Հայտնի է՝ երբ Երևանի մետրոպոլիտենն ամբողջությամբ կհրաժարվի ժետոններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը 2025 թվականի հունվարից ամբողջությամբ կանցնի նոր վճարային համակարգի և կհրաժարվի ժետոններից։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին մետրոյի մամուլի ծառայությունից։

«Առայժմ բոլոր կայարաններում մնացել է մեկ անցարգել, որը ժետոններ է ընդունում, և դրանք կգործեն այնքան ժամանակ, մինչև բնակչությունը ընտելանա նոր համակարգին»,– նշեց մետրոյի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը:

Մետրոպոլիտենն արդեն միացել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման միասնական համակարգին, և արդեն հնարավոր է ուղեվարձը վճարել ոչ թե ժետոններով, այլ հավելվածի կամ QR կոդերով կտրոնների միջոցով։ Մետրոպոլիտենի աշխատանքը սպասարկում է «Թել–Սել» ընկերությունը, որն արդեն տեղադրել է անհրաժեշտ սարքավորումները:

«Գանձապահները չեն կրճատվի, քանի որ նոր տեխնոլոգիաների կիրառումը հասանելի չէ բոլորին (տարեցներ, զբոսաշրջիկներ և այլն) և նրանց օգնության կարիքը կլինի»,– նշել է մամուլի քարտուղարը:

Ի սկզբանե հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման միասնական համակարգի գործարկումը նախատեսվում էր 2024 թ. սեպտեմբերի 1–ին, այնուհետև այն հետաձգվեց մինչև 2024 թ. հոկտեմբերի վերջ, նոյեմբերի սկիզբ: Այժմ քաղաքապետարանը որոշել է, որ ուղեվարձի վճարման նոր մեթոդը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1–ից։




Լրահոս