31 մլն դրամ տարեկան եկամուտ, հիփոթեքով ձեռք բերված 2 բնակարան․ ինչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել 2020 թվականի պատերազմից հետո՝ 2021 թվականի նոյեմբերի 15-ին։

Մինչ Պաշտպանության նախարար դառնալը՝ Սուրեն Պապիկյանը եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ապա ՀՀ փոխվարչապետ։

2018 թվականից «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է, նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։

Սուրեն Պապիկյանը, 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն, ունի 4 անշարժ գույք՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում միանձնյա սեփականությամբ, որը ձեռք է բերվել 2019 թվականին Արաբկիր վարչական շրջանում և 3 հողամաս համատեղ սեփականությամբ, որոնք գտնվում են Լոռու մարզի Լոռի Բերդ գյուղում և ձեռք է բերվել 2003 թվականին։

Նախարար Պապիկյանը որևէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 18,6 մլն դրամ, 10,4 հազար եվրո, 17,5 հազար դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 20 հազար դոլար, 10 հազար եվրո։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 31 մլն 101 հազար դրամ, որից 21 մլն 499 հազար դրամը նախարարի աշխատանքի վարձատրությունն է ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Սուրեն Պապիկյանը վարձակալության դիմաց ստացել է  7 մլն 805 հազար դրամ եկամուտ։

Նախարարի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 58 մլն 305 հազար դրամ, որից տեղեկանում ենք՝ Պապիկյանն ունի հիփոթեքով ձեռք բերված 2  բնակարան և 1 ավտոկայանատեղի։ Եկամուտներից էլ տեղեկանում ենք, որ Պապիկյանը ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 796 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է։

Սուրեն Պապիկյանը վարկերի մարմանն ուղղել է 17 մլն 253 հազար դրամ, անշարժ գույքի վերանորոգման համար տրամադրել է 5 մլն դրամ։

Էմմա Միքայելյան 

 




Լրահոս