Իշխանությունները այրեցին ՀՅԴ-ի բոլոր կամուրջնե՞րը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից այսօր armlur.am լրատվականը հետաքրքրվեց` արդյոք  ՀՅԴ-ն կողմ է, որ  ապրիլի  28-ից առաջ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը  հանրահավաք անեն: ՀՅԴ խմբակցության  ղեկավարն ասաց, որ  իրենք այդ խնդիրները  քննարկում են: «Մենք որոշել ենք` քննարկելու ենք համատեղ  մեր միջոցառումները դարձյալ 4 ուժերով»,- ասաց    Ռուստամյանը:

-Իսկ մարտի 28-ին Րաֆֆի Հովհաննիսյանի  հանրահավաքին մասնակցելո՞ւ եք:

-Մենք մասնակցում ենք  համաձայնեցված  հանրաահավաքներին և քայլերին: Մենք  այդպիսի խնդիր չունենք:

-ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորների խումբ է ուղարկել Քեսաբ ` պարզելու տեղի իրավիճակը, սակայն ՀՅԴ-ի անդամներից ոչ մեկին չի ընդգրկել այդ խմբում: Չեք վիրավորվե՞լ:

-Վիրավորվելու խնդիրը չկա: Սա մեր իշխանության կարճատեսությունն  է: ՀՅԴ-ն ընդգրկվելու խնդիր չունի: ՀՅԴ-ը ընդգրկված  է: Մենք հատուկ էստեղի պատվիրակությամբ չպիտի էստեղից գնանք  էնտեղ: Սիրիայում  ներկա է ՀՅԴ-ի կառույցը, որը բավական ակտիվ է: Խնդիրը մոտեցման մեջ է: Սա առիթ էր, որ ցույց տանք, որ որքան էլ տարաձայնություններ ունենք, կան համազգային հարցեր, որ մենք միասնական ենք: Նման վիճակը նախ և առաջ իշխանություններին  էր ձեռնտու, որ ցույց տա` բոլոր կամուրջներն այրված չեն ոչ իշխանական դաշտի հետ:

-Բայց իշխանությունը  ցույց տվեց, որ փաստորեն այրված են բոլոր կամուրջները:

-Իրենք են իզուր տեղը դա ընդգծում,  որ իրենք հարց ունեն  առաջ ընկնելու, քաղաքական դիվիդենտներ շահելու, բայց դա հակառակ էֆֆեկտն է ցույց տալիս: Դա Սիրիայի իշխանությունների ու  սիրիահայերի համար շատ մեծ հնչեղություն կունենար, եթե բոլորն ընդգրկված լինեին պատվիրակության կազմում:

-Ինչպե՞ս եք գնահատում ԱԳ նախարարության արձագանքը Քեսաբի դեպքերի առնչությամբ: Արդյոք ուշացած չէր դա:

-Մենք ունենք դիվանագիտական  լուրջ աշխատանք անելու: Օրակարգի կարևոր կետերից մեկը դարձնել սիրիահայերի պաշտպանության հարցը: Բնականաբար Հայաստանը պետք է Սիրիայի իշխանությունների հետ աշխատի, քայլեր իրականացվի`  հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար:

-ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  ասում էր, որ չի կարելի միջամտել Սիրիայի  իշխանությունների ներքին գործերին, իսկ Դուք հիմա ասում եք` խոսենք Սիրիայի իշխանությունների հետ:

-Մենք չենք խառնվում ուրիշ երկրի ներքին գործերին, մենք  ապահովում ենք մեր հայրենակիցների անվտանգությունը, որը  միջազգային նորմերով թույլատրված է:

-Ի դեպ, պրն Ռուստամյան, քանի որ  արտաքին քաղաքական ոլորտը շոշափեցինք, ինչպես է իրեն զգում Գերմանիայում մեր դեսպան Վահան Հովհաննիսյանը: Հարմարվե՞լ է արդեն:

-Շատ նորմալ է իրեն զգում,  որևէ պրոբլեմ չկա:

-Հաշվի առնելով ` որ Գերմանիայում իշխում են պրոթուրքական տրամադրություններ, կհաջողվի՞ Վահան Հովհաննիսյանին պրոհայկական տրամադրություններ ստեղծել:

-Ճիշտ կլինի` իրենից ճշտեք: Ես այստեղ եմ, ինքը` Գերմանիայում:

Սոնա Դավթյան

 




Լրահոս