Արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի Հանրապետության տարածքում մի խումբ գերիներ են պահվում՝ այդ թվում և Արցախի Հանրապետության պետական պաշտոնյաններ:
Վերջին շրջանում հաճախ ենք լսում այնտեղ նրանց հանդեպ վատ վերաբերմունքի, խոշտանգումների մասին:
Շատ անգամներ է նշվել, որ այնտեղ պահվող ռազմագերիների և պետական պաշտոնյաների գործով դատական պրոցեսներ է ընթանում:
ArmLur.am-ի հետ զրույցում «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ հստակ դատի օր նշված չէ:
«Ազդարարել են միայն նախաքննության ավարտի մասին, մեղադրական եզրակացությամբ գործը ուղարկվել է դատարան, բայց որևէ տեղեկատվություն չկա դատարանի կողմից վարույթ ընդունելու, գործը քննող դատավորների և նիստի օրվա, ժամի վերաբերյալ: Այստեղ պետք է սպասենք հավելյալ տեղեկատվության»:
Հարցին, թե արդյոք որևէ երկիր կամ միջազգային կառույց արձագանքե՞լ է տվյալ իրավիճակին և ի՞նչ է արվում նրանց կողմից՝ պատասխանեց, որ Արտաքին գործերի նախարարությունը պետք է մեկնաբանի, թե ի՞նչ աշխատանք են տանում միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որոնք հավատարմագրված են Ադրբեջանում, և արդյոք վերջիներս դատավարությունների մոնիթորինգ իրականացնելու հարցում ցուցաբերել են հետաքրքրություն և այլն:
«Բայց կարող եմ ասել հասարակական կազմակերպությունները, այդ թվում և մեր կազմակերպությունը, որոշ իրավապաշտպան կազմակերպությունների հետ այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում: Մենք չենք բացառում միջազգային իրավապաշտպանական կառույցների կողմից դատավարությունների մոնիթորիգի իրականացումը: Այստեղ կարևոր է, որ Ադրբեջանը խոչընդոտներ չառաջացնի, այս կառույցները կարող են միայն ներպետական իշխանությունների համաձայնությամբ գործունեություն իրականացնեն, բայց եթե դիմումը ներկայացվի՝ մերժում կլինի, կարծում եմ սա ևս կարևոր ցուցիչ է»,-ասաց իրավապաշտպանը:
Էմմա Մարտիրոսյան