Զավեշտալի հայտարարություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ՀՀ  բնական պաշարների և էներգետիկայի նախարարություն, որտեղ  արդեն  ձևավորված ավանդույթի համաձայն, հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով:

Անդրադառնալով էներգետիկ գործարքների հետ կապված հանրության շրջանում առկա դժգոհությանը ՝ Ս. Սարգսյանն ասել է. «Ցանկացած լավագույն որոշում  ընդամենը աշխատանքի կեսն է:  Մենք պետք է կարողանանք ընդունված  որոշման մասին գրագետ և ժամանակին բացատրություններ տալ, որպեսզի մարդիկ հասկանան որոշման կարևորությունը»:

Համաձայնեք, որ բացառիկ ցինիզմ պետք է ունենալ ՝  հատկապես էներգետիկ ոլորտում ընդունված որոշումների կապակցությամբ նման հայտարարություններ անելու համար: Այն դեպքում, երբ ոլորտը համակարգող Արմեն Մովսիսյանը տարիներ շարունակ նույն Սերժ Սարգսյանի անմիջական հրահանգով զբաղված է եղել  ՀՀ էներգետիկ հզորություններն  իրենց իրական արժեքից մի քանի անգամ ցածր գնով օտարելու  տարբեր մութ գործարքները թաքցնելով, նույն գազի հարցով հանրությանն ու քաղաքական ուժերին մոլորեցնելով և  անվերջ խուսանավելով,  նման հայտարարություններն ուղղակի զավեշտալի են:

Սերժ Սարգսյանը բերել է գազի սակագնի օրինակը ՝  նշելով,  որ հանրության շրջանում տարված բացատրական աշխատանքից հետո մարդիկ հասկացել են, որ ՀՀ-ում գազի գինն առաջիկա 5 տարում չի բարձրանալու: Մինչդեռ ընդամենը երկու օր առաջ ՌԴ-ում գազի սակագնի բարձրացման  հետևանքով Հայաստանում գազի գնի թանկացման մասին հարցին նույն Արմեն Մովսիսյանը  դարձյալ խուսափողական պատասխան տվեց:

Ս. Սարգսյանը նաև ասել է, թե ուրախ է,  որ գազի  հարցով ԱԺ-ում  ժամանակավոր  հանձնաժողով է ստեղծվել:

«Սա շատ լավ, լուրջ առիթ է,  որպեսզի մեկ անգամ ևս այս հարցերն ուսումնասիրվեն: Մենք թաքցնելու ոչ մի բան չունենք: Թող գնան ուսումնասիրեն, ներկայացնեն հանրությանը»:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ցանկանում էին ժամանակավոր հանձնաժողով ստեղծել նաև «Նաիրիտի հարցով», և անհասկանալի է, թե ինչու այդ դեպքում Սերժ Սարգսյանը նույնպիսի հ ուրախություն չդրսևորեց: Արդյոք ոչ այն պատճառով, որ «Նաիրիտ»-ի հարցում  թաքցնելու շատ բան կա:

Եվ վերջում ՝  կայացված որոշումները հանրությանը  գրագետ և ժամանակին ներկայացնելու  Սերժ Սարգսյանի  հորդորին ի պատասխան ՝ արժե հիշեցնել,  որ «Որոտանի հէկ-երի»   վաճառքի  կասկածահարույց գործարքի վերաբերյալ  «Ժողովուրդ»-ի  անցկացրած լրագրողական հետաքննության  բացահայտած  տվյալների շուրջ Աժ պատգամավորի հարցին ՀՀ կառավարությունը խուսափեց պատասխանել:

 




Լրահոս