ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխատաժողով՝ ՁՊՎ-ներում վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերի փաստաթղթավորման վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 5-ին տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման առնչությամբ աշխատաժողով, որին մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։

Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, քննարկման է ներկայացվել Ստամբուլյան արձանագրությանը համապատասխան փաստաթղթավորման գնահատման զեկույցը, այդ թվում՝ ձևանմուշը, որը դարձել է ինտենսիվ քննարկումների առարկա։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկերներին՝ համատեղ ուժերով հավակնոտ օրակարգ ձևավորելու համար։

Նա նշել է, որ ՆԳ նախարարության համար կարևոր նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ինստիտուցիոնալ լուծումների նախատեսումը՝ ընդգծելով, որ առավել կարևոր է նախապատվություն տալ ինստիտուտների կատարելագործմանը, քան իրավիճակային լուծումներին։

«Շատ հարթակներում մենք քննարկում ենք տարբեր վճիռների կատարման մասին, բայց ուզում եմ նորից շեշտել և առիթ ունեցել եմ բազմաթիվ քննարկումներում շեշտելու, որ մեր նպատակը ոչ թե պարզապես որևէ վճիռ կատարելն է, այլ գալ ի սկզբանե պետության կամարտահայտությունից, որովհետև Հայաստանի Հանրապետությունը տվյալ կամքն արտահայտել է ոչ թե որևէ միջազգային կազմակերպության մաս կազմելու համար կամ ստանձնելու որևէ պարտականություն, այլ ի սկզբանե պետության կամքը եղել է մարդու իրավունքների պաշտպանության համար ավելի բարձր երաշխիքներ նախատեսելը»,-նշել է Արփինե Սարգսյանը։

Փոխնախարարը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը չի սահմանափակվի միայն գնահատման շրջանակներում․ մասնավորապես՝ վերապատրաստումներ են ակնկալվում Ոստիկանության, շտապօգնության և Քննչական կոմիտեի անձնակազմի համար, ինչպես նաև կապահովվի նյութատեխնիկական համապատասխան հագեցվածություն։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն համագործակցության համար շնորհակալություն հայտնելով ՆԳ նախարարությանը՝ վերահաստատել է գործընթացին աջակցելու՝ Եվրոպայի խորհրդի հանձնառությունը:

«Մեր ուշադրության կենտրոնում են ձերբակալվածների պահման վայրերում ձերբակալվածների նկատմամբ վատ վերաբերմունքի փաստագրման մեխանիզմները․ մեզ համար մարդկանց իրավունքների պաշտպանությունը առաջնահերթություն է։ Վատ վերաբերմունքի դեպքերի բացահայտման և դրանց վերաբերյալ հաղորդումների ընդունման ստանդարտ ընթացակարգերի բացակայությունը կարող է ոտնահարել ձերբակալվածների պահման վայրերում գտնվող անձանց իրավունքները»,-ասել է Մաքսիմ Լոնգանգեն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջնականացնելու փատաթղթերը, ապահովելու հատատումը և դրանց հիման վրա վերապատրաստումների իրականացումը։

Աշխատաժողովն ընթացել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։

Միջոցառումը կազմակերպվել էր «Եվրոպայի խորհրդի՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակում։




Լրահոս