«Համահայկական ճակատ» կուսակցությունը կրկին հիմնադիր համագումար կանցկացնի․ ի՞նչն է պատճառը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Համահայկական ճակատ» կուսակցությունը կրկին հիմնադիր համագումար է անցկացնում։ Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ հունիսի 21-ին նախատեսվում է նախկին ՊՆ ապստամբ նախարար Արշակ Կարապետյանի` «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարի անցկացումը։

Ուշագրավ է, որ այս անգամ կուսակցության իրավաբանական հասցեն Բաղրամյան 76/3-ն է (համաձայն մամուլի հրապարակումների` տարածքը պատկանում է Արշակ Կարապետյանին), իսկ առաջին հիմնադիր համագումարի փաստաթղթերում այն Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի բնակարանի հասցեն էր։

Փոխվել է հասցեն. բայց պատճառը ոչ թե նախկին թաղապետ և Արշակյան հարաբերություններն են, այլ արդարադատության նախարարության ղեկավարության տակ գտնվող ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրը։

Օրերս նախարարությունը հայտարարություն էր տարածել. «Համահայկական ճակատ» կուսակցության ռեգիստրում գրանցվելու գործընթացը հնարավոր չի եղել իրականացնել մի քանի պատճառներով, հիմնական պատճառը կուսակցության ղեկավարի և կուսակցության գործունեության հասցեների անհամատեղելիությունն էր։

«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց «Համահայկական ճակատ» կուսակցության համակարգող Հովհաննես Շահինյանի հետ՝ փորձելով հասկանալ՝ որն է նոր հիմնադիր համագումար իրականացնելու պատճառը, և ինչպես է առաջացել հասցեների խնդիր, որի արդյունքում ձախողվել է կուսակցության գրանցումը։

««Համահայկական ճակատ» կուսակցությունն ապրիլի 5-ին արել է հիմնադիր համագումար նիստ, բայց պետական գրանցման մարմինը չի գրանցել, հաշվի է առել, որ կան տեխնիկական թերություններ, որոնք հիմք են հանդիսացել մերժելու մեր գրանցումը։

Նրանք թույլ չեն տալիս լուծել այն տեխնիկական խնդիրները, որոնք կան և ասում են՝ պեսք է նոր հիմնադիր համագումար նիստ գումարել։

Ինչ վերաբերում է իրավաբանական հասցեին, նման խնդիր չի եղել. մեր հասցեն նշված է եղել, նաև տվել ենք իմ գրանցման հասցեն։ Հիմա իրենք ասում են՝ որն է ձեր գործունեության հասցեն. օրենքը հայտնում է ղեկավարի և գործունեության հասցեն, բայց իրենք նշում են՝ մեկ հասցե պետք է լինի։

Լավ հաջորդ անգամ մեկ հասցե կտանք»,- ասաց Շահինյանը։

Հավելենք, որ արդարադատության նախարարությունը նշել է կուսակցությունը չգրանցելու ևս 2 պատճառ.

«Ըստ օրենքի՝ Կուսակցության ստեղծման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշմանը կողմ է քվեարկել կուսակցության հիմնադիր համագումարի մասնակիցների մեծամասնությունը, բայց ոչ պակաս, քան 300 հիմնադիր։

Համահայկական ճակատ շարժումը դիմումին կից ներկայացված՝ ապրիլի 5-ի հիմնադիր համագումարի արձանագրության մեջ չի տվել 300 հիմնադրի մասնակցության վերաբերյալ տեղեկություն։ Հետևաբար՝ խախտվել է նշված նորմի պահանջը։

Ըստ օրենքի՝ պետական գրանցման նպատակով Կուսակցությունը` առկայության դեպքում պետական լիազոր մարմին է ներկայացնում տեղեկատվություն կուսակցության տարածքային ստորաբաժանումների վերաբերյալ:

Դիմումատու կուսակցությունը հենց իր իսկ կանոնադրությամբ նախատեսել է տարածքային ստորաբաժանումներ, սակայն պետական գրանցման դիմում ներկայացնելու պահին չի տրամադրել օրենքով սահմանված տեղեկությունն իր տարածքային ստորաբաժանումների մասին, որով խախտվել է նշված նորմի պահանջը:

Նշված խախտումներից բացի, ներկայացված փաստաթղթերում եղել են մի շարք այլ բովանդակային թերություններ»,- ասված է նախարարության հայտարարությունում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս