Առաջին անգամ Հայաստանում հունիսի 16-23-ը «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջզգային երաժշտական փառատոնը Երեւանում հանդես կգա համերգներով` Ռուսաստանի վաստակավոր արտիստ Մարիա Սաֆարյանցի ղեկավարությամբ:
Շաբաթվա ընթացքում Երեւանի երաժշտական տարբեր հարթակներում՝ հինավուրց Զվարթնոցի տաճարի բացօթյա հրապարակում, Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնում, Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգան համաշխարհային աստղեր Իտալիայի, Ռուսաստանի եւ Հայաստանի երաժշտական բեմերից:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 16-ին հինավուրց Զվարթնոցի տաճարում։ Երեւանցիները եւ հյուրերը կվայելեն դյութիչ պատմաերաժշտական ներկայացում՝ նվիրված Տիգրան Մեծին: «Տիգրան Մեծի մետամորֆոզները» միջազգային վիթխարի երաժշտական նախագիծ է նեապոլիտանական երաժշտական գրադարանի հետ համագործակցությամբ, որը տրամադրել է իտալացի մեծագույն կոմպոզիտորներ Վիվալդիի, Սկարլատիի, Պերգոլեզիի, Պիչինիի օպերաների բացառիկ նոտաները։ Զվարթնոցի տաճարի դիմաց գտնվող բացօթյա հրապարակի խորհրդավոր մթնոլորտում կարտացոլվի լեգենդար հրամանատարի պատմությունը, ում կայսրությունը տարածվել է «ծովից ծով». արքայից արքա Տիգրան Մեծի ստեղծած տարածքը հենց այսպես է կոչվել։ Մեկ երեկոյի ընթացքում տարածությունը կվերածվի կախարդական վայրի, որտեղ կճախրեն հավերժահարսները, կախարդական վիշապը եւ նույնիսկ ոսկե կառքը:
Ելույթ կունենան օպերային բեմի համաշխարհային աստղեր Իտալիայից, Հայաստանից եւ Ռուսաստանից. իտալացի հռչակավոր հազվագյուտ կոնտրտենոր ձայն ունեցող Աուրելիո Սկյավոնին, Միխայլովսկի եւ Մարիինյան թատրոնների մենակատարներ, ինչպես նաեւ ճանաչված իտալացի դիրիժոր Քրիստիան Դելիզոն։ Բարոկկո դարաշրջանի թատրոնի զարմանալի կերպարները կներկայացնեն «Փոքր Տրիանոն» պատմական պարի թատրոնի արտիստները: Հանդիսատեսի համար հատուկ նվեր կլինի Սանկտ Պետերբուրգից հայտնի ջութակահար, փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարիա Սաֆարյանցի ելույթը։ Մարիան նվագում է իտալացի հռչակավոր վարպետի հին ջութակով: Հետաքրքրաշարժ պատմաերաժշտական ներկայացման բեմադրիչն է պետերբուրգյան հայտնի ռեժիսոր Արկադի Ղեւոնդովը:
Հունիսի 18-ին Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնում տեղի կունենա գալա համերգ, որը կմեկտեղի մեր ժամանակների ամենավառ եւ նշանավոր վոկալիստների՝ Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի եւ Երեւանի առաջատար օպերային թատրոններից:
Աշխարհահռչակ Մարիինյան, Միխայլովսկի եւ Մեծ թատրոնների, ինչպես նաեւ Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնի առաջատար վոկալիստները հանդես կգան համաշխարհային հայտնի բաս Ֆյոդոր Շալյապինին նվիրված համերգին։ Կհնչեն ամենագեղեցիկ արիաները, ռոմանսները, երգեր հոբելյարի երգացանկից: Հյուրերը կտեսնեն Շալյապինի ստեղծած կերպարները եւ կընկղմվեն նրա ապրած դարաշրջանի արտասովոր մթնոլորտի մեջ:
Հունիսի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա գալա-համերգ Իտալիայից եւ Ռուսաստանից ամենահեղինակավոր մրցույթների հաղթողների մասնակցությամբ: Բոլոր ժամանակների գլուխգործոցներ եւ կինոերաժշտության հիթեր կհնչեն վիրտուոզ ակարդեոնիստ Սիմոնե Զանկինիի (Իտալիա), աշխարհի ամենահեղինակավոր մրցույթների, այդ թվում՝ Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր, հայկական ծագմամբ հայտնի պետերբուրգյան դաշնակահար Իլյա Պապոյանի, Ա. Սաքսի անվան սաքսոֆոնիստների հայտնի մրցույթի պատմության մեջ ռուս առաջին՝ Գրան-պրիի տիտղոսակիր Սերգեյ Կոլեսովի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, ջութակահարուհի, իտալացի հայտնի վարպետի հազվագյուտ ջութակով նվագող Մարիա Սաֆարյանցի կատարմամբ։ Համերգը կկայանա սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ ռուս ժամանակակից առաջատար դիրիժոր, միջազգային մրցույթների դափնեկիր, նշանավոր երաժշտական դինաստիայի ներկյացուցիչ Յարոսլավ Զաբոյարկիի մասնակցությամբ:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԱԶՆԱՎՈՒՐԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում ներկա է եղել Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը։
