Անցել են արդեն այն ժամանակները, երբ ասում էին` մեր դեմ խաղ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով  ԱԺ-ում իշխանություն-ընդդիմություն  լարված հարաբերություններին, իշխանության հակադարձումներին, ասաց, որ դա նորմալ բնականոն գործընթաց է:

Պրն Վարդանյանի խոսքով` ՀՅԴ-ն  փաստարկված է ներկայացնում իր խնդիրներն ու մտահոգությունները, իսկ թե ինչպես են արձագանքում իշխանությունները, դա իրենց խնդիրն է:

-Օրինաչա՞փ եք համարում այն, որ արդեն կառավարության անդամները` նախարարներն են  խոսում ընդդիմությունից չվախենալու մասին, որոշակի ակնարկներ են անում քաղաքական որոշ ուժերի հասցեին:Մի տեսակ անհանգստություն կա կարծես թե իշխանության շրջանակներում:

-Գիտեք, երկրում ստեղծված իրավիճակը, սոցիալ-տնտեսական խնդիրներն այսպիսին են, որ  բոլորն են գիտակցում` ունենք լրջագույն խնդիրներ և պետք է դրանք լուծել: Անցել են արդեն այն ժամանակները, երբ ասում էին` մեր դեմ խաղ չկա: Հիշում եք` նման արտահայտություն կար նաև 1990-ականներին: Եթե սա դրա մի դրսևորումն է, ապա քաղաքական գործիչների խնդիրն է անցյալից դասեր քաղելը:  Կան ընդհանուր խնդիրներ, իրենք  պետք է պատրաստ լինեն աշխատանքի:

-Իշխանությունը հիմա պե՞տք է վախենա ընդդիմությունից, երբ չորս ոչ իշխանական ուժերը  միասնական են գործում:

-Մենք այսօր որոշ հարցերի շուրջ համագործակցում ենք, գնում ենք մեր ճանապարհով: Թե իշխանությունն ու կառավարությունն ինչպես կարձագանքեն, իրենց խնդիրն է:

-Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ իշխանությունը  եթե  հանկարծ հակադարձի ընդդիմությանը, Հայաստանում ընդդիմություն չի լինի…

-Նախ ասեմ, որ մենք հրաշալի քառյակ չենք: Մենք չորս խմբակվցություններ ենք  մեր տարբերություններով ու մոտեցումներով, որոնք  փորձում են արմատական բարեփոխումների հող նախապատրաստել: Մնացյալը խոսքեր են:

Կա տեսակետ, որ իշխանության հիմքերը թուլանում են:

-Եթե իշխանությունը մտածում է, որ իրենք հավերժ են, կթուլանա:

Սոնա Դավթյան

 




Լրահոս