ՍՐԲԱԶԱՆԻ ԽՈՍՔԸ՝ ԿԻՐԱՆՑԻ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 15-ի գիշերը մթության քողի տակ, տեղի է ունեցել տխրահռչակ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովների հերթական նիստը, որի արդյունքում արձանագրում ենք, որ այս իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից: Այս մասին իր տեսաուղերձում նշել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Դա են վկայում արձանագրության նկարագրության համաձայնեցումը, մամուլի հաղորդագրությունները եւ կառավարության ղեկավարի աշխատակազմի կողմից տրված պարզաբանումները: Այն տեղի է ունենում՝ ի հաշիվ մեր պետության, մեր ժողովրդի, մեր կյանքի եւ մեր քաղաքացու, ընդհանրապես՝ մեր գոյության:
Իշխանությունների վրա ազդեցություն չունեցան այն լայն հիմնավորումները, իրավական, օրենսդրական դաշտում, որոնք տրվել են բազմաթիվ մասնագետների կողմից, արձանագրված փաստերը, բարոյական հիմքերը եւ միաժամանակ այն լայն անհամաձայնությունը, որ հայտնել են քաղաքացիները:
Դա եւս մեկ անգամ փաստում է, որ նրանք գործում են Սահմանադրության, օրենքների, իրավունքի, ինքնության, բարոյականության, տրամաբանության բոլոր տեսակի չափանիշներին հակառակ:
Այդ իմաստով անհրաժեշտություն է դարձել գնալ ոչ թե հետեւանքների հետեւից, այլ ուղղակիորեն պատճառները վերացնելու: Պատճառը մեկն է, եւ այն Երեւանում է, եւ այլեւս հրատապություն ու հրամայական է դարձել ժամ առաջ, բոլորիս ջանքերով, համառ կամքով, համբերությամբ եւ վստահությամբ հեռացնելու այս իշխանությունը իր ամբողջ ապօրինություններով հանդերձ եւ նոր կյանք հաստատելու մեր երկրում:
Սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի:
Մենք մեր անհամաձայնությամբ, առաջիկա գործողություններով, որոնց մասին որոշակիորեն, կոնկրետ կերպով կներկայացնենք ձեզ, պետք է ընթանանք այս ճանապարհով, որովհետեւ այլ ելք, նախընտրություն մեզ համար չկա». – հայտարարեց Բագրատ Սրբազանը:
Նա շարունակեց. «Պետք է լծվենք ամենածանր աշխատանքին եւ նպատակադրված, որոշակի կոնկրետ քայլերով հասնենք ցանկալի արդյունքին: Այդ արդյունքը որեւէ մեկինը չէ, սա չակնկալիքների պայքար է, նյութական որեւէ ակնկալիք չունենալու մասին է: Սա ստի եւ ճշմարտության պայքար է, եւ ճշմարտությունը պետք է հաղթի:
Այս պահին Կիրանցի մեր հայրենակիցները, արդեն իսկ տնազուրկ դարձած, զրկված անվտանգության բոլոր երաշխիքներից, այսօր փողոցում են: Մենք վերահաստատում ենք, որ այդ տառապանքը անպատասխան չեն մնալու: Մենք պետք է ստանանք այդ պատասխանը:
Բոլորիդ հրավիրում եմ, որպեսզի այս պատրաստակամությամբ եւ հանձնառությամբ ծրագրենք մեր առաջիկա քայլերը եւ այն իրականացնելու հանձնառությունը ստանձնենք: Մեզ համար այլընտրանք չի մնացել. Կամ այսօր, կամ երբեք:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ԱԶԱՏՎԱԾ ՏՆՕՐԵՆՆ ՈՒ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ
Երեկ ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից, այս մասին հայտարարել է բժիշկ Գեւորգ Թամամյանը, ով եւս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Գեւորգ Թամամյանը իր Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել էր, որ Սամվել Դանիելյանի ազատման պատճառը Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելն է եղել։
Բժիշկ Գեւորգ Թամամյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, որ ողջագուրումը եւ գրկախառնումը եղել է Տավուշի մարզում քայլերթի մեկնարկի սկզբում։
Բագրատ Սրբազանը, երբ Դիլիջանից երթով գալիս էր, պարոն Դանիելյանը գնացել, ողջագուրվել է նրա հետ։ Դրանից հետո մի քանի անգամ նրան հորդորել են ազատման դիմում ներկայացնել. Սամվել Դանիելյան էլ մերժել է՝ ասելով 20 օրից իր պաշտոնավարման ժամկետը լրանում է, իմաստ չկա։
Հարկ է նշել, որ Դանիելյանի եւ Թամամյանի պես մասնագետներ ՀՀ-ում չկան, նրանք մասնագիտացված են մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտում. նրանց փոխարինող գտնելը հեշտ չէ։
Գեւորգ Թամամյանը եւ Սամվել Դանիելյանը մեծ ավանդ ունեն «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի ստեղծման գործում։
Հիշեցնենք, որ Թամամյանը այն բժիշկն ու մասնագետն է, որը խափանեց նախկին նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը՝ նրան տալով անհարմար հարցեր, որից Թորոսյանը վրդովված հեռացավ ասուլիսից։ Իսկ Թամամյանը, Թորոսյանի հեռանալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասել է, որ Արսեն Թորոսյանն ամբողջությամբ օտարերկրյա ներդրողին է հանձնել ճառագայթային բժշկության ոլորտը, որը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։
Հավելենք նաեւ, որ ստեղծված իրավիճակն այն բանի ապացույցն է, որ իշխանությունները գործում են վրեժը սրտում, եւ տարիներ առաջ «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի եւ Աննա Հակոբյանի բաժանումը հանգուցալուծվեց բժիշկների ազատման դիմումների վրեժով։

ՀՀ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՆ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ
Ադրբեջանը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձեւաչափով, որը կիրառվեց այս անգամ. կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե առաջիկա 8-10 օրերի ընթացքում պետք է կայացրած որոշումներն իրագործելու հարցով զբաղվել։
«Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն, այսինքն՝ այն պահից, երբ տեղադրվեցին սահմանային սյուները, սահմանապահ զորքերը տեղակայվել են։ Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի մշտական ծառայություն իրականացնեն». – հավելել է Փաշինյանը:

ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ
Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար կալանքի տակ պահել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բաքվի դատարանը հինգ ամսով երկարացրեց Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանցիները հայտնել էին Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի ԱԳ նախկին նախագահ Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Դավիթ Մանուկյանի եւ Լեւոն Մնացականյանի կալանքի ժամկետը հինգ ամսով երկարացնելու մասին։

ՄԵԾ ԹՎՈՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ԵՆ ԲԵՐԵԼ
Կիրանց ժամանած ոստիկանության աշխատակիցները փորձում են բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն արդեն մի քանի ժամ է՝ փակ է:
«Հորդորում ենք դադարեցնել անօրինական գործողությունները եւ բացել ճանապարհի երթեւեկելի մասը: Սահմանված ժամկետում ոստիկանության օրինական պահանջը չկատարելու դեպքում՝ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ անօրինական գործողությունները դադարեցնելու համար». -ասաց ոստիկանը՝ դիմելով գյուղացիներին:
Հիշեցնենք, որ կիրանցեցիները երեկվանից փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Նրանք դժգոհում են հրապարակված սահմանազատման արդյունքներից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիների հետ բանակցելու էր եկել Տավուշի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը, որ խորհուրդ էր տալիս ճանապարհը փակելու փոխարեն հանդիպել Տավուշի մարզպետի հետ եւ ստանալ հուզող հարցերի պատասխանները:
Գյուղացիները հրաժարվեցին բացել ճանապարհը եւ մարզպետի հետ հանդիպել այլ վայրում, ասելով, որ Հայկ Ղալումյանը կարող է գալ եւ իրենց հետ հանդիպել հենց ճանապարհի փակ հատվածում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները հավաքվել են Կիրանցի գյուղապետարանի մոտ, եւ քննարկում են հետագա անելիքները:
Նշենք, որ մամուլի տեղեկություններով՝ երեկ՝ վաղ առավոտից, ԱԱԾ-ից եկել են գյուղ՝ հասկանալու համար, թե ըստ քարտեզների՝ բնակիչներից ում տունն է անցնելու Ադրբեջանին։
Հիշեցնենք, որ երեկԿառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում։ Կիրանցի առավել զգայուն հատվածում սահմանապահները կտեղակայվեն ավելի ուշ, որովհետեւ այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման։ Փաշինյանի խոսքով՝ Կիրանցում կան խնդիրներ, որովհետեւ կողմերը որդեգրել են «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը։




Լրահոս