Միջազգային հանրակցությունը մայիսի 20-ին նշում Է Չափագիտության համաշխարհային օրը (World Metrology Day), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
1875 թվականին այս օրը Փարիզում կայացած միջազգային դիվանագիտական խորհրդաժողովում ստորագրվեց «Չափագիտական կոնվենցիան»՝ առաջին միջազգային համաձայնագիրը չափագիտության բնագավառում: Այս փաստաթուղթն ստորագրել են 17 պետությունների ներկայացուցիչներ: Կոնվենցիային համապատասխան ստեղծվել Է միջազգային գիտական հիմնարկ՝ Չափերի եւ կշիռների միջազգային բյուրոն (ՉԿՄԲ):
Չափագիտական կոնվենցիայի համաձայն՝ սահմանվել Է չափերի մետրական համակարգը, իսկ այնուհետեւ Միավորների միջազգայիան համակարգը, որի հիման վրա ստեղծվել եւ գործում Է չափումների միջազգային համակարգը: Չափագիտական կոնվենցիայի սկզբնական խնդիրն՝ ամբողջ աշխարհում չափումների միասնության ապահովումը, տարեցտարի ավելի ու ավելի հրատապ Է դառնում:
Չափագիտական կոնվենցիայի սկզբունքների եւ կանոնների զարգացման պատմության մեջ նոր ուղենիշ Է դարձել «Տրամաչափարկման եւ չափումների ազգային չափիչ Էտալոնների եւ հավաստագրերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնությունը, որոնք տալիս են ազգային չափագիտական ինստիտուտները»: Այն ստորագրվել Է 1999 թվականին Չափերի եւ կշիռների 21-րդ գլխավոր խորհրդաժողովում: Նույն այդ թվականին Չափերի եւ կշիռների միջազգային կոմիտեի 88-րդ նիստում դոկտոր Իզուկան (Ճապոնիա) եւ պրոֆեսոր Լեւ Իսաեւը (Ռուսաստան) առաջարկել են մայիսի 20-ը նշել որպես Չափագիտության միջազգային օր: Չափերի եւ կշիռների գլխավոր խորհրդաժողովը պաշտպանել Է այս որոշումը: