցում արձագանքեց վերոնշյալին:
«Դիվանագիտության մասին, որ խոսում են, թող հիշեն 2023 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ում տեղի ունեցող անվտանգության խորհրդի նիստը, որտեղ, երբ Արարատ Միրզոյանը մի բան ասում էր, Բայրամովն իրեն հերքում էր Միրզոյանի վարչապետի խոսքերով: Հայաստանի պատմության մեջ երբեւէ այդպիսի խայտառակ դրվագ չի եղել, երբ նմանատիպ կարեւոր մարմնի ամբիոնում այդպիսի բան են մերժում եւ հերքում՝ սեփական երկրիդ ղեկավարի կողմից ասվածին հղումներ կատարելով». – ասաց Բագրատ Սրբազանը: