ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՏԵՑ ԵԶՐԱԳԻԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը։ Այն այս տարի տեղի ունեցավ ապրիլի 29-ից մայիսի 16-ը Երեւանում եւ Դիլիջանում։ 7-րդ անգամ կազմակերպվող փառատոնը կրում էր «Հայկական խճանկար» խորագիրը։ Այս տարվա արտիստներից էին Անդրիուս Հարությունյանը, Գաշիա Ուզունյանը, Հայկ Մելիքյանը, Ասոնանս անսամբլը, Երեւանի պետական կոնսերվատորիայի Բումերանգ անսամբլը եւ Երեւան լարային քառյակը։

«Մեծ ուրախությամբ եւ վստահությամբ կարող ենք արձանագրել, որ յոթերորդ փառատոնը հաջողությամբ կայացավ։ «Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որտեղ ներառվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր եւ նշանակալից գործեր։ Ընդ որում՝ դրանց զգալի մասն առաջին անգամ է կատարվում, այսինքն՝ փառատոնը բեմ է հանդիսանում դրանց հայաստանյան եւ համաշխարհային պրեմիերաների համար։ Փառատոնը մշտապես նպատակ ունի ապահովելու համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը եւ զարգացումը Հայաստանում։ Ուստի տարբեր տարիներին այն իր ծրագրում ներառում է մի շարք նոր ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ։
Հետամուտ լինելով մեր առաքելությանը՝ այս անգամ եւս հանրությանը ներկայացանք տարատեսակ հետաքրքիր համերգային ծրագրերով», – նշում են միջոցառման կազմակերպիչ «Քառորդ տոն» ՀԿ-ից։
Փառատոնի շրջանակներում այս տարի կազմակերպվեց վեց համերգ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստան դահլիճում, Դիլիջանի միջազգային դպրոցում եւ The Office-ում։
Փառատոնի բացման համերգին Ասոնանս անսամբլը ներկայացրեց Արամ Հովհաննիսյանի, Ալիսիա Թերզյանի, Արթուր Ահարոնյանի, Արսեն Բաբաջանյանի, Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյանի, Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները։
Երեւանի պետական կոնսերվատորիայի Բումերանգ անսամբլը կատարեց Միքայել Մելիք-Վարդանյանի, Լեւոն Պողոսյանի, Վահրամ Բաբայանի, Նարինե Մխիթարյանի, Ռալֆ Քյոշքերյանի, Արամ Սաթյանի, Գոռ Իսպիրյանի, Վաչե Շարաֆյանի գործերը։ Իսկ Դիլիջանի միջազգային դպրոցում (UWC Dilijan) Երեւանի պետական կոնսերվատորիայի Բումերանգ անսամբլը կատարեց Միքայել Մելիք-Վարդանյանի, Ռալֆ Քեոշքերյանի, Գոռ Իսպիրյանի, Լեւոն Պողոսյանի եւ Նարինե Մխիթարյանի գործերը։
Փառատոնի շրջանակում դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը կներկայացնի հեղինակային, ինչպես նաեւ Ալան Հովհաննեսի, Գեղունի Չթչյանի, Տիգրան Մանսուրյանի, Մարտուն Իսրայելյանի, Վարդան Աճեմյանի, Արթուր Ավանեսովի, Ռուբեն Անտոնյանի, Էլեն Յոլչյանի ստեղծագործությունները։
«Երեւան» լարային քառյակն էլ ներկայացրեց Սուրեն Զաքարյանի, Աննա Հակոբջյանյանի, Արփինե Կալինինայի, Միխայիլ Կոկժաեւի գործերը։
Փառատոնի եզրափակիչ համերգին միավորվեց էլեկտրոնային եւ դասական երաժշտությունը՝ Անդրիուս Հարությունյանի ղեկավարությամբ։ Հնչեցին Սերգեյ Ումրոյանի եւ Անդրիուս Հարությունյանի ստեղծագործությունները:
Վարպետության դասով հանդես եկավ երաժշտագետ, ձայնային տեսաբան Գաշիա Ուզունյանը։
Հավելենք, որ փառատոնի ծրագիրն ամեն տարի հնարավորություն է ստեղծում հայ երաժշտասեր հասարակության համար՝ մշտապես տեղեկացված լինելու արդի ժամանակակից դասական երաժշտության զարգացումներին եւ միտումներին, ինչպես նաեւ նպաստում է նոր ստեղծագործությունների ստեղծմանը։

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ՝ ՉԵԽԻԱՅՈՒՄ
Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում մայիսին երեք օր կանցկացվեն Հայ մշակույթի օրեր։ Մայիսի 24-26-ը Պրահայի տարբեր հատվածներում կանցկացվեն տարբեր միջոցառումներ։ Հայ ավանդական հագուստ, հայ ժամանակակից նկարիչների կտավներ, հայ ժողովրդական երգի համերգ. մշակութային օրերի ծրագիրն այսքանով չի սահմանափակվում։
«Հայկական տարազ եւ գեղանկարներ» խորագրով ցուցադրության ընթացքում մայիսի 25-26-ը Dum nոrodnostnվch menšin (Ազգային փոքրամասնությունների տուն) հանրությանը կներկայացվեն Տերյան մշակութային կենտրոնի նմուշները։ Բացի այդ, ArtInsigt հարթակի հետ համագործակցությամբ կներկայացվեն հայ նկարիչներ Հրաչյա Վարդանյանի, Կարեն Բարսեղյանի, Հարություն Կարապետյանի, Կարեն Պետրոսյանի, Գեւորգ Սարգսյանի (Ճալա/ Djala), Վահագն Համալբաշյանի, Լեւոն Ֆլջյանի, Գագիկ Չթչյանի, ինչպես նաեւ Մոկո Խաչատրյանի եւ Հրանտ Հարությունյանի նկարները։
Օրերի շրջանակում մայիսի 26-ին Պրահայի Հայ առաքելական եկեղեցում կկայանա համերգ, որին հանդես կգա սոպրանո Վարինե Մկրտչյանը։ Կանցկացվեն նաեւ դասախոսություններ հայ մշակույթի տարբեր տարրերի թեմաներով։ Մայիսի 25-ին Ֆրանսիական ինստիտուտի տարածքում կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»։
Տոնական միջոցառումները նախաձեռնել է հայ-չեխական ARM կազմակերպությունը, որն ակտիվ գործունեություն է իրականացնում հայ մշակույթը Չեխիայում տարածելու եւ առաջխաղացնելու ուղղությամբ։«Մեր երկրի համար այս դժվարին ժամանակներում մենք փորձում ենք մշակույթի միջոցով սեւեռել Եվրոպայի ուշադրությունը մեր երկրի վրա։ Այդ փաստը հաշվի առնելով՝ մենք որոշեցինք հանդես գալ հայ մշակույթը չեխ հանդիսատեսին ներկայացնելու նախաձեռնությամբ։ Արդեն իսկ հասցրել ենք իրականացնել մի շարք ծրագրեր։ Այժմ հերթը ավելի մասշտաբային՝ մշակույթի օրեր անցկացնելն է։ Այս օրերի ընթացքում մենք կներկայացնենք հայ մշակույթի ներկապնակի մի փոքր հատված միայն, որն անտարբեր չի թողնի արտերկրի հանդիսատեսին»,-նշում է հայ-չեխական ARM կազմակերպության հիմնադիր տնօրեն Բելլա Կնյազչյանը։

ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի եւ «Հովեր» պետական կամերային երգչախմբի համատեղ ջանքերով մայիսի 21-ին տեղի կունենա գեղանկարիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական տարվա միջոցառումների ամփոփումը։
Մայիսի 21-ին, 19։00-ին, Կամերային երաժշտության տանը «Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես կգա համերգով, որը կուղեկցվի նկարչի աշխատանքների ցուցադրությամբ (աշխատանքները՝ Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից): Ցուցահանդեսը կգործի մինչ հունիսի 6-ը։
Համերգային ծրագրում՝ Յ.Ս. Բախ, Կ.Մոնտեվերդի, Կ. Ջեզուալդո, Յ. Բրամս, Ա. Բրուքներ, Ֆ. Մենդելսոն, Ռ. Շուման, Հ. Վոլֆ եւ Ի.Ստրավինսկի։
Համերգը ղեկավարում է Սոնա Հովհաննիսյանը։

Ի՞ՆՉՊԵՍ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԿԱՐԻԵՐԱՆ ՄԲԱՊԵՆ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր ապագայի մասին։ 25-ամյա ֆուտբոլիստն ամռանը կհեռանա փարիզյան ակումբից։
«Իմ կարիերայի հաջորդ փուլը շատ գրավիչ կլինի։ Ես պատրաստվում եմ նոր բաներ բացահայտել ինձ համար, եւ դա ինձ կդարձնի երջանիկ։
Իմ հայրը ցանկանում էր, որ ես նախքան Լիգա-1-ից հեռանալն իմ անունը գրեմ Ֆրանսիայի առաջնության պատմության մեջ։ Դա երկար ճանապարհ էր։ Ուրախ եմ, որ անցա այն։
Շնորհակալ եմ ՊՍԺ-ի բոլոր ներկայացուցիչներին եւ նախագահին։ Կկարոտեմ։ Բայց ես հեռանում եմ հպարտությամբ իմ ցուցադրած խաղի համար»,- Մբապեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Սպասվում է, որ Մբապեն կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։ Այդ մասին պաշտոնական տեղեկություն դեռ չի եղել ֆուտբոլիստի կամ Արքայական ակումբի կողմից։

ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԸՆՏՐԱՆՈՒ ԱՆԴԱՄԸ՝ ՉԵՄՊԻՈՆ
Հայաստանի բասկետբոլի կանանց ազգային հավաքականի խաղացող Ինգա Մանուչարյանը դարձել Ղազախստանի ակումբային առաջնության հաղթող:
Հայաստանի կանանց ազգային հավաքականի խաղացող Ինգա Մանուչարյանը «Թուրանի» կազմում մասնակցել է Ղազախստանի կանանց առաջնության եզրափակիչ շարքի վերջին հանդիպմանը: «Թուրան»-ը 70:62 առավելության հասնելով «Ակտոբե»-ի նկատմամբ` դարձել է Ղազախստանի առաջնության չեմպիոն:
Մանուչարյանը վաստակել է 23 միավոր, 11 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին եւ կատարել 8 արդյունավետ փոխանցում:
Հայազգի բասկետբոլիստը նաեւ ընդգրկվել է առաջնության լավագույն խաղացողների հնգյակում:

ՈՉ-ՈՔԻ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Շարժայի շախմատային մրցաշարում:
ԱՄԷ-ում ընթացող 7th Sharjah Masters 2024 միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները:
Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած է 9 տուրից: Masters կարգի մրցաշարին մասնակցում է 88 շախմատիստ:




Լրահոս