ԱՄՆ իշխանությունները վիզաներ են տրամադրել իրանական պատվիրակության անդամներին, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանին և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին, որպեսզի նրանք ներկա գտնվեն հաջորդ շաբաթ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային:
Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով Պետքարտուղարության ներկայացուցիչներից մեկին։
Այնուամենայնիվ, իրանական պատվիրակության անդամների նկատմամբ որոշակի սահմանափակումներ կգործեն։
«Ընդունող երկրի կարգավիճակից բխող մեր պարտավորություններին համապատասխան՝ Իրանի վարչակարգի հիմնական պատվիրակությունը կկարողանա մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա միջոցառումներին։ Պատվիրակության նկատմամբ կկիրառվեն տեղաշարժի սահմանափակումներ, ինչպես նաև, մեր քաղաքականությանը համապատասխան, արգելքներ կսահմանվեն շքեղության և այլ ապրանքների ձեռքբերման համար»,- հայտնել է NBC News-ի զրուցակիցը։
Չնայած իրանական պատվիրակությանը մուտքի վիզաներ տրամադրելուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն, ըստ աղբյուրների, կրկին մերժել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի մասնակցությունը Գլխավոր ասամբլեային՝ պատժամիջոցների պատճառով։




























