2012թ. ապրիլի 25-ին Նոյեմբերյան քաղաքում, խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ, կողբեցի հաշմանդամ ազատամարտիկ, ընկնավորությամբ տառապող Վովա Երկնափեշյանը ցանկանում էր մոտենալ Սերժ Սարգսյանին և հայտնել իր ծանր վիճակի մասին:
Այդ ընթացքում Ս. Սարգսյանի անվտանգության ծառայության աշխատակիցը հրում էր հաշմանդամ ազատամարտիկին, նրան կարգադրում «հեռու քաշվել»:
Սակայն նախընտրական ելույթից հետո Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, կանգ առավ և զրուցեց Վովա Երկնափեշյանի հետ:
Մի քանի օր առաջ հանդիպեցինք Վովա Երկնափեշյանին և հարցրեցինք նրա առողջական վիճակի մասին: Նա ասաց, որ չնայած ինքը հիվանդություն է ձեռք բերել զինվորական ծառայության ընթացքում, մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ, սակայն ոչ թե զինվորական, այլ սովորական թոշակ է ստանում և տարիներ շարունակ չի կարողանում լուծել այդ խնդիրը:
Հաշմանդամության 2-րդ կարգ ունեցող Երկնափեշյանն ամսական ստանում է 17 հազար դրամ թոշակ, որն էլ ամբողջությամբ ծախսում է դեղերի վրա: Հաշմանդամ ազատամարտիկը տեղեկացրեց, որ իր կինը ներկայումս ուռուցքով հիվանդ է, սակայն բուժման ծախսերի համար փող չկա, իսկ որդին էլ հայրենիքի հեռավոր սահմանն է պաշտպանում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