«Ակբա» բանկի եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համագործակցությամբ «Ակբան» ընդհանուր առմամբ 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, զարգացմանը։
Համագործակցության շրջանակում ՎԶԵԲ-ը ֆինանսական նոր գործիք է կիրառում Հայաստանում. ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը։ «Ակբա» բանկի կողմից փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանն ու զարգացմանն ուղղվող 50 միլիոն եվրոյի մինչեւ 50% ֆինանսական ռիսկերը իր վրա կվերցնի ՎԶԵԲ-ը։ Համագործակցությունը հնարավորություն կտա Հայաստանում էլ ավելի ընդլայնել ՓՄՁ-ներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։
ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն նշել է, որ Մոնղոլիայից մինչեւ Եվրոպա Ակբա բանկն առաջին գործընկերն է, որի հետ ՎԶԵԲ-ը մեկնարկում է այս նախագիծը։
Բացի այդ, Հայաստանում գործող բիզնեսներն այս համագործակցության շրջանակում ստանալով ֆինանսավորում, հնարավորություն կունենան նաեւ օգտվել հատուկ խորհրդատվական ծառայություններից, որոնք կօգնեն նրանց զարգանալ արտասահմանյան շուկաներում:
««Ակբա» բանկը շուրջ 25 տարի համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ։ Այսօր ստորագրեցինք պայմանագիր, որով մենք կարողանում ենք տրամադրել վարկեր մեր ընթացակարգերին համապատասխան, բայց ռիսկը հիսուն տոկոսի չափով կիսում ենք ՎԶԵԲ-ի հետ: Սա բանկին հնարավորություն է տալու ավելի ընդլայնված վարկային քաղաքականություն վարել, որից կշահեն նաեւ ՓՄՁ-ները». – նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Այսօր մեր լավ գործընկեր «Ակբա» բանկի հետ կնքեցինք համագործակցության պայմանագիր: Պայմանագրի առանցքում եզակի պրոդուկտ է, քանի որ օգնում է ամրապնդել կապիտալը, կատարել ավելի շատ ֆինանսավորում տեղական փոքր ու միջին ձեռնարկություններում եւ նպաստել տեղական արժույթով ՓՄՁ-ների ֆինանսավորմանը։
Էֆեկտը կրկնակի է. շահում է ոչ միայն Ակբա բանկը, այլեւ գյուղական բնակավայրերը եւ փոքր ու միջին ձեռնարկությունները: Իրականում հենց դա է այս պրոդուկտի հիմնական նպատակը։ Ինչպես գիտեք, դա նաեւ մեր նպատակն է. ՎԶԵԲ-ը խթանում է ՓՄՁ-ների ֆինանսավորումը»,- նշել է ՎԶԵԲ-ում Կենտրոնական Ասիայի եւ Կովկասյան տարածաշրջանի պատասխանատու Ջորջ Օրլովը։
Պայմանագիրը ստորագրվել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի ամենամյա բիզնես համաժողովի ընթացքում, որը մեկ հարկի տակ է հավաքում ՎԶԵԲ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին, ֆինանսական աշխարհի ներկայացուցիչներին եւ բիզնեսի առաջնորդներին՝ քննարկելու եւ լուծելու գլոբալ ֆինանսական խնդիրները։
«Ակբա» բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը։ «Ակբա» բանկը եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը համագործակցում են 2003 թվականից եւ ունեն ավելի քան 20 տարվա համագործակցության պատմություն։
Մինչեւ օրս Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը Հայաստանում 207 ծրագրում ներդրել է ավելի քան 2 միլիարդ եվրո:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
ՀԴՄ-Ի ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 614 դեպք եւ շուրջ 251 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 13 դեպքով 13 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ եւ ավելի տուգանք՝ ընդհանուր 102.64 մլն դրամի չափով:
«Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ եւ ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետեւյալ ոլորտներում.
մթերային խանութի, այլ, հանրային սննդի (հանդիսությունների սրահ չունեցող), բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության ոլորտներում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 20 մլն դրամ տուգանք,
ծխախոտի առեւտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք,
կոսմետիկայի, արդուզարդի եւ օծանելիքի խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 3.65 մլն դրամ տուգանք,
հագուստի, կոշիկի եւ գործվածքների առեւտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2?25 մլն դրամ տուգանք,
հեղուկ եւ կոշտ վառելիքի առեւտրի ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է շուրջ 12.75 մլն դրամ տուգանք,
մթերային խանութում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 2?26 մլն դրամ տուգանք,
մթերային խանութի, տնտեսական ապրանքների խանութի եւ այլ ոլորտներում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 20 մլն դրամ տուգանք,
տնտեսական ապրանքների խանութի, առեւտրի իրականացման վայրի կազմակերպման ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 31.73 մլն դրամ տուգանք:
ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված եւ 1.0 մլն դրամ եւ ավելի գումարով տուգանված 13 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների:
ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 614 հարկ վճարողների ցանկը»,-նշված է հաղորդագրության մեջ։
10 ՄԼՆ $-Ի ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
«Հայէկոնոմբանկը» եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կնքել են 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վարկային պայմանագիր ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակում:
Ներգրավված միջոցները կուղղվեն միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորմանը: Համագործակցությունը միտված է նաեւ երկրի համաչափ զարգացմանը. միջոցների մի մասը կտրամադրվի Հայաստանի մարզերում բիզնես ֆինանսավորմանը:
Բանկի եւ ՎԶԵԲ-ի միջեւ կնքված այս համաձայնագիրն արդեն թվով 15-րդն է 2000թ.-ից մինչ օրս, իսկ, ընդհանուր առմամբ, հիշյալ գործընկերոջից ներգրավված միջոցները սույն պայմանագրով կհասնեն 83.0 մլն ԱՄՆ դոլարի:
SWIFT ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
«Ֆասթ» բանկում մեկնարկել է «Փոխարկի՛ր եւ փոխանցի՛ր» ակցիան, որի շրջանակում մինչեւ ս.թ. մայիսի 31-ը սահմանվել է SWIFT համակարգի միջոցով փոխանցումների հատուկ սակագին՝ 1000 ՀՀ դրամ՝ ՌԴ ռուբլիով եւ 5000 ՀՀ դրամ՝ ԱՄԷ դիրհամով, վրացական լարիով, չինական յուանով եւ այլ արժույթներով փոխանցումների համար։
Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բանկում կատարել 500,000 եւ ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում, ապա SWIFT համակարգով միջազգային փոխանցում առնվազն փոխարկված գումարի չափով։ Սակագինը գործում է Արաբական Միացյալ Էմիրություններ, Վրաստան, Ռուսաստան, Չինաստան եւ այլ ուղղություններով OUR տարբերակով դրամական փոխանցումների համար։
Միջազգային փոխանցումներ կարելի է կատարել «Ֆասթ» բանկի 24/7 գրաֆիկով գործող մասնաճյուղերում։
ՍԽԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ ՏՈՒԳԱՆՔ
Կառավարությունն առաջարկում է կանոնակարգել հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ` ոչ հավաստի լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Ակնկալվում է, որ փոփոխության արդյունքում կապահովվի հարկ վճարողների կողմից համապատասխան տեղեկատվության ամբողջական եւ ճշգրիտ ներկայացումը, միաժամանակ կհստակեցվի մաքսային եւ հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը:
Զեկուցողի տեղեկացմամբ տվյալները ոչ հավաստի, սխալ լրացված լինելու դեպքում առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանել պատասխանատվություն: Առաջին անգամ, երբ տեղեկատվությունը կլինի սխալ լրացված, դրան կհետեւի նախազգուշացումը: 1 ամսվա ընթացքում, եթե սխալը չուղղվի, ապա տուգանքը կկազմի 10 հազար դրամ: Երկրորդ անգամ, եթե 30 օրվա ընթացքում սխալը չուղղվի, ապա տուգանքը կկազմի նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափ:
Առաջարկվում է նաեւ օրենսգրքից հանել չգործող դրույթները:
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: