ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ՊԵԿ-ԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, թե որ դեպքում է հայտարարագրի լրացման ժամանակ ընտրվում «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» նշատուփը:

«Համաձայն չեմ տեղեկատվության հետ» նշատուփն ընտրվում է այն դեպքում, երբ հայտարարատուն համաձայն չէ համակարգի կողմից ինքնաշխատ լրացված տեղեկատվության հետ եւ կարող է լրացնել այլ տեղեկատվություն։

Ի՞նչ անել այն դեպքում, երբ ինքնաշխատ լրացված տվյալներում բացակայում է հարկային գործակալի վերաբերյալ տեղեկատվությունը:
Ինքնաշխատ լրացված տեղեկատվությունում հարկային գործակալի (գործատու) վերաբերյալ բացակայող տեղեկատվությունը հայտարարատուն կարող է լրացնել «Ավելացնել գործակալ» կոճակի միջոցով։

Ինչպե՞ս լրացնել բանկային ավանդի տոկոսը:
Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի առաջին բաժնի երկրորդ գլխում անհրաժեշտ է ավելացնել հարկային գործակալ եւ եկամտի տեսակից ընտրել «Ավանդի տոկոս»։ Համակարգը եկամտային հարկը կհաշվարկի ինքնաշխատ։

Ինչպե՞ս լրացնել պարտքային արժեթղթերի տոկոսը:
Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի առաջին բաժնի երկրորդ գլխում անհրաժեշտ է ավելացնել հարկային գործակալ եւ եկամտի տեսակից ընտրել «պարտքային արժեթղթերի տոկոս»։ Եկամտային հարկի գումարը հայտարարատուն պետք է լրացնի ինքնուրույն։

Ինչպե՞ս լրացնել արժեթղթերից ստացվող չհարկվող եկամուտները:
Արժեթղթերից ստացվող այն եկամուտները, որոնք ենթակա չեն հարկման, լրացվում են ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի երկրորդ բաժնում՝ «Նվազեցվող եկամտի տեսակից» ընտրելով [2.24] տողը՝ «Արժեթղթերից եկամուտներ»։
Ո՞ր տողում է անհրաժեշտ լրացնել սոցիալական փաթեթի տարեկան գումարը:
Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) երկրորդ բաժնում լրացվում են ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ տվյալ հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացած նվազեցվող (չհարկվող) եկամուտները։ Մասնավորապես, հաշվարկի (հայտարարագրի) երկրորդ բաժնի [2.11] տողում (Անհատույց ստացվող եկամուտներ) լրացվում են ՀՀ պետական մարմինների որոշումների հիման վրա ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարված վճարումները։

Արդյո՞ք անհրաժեշտ է հայտարարագրել աշխատողի գործուղման ծախսերի փոխհատուցման համար ստացված գումարները եւ ո՞ր տողում:
Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) երկրորդ բաժնում լրացվում են ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ տվյալ հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացած նվազեցվող (չհարկվող) եկամուտները։ Մասնավորապես՝ հաշվարկի [2.9] տողում լրացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի) սահմաններում աշխատողի գործուղման հետ կապված ծախսերի գծով փոխհատուցման գումարները։

Ո՞ր տողում պետք է լրացնել պետության կողմից սոցիալական վճար վճարող հանդիսացող քաղաքացու կուտակային կենսաթոշակային կառավարչին կատարված վճարումները:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի համար (օգտին) ՀՀ պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցները լրացվում են Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) [2.5] տողում։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

ԵԼՈՒՅԹ՝ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Բրազիլիա՝ մասնակցելու Կոստա դու Սաուիպե քաղաքում կայանալիք «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության (ICN) տարեկան համաժողովին։
Համաժողովի շրջանակներում ՄՊՀ նախագահը հանդես կգա ելույթով, որում կներկայացնի հանձնաժողովի կողմից Մրցակցության միջազգային ցանցի լավագույն փորձի կիրարկման արդյունքները։
Համաժողովի ընթացքում տեղի են ունենալու քննարկումներ նախորդ տարիների գործունեության արդյունքների, մրցակցային քաղաքականության եւ կիրարկման, հակամրցակցային համաձայնությունների, շահերի պաշտպանության, համակենտրոնացումների վերահսկման ու միակողմանի վարքագծին առնչվող հարցերի շուրջ։ Նախատեսվում է նաեւ հանդիպում Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հետ:
ՄՊՀ-ն Մրցակցության միջազգային ցանցին անդամակցում է 2001 թվականից: Կազմակերպությունը կոչված է խթանելու մրցակցային մարմինների համագործակցությունն ամբողջ աշխարհում:

ԱՌԱՆՑՔՈՒՄ՝ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ
Հայաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիան (EBA) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ մայիսի 13-ին կազմակերպել էր «Միջազգային կորպորացիաների եւ ներդրողների դերը որպես բարձր տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացման կատալիզատոր» խորագրով համաժողովը: Միջոցառմանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել բացման խոսքով, ողջունել մասնակիցներին, շնորհակալություն հայտնել Եվրոպական բիզնես ասոցիացիային՝ ակտիվ համագործակցության համար։
«Նշել եմ, որ ՀՀ-ի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը՝ հանդիսանալով ոչ թե որպես առանձին ոլորտ, այլ իբրեւ շոգեքարշ՝ տնտեսության մյուս բոլոր ճյուղերի համար։ Անդրադառնալով միջազգային ներդրումների ներգրավման անհրաժեշտությանը՝ ընդգծել եմ, որ ՀՀ կառավարությունը լավագույնս գիտակցում է իր անելիքների ու պատասխանատվության չափաբաժինը։ Այս համատեքստում ներկայացրել եմ հիմնական քայլերը, որոնք իրականացնում ենք ներդրումային միջավայրն առավել գրավիչ դարձնելու համար։ Միջոցառման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ընթացքում փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը խոսել է բարձր տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացման գործում նախարարության դերի, այդ համատեքստում պետություն-մասնավոր համագործակցության, ինչպես նաեւ տեղական եւ միջազգային ստարտափների զարգացմանն ուղղված քայլերի մասին». – ասված է նախարարի Ֆեյսբուքի գրառման մեջ:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Երեւանում երեկվանից՝ մայիսի 14-ից, մեկնարկել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը եւ գործարար համաժողովը:
Միջոցառմանն ընդգրկուն կազմով է մասնակցում ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ գերատեսչության ղեկավար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նախարարության ներկայացուցիչների հանդիպումների շարքը մեկնարկել է նախարար Հովհաննիսյանի եւ ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամ Յան Վիլեմ վան դեն Ուոլ Բեյքի հանդիպումով:
«Սա շատ լավ առիթ է Հայաստանը ներկայացնելու որպես ներդրումների համար լավ միջավայր, ինչպես նաեւ դիրքավորվելու որպես տեխնոլոգիական ոլորտի տարածաշրջանային առաջատար երկիր», – նշել է Վահե Հովհաննիսյանը:
Համաժողովի առաջին օրը, ինչպես նշվում է ՎԶԵԲ տարածած հաղորդագրությունում, անցկացվում է TUMO Center for Creative Technologies ընկերության եւ Ջացեկ Կուբասի հետ:
Հիմնական ելույթներով հանդես են գալու Նուբար Աֆեյանը եւ Microsoft-ը ներկայացնող Բեն Քրամփթոնը: Զուգահեռ լինելու են քննարկումներ Հարավային Կովկասի դերի, կայուն առեւտրի, էներգետիկայի եւ լոգիստիկայի զարգացման մասին:
«Դվին» համալիրում երեկ ելույթ են ունեցել բարձր մակարդակի խոսնակներ Օդիլ Ռենաուդ-Բասսոն, Ֆրենսիս Մալիջը եւ Ռուդոլֆ Փին:
ՔՀԿ-ի ծրագիրը կարեւոր քննարկում է ունենալու նոր բնապահպանական եւ սոցիալական քաղաքականության ու տեղեկատվական քաղաքականության հասանելիության վերաբերյալ:
ՎԶԵԲ-ի կայունության միջոցառումը կոչված է ցուցադրելու բանկի ուշադրությունը կանաչ աճի եւ կայունության հիմնական ոլորտներում նրա առաջնորդությունը: Սպասվում է ՎԶԵԲ կայունության այս տարվա մրցանակաբաշխությունը:
Համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում առանցքային իրադարձություններից համարվող այս համաժողովում բարձր մակարդակով երկխոսություն է ծավալվելու ոլորտի արդիական թեմաների շուրջ, կայացվելու են բանկի զարգացման ռազմավարական հարցերի վերաբերյալ որոշումներ:
Երեւանյան համաժողովին սպասվում է շուրջ 2000 պատվիրակի մասնակցություն:
Համաժողովը տեւելու է 3 օր՝ մայիսի 14-ին, 15-ին եւ 16-ին: Այդ ընթացքում կլինեն ելույթներ, պանելային քննարկումներ:
Համաժողովի ընթացքում ելույթ կունենան ամերիկյան «Moderna» ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, «Միսս Հայաստան» տիտղոսակիր, «Նասդաք»-ի ներկայացուցիչ Կրիստինա Այանյանը եւ այլք:




Լրահոս