Ցերեկույթին մասնակցել են Արարատի մարզի 14 դպրոցներ, որոնցում դասավանդվում է ֆրանսերեն։
Դպրոցականները հյուրերին նախասրահում դիմավորել են երաժշտական կատարումներով եւ նկարչական աշխատանքների ցուցահանդեսով՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյեին։
Բեմում ներկայացման ձեւաչափով՝ դպրոցների սաները հայերեն եւ ֆրանսերեն ներկայացրել են դրվագներ Շառլ Ազնավուրի կյանքից եւ ստեղծագործական գործունեությունից, հանդես եկել նրա հեղինակած ստեղծագործություններով, ներկայացրել պարային եւ վոկալ կատարումներ։
«Այնքան կարեւոր է, որ մենք խրախուսենք երեխաներին՝ ներկայացնելու իրենց գաղափարներն ու մոտեցումները։
Մեծահասակների կողքին երեխաներն իրենց տեսանկյունից պետք է խոսեն իրադարձությունների եւ մարդկանց մասին, ինչը կօգնի նրանց շարունակել պատմությունը եւ պահպանել մշակութային ժառանգությունը». – ասել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաեւ նախաձեռնության ձեւաչափին՝ մեկ գաղափարի շուրջ համախմբված եւ 14 դպրոցների համատեղ ջանքերով կազմակերպած միջոցառմանը՝ նշելով, որ այս համագործակցությունն արժանի է մեծ գնահատանքի. «Կարեւոր է, որ դպրոցներն աշխատեն միասին, համախմբվեն ընդհանուր գաղափարների շուրջ եւ իրականացնեն դրանք»։
Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը։
ՍԻՄՖՈՆԻԿԻ ՀԵՏ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՆՈԱ ԲԵՆԴԻՔՍԸ
Մայիսի 20-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ ջութակահար Նոա Բենդիքս-Բալգլիի համերգը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Ծրագրում կհնչեն Ղազարոս Սարյանի «Սիմֆոնիկ պատկերները», «Սիմֆոնիան» եւ Յան Սիբելիուսի «Ջութակի կոնցերտը»։
Ամերիկացի հանրահայտ ջութակահար Նոա Բենդիքսը Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերն է։ Նա նաեւ հյուրախաղերով հանդես է գալիս ե՛ւ որպես մենակատար, ե՛ւ որպես կամերային երաժիշտ: Ջութակ նվագում է 4 տարեկանից. բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։
ՇԱՐԺԱՅԻ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ
Հայաստանի ներկայացուցիչները մեկնարկում են Շարժայի շախմատային միջազգային մրցաշարում:
ԱՄԷ-ի Շարժա քաղաքում մեկնարկող Masters մրցաշարին կմասնակցեն շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Մանուէլ Պետրոսյանը:
Հայաստանը մասնակիցներ կունենա նաեւ Challengers եւ Future ենթախմբերում:
Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած է 9 տուրից: Masters կարգի մրցաշարին մասնակցում է 88 շախմատիստ:
ԺԻՐՈՒՆ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԼՍ
Ֆրանսիայի ազգային թիմի եւ իտալական «Միլան»-ի ֆուտբոլիստ Օլիվիե Ժիրուն կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ում:
Ժիրուն, որը Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին դարձավ աշխարհի չեմպիոն, իր հայտարարության մեջ շեշտել է, որ վերջին երկու հանդիպումներն է անցկացնում «Միլան»-ի կազմում:
37-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Լոս Անջելես»-ում: Պայմանագիրը նախատեսված է 1,5 տարվա համար:
ՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Հայաստանի բռնցքամարտի կանանց եւ տղամարդկանց թիմերը վերջին հավաքն են անցկացնում Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարից առաջ:
Կարեն Աղամալյանի եւ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորած թիմերը Երեւանի «Օլիմպավան»-ում ընդլայնված կազմով նախապատրաստվում են Թաիլանդում կայանալիք վարկանիշային մրցաշարին:
Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Թաիլանդի վարկանիշային մրցաշարը կմեկնարկի մայիսի 23-ին:
Հայաստանի դեռեւս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում: